Մատչելիության հղումներ

Իսրայելա-պաղեստինյան հակամարտությունը չի դադարում․ զոհերի թիվն աճում է


Իսրայելի և պաղեստինյան Գազայի հատվածի միջև արդեն 6-րդ օրն է շարունակվում են մահաբեր հրթիռակոծությունները, ավիահարվածներն ու ներքին բախումները։ Այսօր ևս իսրայելական օդուժը հարվածել է պաղեստինյան «Համաս» ռազմականացված խմբավորման թիրախներին։

Գազայի հատվածի բժշկական ծառայությունների պաշտոնյաների փոխանցմամբ՝ մայիսի 10-ից ի վեր իսրայելական հարվածներից արդեն 132 մարդ է զոհվել, այդ թվում՝ 32 երեխա և 21 կին, մոտավորապես 950 մարդ վիրավորվել է։

«Համաս»-ի հրթիռակոծությունների հետևանքով Իսրայելում 9 մարդ է զոհվել, այդ թվում՝ վեց քաղաքացիական անձ՝ ներառյալ երկու երեխա։ Այսօր առավոտյան հրթիռներից մեկն ընկել է Բերր Շևա քաղաքի բնակելի տան տանիքին, տուժածներ չկան։

Իսրայելի ներսում բախումներ են տեղի ունենում հրեա և արաբ խառը բնակչություն ունեցող քաղաքներում։ Անկարգությունները սկսվում են հատկապես գիշերային ժամերին։ Անցած գիշերը Թել Ավիվին մոտ գտնվող Լոդ քաղաքում ոստիկանությունը մեկ տասնյակից ավելի մարդ է ձերբակալել։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ այդ քաղաքում բախումների հետևանքով երկու մարդ էր սպանվել, հրկիզվել էր սինագոգը։ Ոստիկանությունը ձերբակալություններ է կատարել նաև այլ քաղաքներում։ Իսրայելի նախագահը զգուշացրել է քաղաքացիական պատերազմի վտանգի մասին։

Չնայած կրակը դադարեցնելու միջազգային հանրության կոչերին, միջնորդական առաջարկներին, կողմերից ոչ մեկը չի նահանջում, բռնությունները շարունակվում են։

XS
SM
MD
LG