Գործադիրը նախատեսում է հաջորդ տարվանից մինչև 2025 թվականը բարձրացնել գիտաշխատողների աշխատավարձը: Կառավարության վերջին նիստում կրթության նախարարի պաշտոնակատարը տեղեկացրեց, որ կսահմանվի գիտաշխատողների և գիտական ղեկավար պաշտոններ զբաղեցնողների նորմավորման սանդղակ:
Տարբեր ոլորտների մասնագետների, գիտնականների, գործարարների միավորող ու գիտության զարգացմանն աջակցելու նպատակով «Գիտուժ» նախաձեռնության անդամ Տիգրան Շահվերդյանն աշխատավարձերի բարձրացումը կարևոր քայլ է համարում, բայց նաև հարցնում է՝ ինչո՞ւ աստիճանաբար և ինչո՞ւ մինչև 2025 թվականը:
«Գիտուժի» ներկայացուցիչը նկատում է՝ գիտնականների 40 տոկոսն այսօր 65 տարեկանից մեծ է, և գիտական արդյունքը հիմնականում նրանք են ապահովում: «Ազատության» զրուցակիցը հարցնում է՝ այս տարիքային խմբի գիտնականները ևս չորս տարի պետք է սպասե՞ն: Շահվերդյանի խոսքով՝ գիտության ոլորտի ֆինանսավորումը առաջխաղացման տանող շատ կարևոր քայլ է, բայց ոչ ռազմավարական:
«Պետք է շատ շտապ սկսել ռազմավարության մշակում՝ թե իրականում որ ուղղություններով և ինչպես ենք զարգացնելու: Շատ կարևոր է այդ մեխանիզմի ամրագրումը, որը մենք բազմիցս խոսեցինք, որ բարձր մակարդակի ամրագրում պիտի լինի՝ օրենքի կամ նմանատիպ մակարդակի, բայց, ցավոք սրտի, այդ հարցերը չեն քննարկվում, տվում են ինչ-որ տեղային լուծումներ», - ասաց Տիգրան Շահվերդյանը:
Եթե գլխավոր գիտաշխատողի միջին աշխատավարձն այսօր 138 հազար դրամ է, ապա մյուս տարի նա կստանա 367 հազար, իսկ արդեն 2025 թվականին՝ 553 հազար դրամ, կառավարության նիստում հայտարարել է կրթություն, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը:
«Այժմ գիտաշխատողի ամսական միջին աշխատավարձը կազմում է 90 հազար 400 դրամ: Այս առաջարկի ընդունումից հետո 2025 թվականին 90 հազար 400 դրամը կդառնա 276 հազար դրամ: Գիտական ստորաբաժանման ղեկավարի աշխատավարձը այսօր կազմում է 141 հազար 400 դրամ և 2025 թվականին կկազմի 477 հազար 200 դրամ», - ներկայացրեց նախարարի պաշտոնակատարը:
Վահրամ Դումանյանը մինչև 2025 թվականը տարեց տարի ավելացող ֆինանսավորման այս տեմպը բացառիկ թռիչքաձև փոփոխություն է որակում գիտության ոլորտում. «Նման թռիչքաձև փոփոխություն ես չեմ հիշում, որ երբևէ եղած լինի նախկինում»:
Փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի խոսքով էլ՝ նախագիծը մշակվել է Գիտության պետական կոմիտեի հետ համատեղ: Ավինյանն ասաց՝ գիտաշխատողների բազային աշխատավարձերը 2010 թվականից չեն փոխվել. «Մենք մոտավորապես հաջորդ տարվանից, փաստացի, կրկնապատկում ենք բազային աշխատավարձերի չափաքանակը՝ այսօրվա 4 միլիարդի փոխարեն մոտավորապես 7,7-7,8 միլիարդ դրամ է լինելու և 2025 թվականին 4 միլիարդը դառնալու է 14,4 միլիարդ դրամ»:
փոխվարչապետի պաշտոնակատարը հիշեցրեց՝ գիտության ոլորտում նույնպես ծրագրային ֆինանսավորում է արվել: Ֆեյսբուքում շուրջ 20 հազար անդամ ունեցող «Գիտուժ» նախաձեռնության ներկայացուցչի խոսքով՝ տարբեր ծրարով պետք է արագ ապահովվի երիտասարդ գիտնականների ներհոսքը և ոչ միայն: Նա որպես օրինակ հիշեցրեց գերազանցության կենտրոններ ստեղծելու Սինգապուրի փորձը:
«Կառավարությունը 2,7 միլիարդ դրամ հավելյալ հատկացրել է Գիտպետկոմի ծրագրային ֆինանսավորման ավելացման համար, և արդեն իսկ մեկնարկել են 5-ամյա ծրագրեր այդ ֆինանսավորմամբ և նաև այդ ֆինանսավորմամբ որոշ լաբորատոր սարքավորումներ են ձեռքբերվում», - նշեց Տիգրան Շահվերդյանը:
Նախատեսվում է գիտաշխատողների աշխատավարձերը բարձրացնել ոչ թե ըստ հաստիքացուցակի, այլ ըստ որոշակի որակական չափանիշների: Այսինքն՝ գիտաշխատողն աշխատավարձի բարձրացման սանդղակին հասնելու համար պետք է ատեստավորում անցնի: Կրթության և գիտության ոլորտի պատասխանատուները վստահեցնում են՝ ատեստավորման պահանջներն ավելի են հստակեցվել: