Մատչելիության հղումներ

Ադրբեջանն ու Բելառուսը քննարկում են ռազմական համագործակցության ընդլայնման հնարավորությունները 


Ադրբեջանի պաշտպանության նախարարը վստահություն է հայտնել, որ Բելառուսի նախկին պաշտպանության նախարարի նշանակումը որպես Ադրբեջանում Բելառուսի դեսպան կխորացնի երկու երկրների միջև ռազմական համագործակցությունը։

Բելառուսի նորանշանակ դեսպան Անդրեյ Ռավկովին Զաքիր Հասանովը հանդիպել է երկուշաբթի օրը՝ նոր պաշտոնը ստանձնելուց երկու շաբաթ անց։ Նախկինում որպես պաշտպանական գերատեսչությունների ղեկավարներ հանդիպած Հասանովն ու Ռավկովը այս հանդիպման ընթացքում քննարկել են ադրբեջանա-բելառուսական ռազմական համագործակցության խորացման հնարավորությունները։

Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության համաձայն՝ Ռավկովը Հասանովին հայտնել է, որ Բելառուսը ևս հետաքրքրված է ռազմական ոլորտում երկկողմ հարաբերությունների ընդլայնմամբ և դրա համար անհրաժեշտ ներուժն առկա է։ Ընդգծվել է նաև երկու երկների պաշտպանական գերատեսչությունների հարաբերությունների զարգացման կարևորությունը։

Գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում ունեցող Անդրեյ Ռավկովը 2014 թվականից զբաղեցնում էր Բելառուսի պաշտպանության նախարարի պաշտոնը։ 2020 թվականի սկզբին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն նրան նշանակեց երկրի անվտանգության խորհրդի գլխավոր քարտուղար։ Նույն տարվա ավարտին Ռավկովը նշանակվեց Ադրբեջանում Բելառուսի դեսպանի պաշտոնում։

Երկու շաբաթ առաջ Ադրբեջանի նախագահին Բաքվում իր հավատարմագիրը հանձնելով՝ նորանշանակ դեսպանն Ալիևին փոխանցել էր Լուկաշենկոյի ողջույնները, ապա ընդգծել, որ Բելառուսը մշտապես հետևաղականորեն պաշտպանել է Ադրբեջանի ինքնավարությունն ու տարածքային ամբողջականությունը։

«Մենք մեծ խանդավառությամբ ընդունեցինք հրադադարի մասին լուրը և որ Ադրբեջանի վաղեմի տարածքները վերադարձվեցին Ադրբեջանի կազմ», - հայտարարել էր Ռավկովը։

Ալիևն, իր հերթին, կարևորել էր նաև երկու երկների միջև ռազմական համագործակցությունն՝ անվանելով այն հաջողված։ Ադրբեջանի նախագահը համոզմունք էր հայտնել, որ նորանշանակ դեսպանը կնպաստի այս բնագավառում հնարավորությունների հետագա զարգացմանը նույնպես։ «Եվ, իհարկե, միջազգային կազմակերպությունների շրջանակում մենք հետագայում ևս կաջակցենք միմյանց, ինչպես արել ենք նախկինում», - հավելել էր Ալիևը։

Խորհրդային Միությունից երկու երկրների անկախացումից ի վեր Բելառուսն Ադրբեջանի ռազմական մատակարարման առաջատարներից մեկն է։

ՀԱՊԿ շրջանակում Հայաստանի ռազմական դաշնակիցը հանդիսացող Բելառուսը, տնտեսականից բացի նաև ամուր ռազմական կապեր ունի Ադրբեջանի հետ։

Միջազգային բաց աղբյուրների համաձայն՝ 2017-2019 թվականներին Ադրբեջանը այդ երկրից բելառուսական արտադրության 10 «Պոլոնեզ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ է գնել։

Հայ-ադրբեջանական 44-օրյա պատերազմի ընթացքում հայկական կողմը բազմիցս մեղադրել է Ադրբեջանին՝ Շուշիի և Ստեփանակերտի ուղղությամբ «Պոլոնեզ» համակարգերը կիրառելով քաղաքացիական բնակչությանը թիրախավորելու մեջ։

Սեփական արտադրության «Պոլոնեզներից» բացի Բելառուսը նախորդ տասը տարում Ադրբեջանին նաև մեծ քանակությամբ T-72M1 տանկեր, «Գիացինտ-Բ», Դ-30 հաուբիցներ և Սու-25 գրոհիչներ, ինչպես նաև հակաօդային պաշտպանության միջոցներ է վաճառել։

Նախորդ տարի Բելառուսում կայացած աղմկահարույց նախագահական ընտրություններից հետո, որոնց արդյունքները չճանաչելու մասին բազմաթիվ արևմտյան պետություններ և միջազգային կազմակերպություններ են հայտարարել, Ալիևն առաջիններից էր, ով 26 տարի նախագահական պաշտոնը զբաղեցնող Լուկաշենկոյին շնորհավորել էր «համոզիչ հաղթանակի» կապակցությամբ։


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG