Թուրքիայի արտգործնախարարությունը կոչ է անում պաշտոնական Վաշինգտոնին՝ «նախագահ Էրդողանի դեմ մեղադրանքներ հնչեցնելու փոխարեն վերջ տալ քաղաքացիական բնակչության դեմ Իսրայելի հարձակումներին»։ Այս մասին նշված է Թուրքիայի ԱԳՆ այսօր տարածած հայտարարության մեջ, որով պաշտոնական Անկարան արձագանքում է Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտի վերջին հայտարարությանը։
Ամերիկյան դիվանագիտական գերատեսչությունը մեկնաբանել էր Թուրքիայի նախագահի՝ իսրայելա-պաղեստինյան հակամարտությանը վերաբերող վերջին հայտարարությունները՝ դրանք «հակասեմական» որակելով։
«Ամբողջությամբ ժխտում ենք մեր նախագահի հասցեին հնչեցված մեղադրանքները։ Կոչ ենք անում ամերիկյան վարչակազմին մեր առաջնորդների դեմ անհիմն ու անարդար մեղադրանքներ հնչեցնելու փոխարեն փորձել կանգնեցնել քաղաքացիական բնակչության դեմ Իսրայելի կողմից ձեռնարկվող հարձակումները», - նշված է Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարությունում։