Մատչելիության հղումներ

Ռուսաստանն ու ՀԱՊԿ-ը շարունակում են խուսափել դաշնագրերով նախատեսված գործողություններից


Մեկ շաբաթ է ադրբեջանական զինուժը երեք ուղղություններով ներխուժել է Հայաստանի տարածք, սակայն Երևանի ռազմավարական դաշնակից համարվող Ռուսաստանն ու նրա առաջնորդած ռազմաքաղաքական դաշինքը՝ ՀԱՊԿ-ը շարունակում են խուսափել դաշնագրերով նախատեսված գործողություններից։

Այսօր հինգերորդ օրն է, ինչ Հայաստանի կառավարության ղեկավարի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ՀԱՊԿ-ին դիմելու մասին․ - «Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանին, պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանին, անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին հանձնարարում եմ՝ միջոցներ ձեռնարկել Հավաքական անվտանգության պայմանագրի 2-րդ հոդվածով նախատեսված խորհրդակցությունների մեկնարկի ուղղությամբ»։

Հաջորդ օրը՝ մայիսի 14-ին Փաշինյանը պաշտոնական նամակներով դիմեց դաշինքի անդամ մյուս պետությունների ղեկավարներին և ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի գործող նախագահ, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնին՝ առաջացած սպառնալիքի վերացման նպատակով արտակարգ խորհրդատվություններ անհապաղ սկսելու համար։ Սակայն դաշինքի մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը երեկ «Ազատության»-ը փոխանցեց, որ դեռևս հայտնի չէ, թե երբ են սկսվելու խորհրդատվություններն՝ առաջարկելով իր հետ կապվել այսօր կեսօրից հետո։

Ռազմա-քաղաքական հարցերով փորձագետ Արեգ Քոչինյանի խոսքով՝ օրեր շարունակ տևող Կրեմլի անգործությունը այլ բան, քան Ադրբեջանին աջակցող քայլ չես անվանի։ «Ինչպես է հնարավոր դարձել, որ տարածաշրջանում ռուսա խաղաղապահների առկայության պարագայում հակառակորդը համարձակություն է ունեցել բավարար երեք ստորաբաժանում տեղակայելու, ըստ էության, Հայաստանի ինքնիշխան տարածքում։ Ես սա գնահատում եմ թողտվության արդյունք, եթե չասենք թողտվության, ապա որոշակի հարցերում մոտեցումների համադրման արդյունք Ռուսաստանի և Ադրբեջանի», - ասաց փորձագետը։

Ըստ Քոչինյանի՝ ակնհայտ է, որ գործ ունենք «Զանգեզուրի միջանցքի» հարցում Հայաստանի դեմ իրականացվող ռուս-թուրք-ադրբեջանական համատեղ ճնշման հետ։

«Լավրովի՝ Բաքու կատարած այցի ժամանակ Բայրամով-Լավրով հարցազրույցի ժամանակ, Բայրամովն ասաց, որ Ռուսաստանի և Ադրբեջանի մեջ կա արդեն մոտեցումների համադրություն, թե ընդհուպ մինչև որտեղով պետք է անցնի այդ միջանցքը, և Լավրովն, ըստ էության, սա չհերքեց։ Հիմա էս ամեն ինչի մեջ, երբ որ մենք տեղավորում ենք ՀԱՊԿ-ի արձագանքը, ավելի ճիշտ դրա բացակայությունը, իրերը բավականին պարզ են դառնում», - նշեց ռազմա-քաղաքական հարցերով փորձագետը։

Հայաստանը ՀԱՊԿ-ին դիմել է «Հավաքական անվտանգության մասին» պայմանագրի 2-րդ հոդվածի հիման վրա, որը նախատեսում է համատեղ անհապաղ խորհրդատվություններ՝ կոորդինացնելու դաշինքի անդամ-երկրների դիրքորոշումները և միջոցներ ձեռնարկելու՝ դիմող պետությանն աջակցություն ցուցաբերելու համար։

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը դեռ մայիսի 14-ին «Ազատության» հետ զրույցում մանրամասնեց, թե դիմումից հետո ՀԱՊԿ-ում ինչ ընթացակարգ է նախատեսված․ - «Պարտադիրը դա մեկ օրվա ընթացքում մշտական խորհրդի նիստն է և երեք օրվա ընթացքում անվտանգության խորհրդի քարտուղարների, պաշտպանության նախարարների և արտգործնախարարների խորհրդակցությունն է սկսվում»։

ՀԱՊԿ-ին դիմելու մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից անցել է հինգ օր, սակայն դաշինքի անդամ-երկրների Անվտանգության խորհուրդների քարտուղարների և պաշտպանության ու արտաքին գործերի նախարարների խորհրդակցության մասին տեղեկություն չկա։

Ռուսաստանի հետ Հայաստանը կապված է նաև «Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին», ինչպես նաև՝ «Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսաստանյան ռազմակայանի մասին» դեռ 1997-ին ստորագրված պայամանագրերով։

Հայ-ռուսական փոխադարձ օգնության պայմանագրի 2-րդ հոդվածը նախատեսում է անհապաղ խորհրդատվություններ, երբ կողմերից մեկի նկատմամբ առաջացել է ռազմական ներխուժման սպառնալիք, իսկ 3-րդ հոդվածը ասում է՝ «Կողմերը համատեղ կձեռնարկեն իրենց հասանելի բոլոր միջոցները՝ վերացնելու խաղաղության նկատմամբ առաջացած սպառնալիքը, խաղաղության խախտումը, և հակազդելու՝ որևէ պետության կամ պետությունների խմբի կողմից իրենց դեմ ուղղված ագրեսիայի ակտերին, և միմյանց կցուցաբերեն անհրաժեշտ աջակցություն՝ ներառյալ ռազմական»։

2010-ին թարմացված ռուսաստանյան ռազմակայանի մասին պայմանագրի 3-րդ հոդվածում նշված է՝ «Ռուսաստանյան ռազմակայանը՝ Հայաստանի Հանրապետության տարածքում տեղակայման ընթացքում, Ռուսաստանի Դաշնության շահերի պաշտպանության գործառույթից բացի, Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի հետ համատեղ ապահովում է Հայաստանի Հանրապետության անվտանգությունը»։

Անցած տարվա հոկտեմբերի 7-ին՝ 44-օրյա պատերազմի ժամանակ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրապարակավ վերահաստատեց Ռուսաստանի պարտավորությունն աջակցել Հայաստանին, եթե այն ենթարկվի ռազմական հարձակման։

Արեգ Քոչինյանի կարծիքով՝ Ռուսաստանի և ՀԱՊԿ-ի փաստացի անգործությունը բավարար հիմք է Հայաստանի համար՝ ռազմական օգնության խնդրանքով դիմելու արևմտյան տերություններին՝ հիշեցնելով, որ Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը ռազմական աջակցություն է խոստացել Հայաստանին։

«Դա մեր ձեռքերը բավականին ազատում է, որպեսզի հենց, այո, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ձևաչափով մենք կարողանանք դիմել՝ այլ աջակցություն ստանալու համար, և այստեղ, ըստ իս, շատ կարևոր է նշել, որ իրավիճակը կայունացնող և այս իրավիճակում Ադրբեջանին զսպող ազդեցություն ունեցավ մասնավորապես Ֆրանսիայի նախագահի ելույթը, Միացյալ Նահանգների պետքարտուղարի և Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարի հեռախոսազրույցը, որտեղ բավականին հասցեական գնահատականներ տրվեցին Ադրբեջանի գործունեությանը», - ասաց փորձագետը։

XS
SM
MD
LG