Մատչելիության հղումներ

«Գործ ունենք ծավալուն ռազմական բախում հրահրելու հետ», հայտարարում է Փաշինյանը


Սա լոկալ ակցիա չէ, մի բլուրի, մի լեռան կամ ինչ-որ կոորդինատի վերաբերյալ, և սա հիմնավորող մի քանի փաստարկներ կան, այսօր խորհրդարանի արտահերթ նիստում հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը` խոսելով Սյունիքում տիրող իրավիճակի մասին:

«Խորհրդային Միության ժամանակ հաստատված քարտեզները միանշանակ են դարձնում, որ Ադրբեջանի պնդումները որևէ հիմք չունեն, ինչի մասին գիտենք հենց ադրբեջանցիները: Իրենք գիտեն, որ Ադրբեջանի տարածքում չեն գտնվում: Կարևոր է արձանագրել, որ սադրանքների մեկնարկի օրը` մայիսի 16-ին, Ադրբեջանը հայտարարեց 15 հազար զինծառայողների մասնակցությամբ լայնածավալ զորավարժություններ անցկացնելու վերաբերյալ: Սա չէր կարող ուղղակի պատահականություն լիներ», - ասաց Հայաստանի ղեկավարը:

Նա հիշեցրեց նաև ապրիլի վերջին Իլհամ Ալիևի հայտարարությունը. «Հայաստանի տարածքային ամբողջական նկատմամբ բացահայտ սպառնալիքներով հանդես եկավ` ասելով, որ ուժի գործադրմամբ միջանցք կբացի Ադրբեջանի և Նախիջևանի միջև, ինչպես ինքն է հորջորջում, Զանգեզուրի միջանցքի տեսքով»:

Բացի այդ, ինչպես նկատեց Փաշինյանը, Սև լիճը, դեպի ուր էլ առաջխաղացել էին ադրբեջանական զինուժի ներկայացուցիչները, գտնվում է Հայաստանի Հանրապետության հարավային հատվածի ամենանեղ հատվածում. «Մեր վերլուծությունը ցույց է տվել, որ այստեղ ըստ ամենայնի գործ ունենք ծավալուն ռազմական բախում հրահրելու հետ, որոշում է կայացվել ոչ թե լոկալ գործողությունների դիմել, այլ գործարկել ռազմաքաղաքական անվտանգության մեխանիզմը», - նշեց վարչապետի պաշտոնակատարը` հայտնելով նաև, որ այսօր այս ուղղությամբ բանակցություններն ընդհատվել են և կշարունակվեն վաղը` 15:00-ին: Բանակցություններին միացել է նաև ռուսական 102-րդ ռազմաբազայի ներկայացուցիչը` իրենց աշխատանքային քարտեզներով, և Փաշինյանի խոսքով` նրանց ու հայկական կողմի քարտեզներն ապացուցում են դարձնում սահմանի և սահմանային գծերի ու կոորդինատների վերաբերյալ հայկական կողմի պնդումները:

Երեկ` օրվա ավարտին հայտնի դարձավ, որ մայիսի 12-ից սկսած ադրբեջանական զինուժը առնվազն երեք ուղղություններով ներխուժել է Հայաստանի Հանրապետության տարածք և փաստացի ամրացել մի քանի կիլոմետր խորության վրա։ Ադրբեջանի հետ սահմանին ստեղծված իրավիճակի առնչությամբ Հայաստանը պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ-ին, իսկ այսօր առավոտյան էլ Նիկոլ Փաշինյանը նաև դիմել է Ռուսաստանի նախագահին` հայ-ռուսական պայմանագրին համապատասխան օգնություն տրամադրելու հարցով, այդ թվում` ռազմական օգնության:

Այսօրվա ելույթում վարչապետի պաշտոնակատարն ասաց նաև, որ Ֆրանսիայի նախագահ Մակրոնը հայտնել է, որ Ֆրանսիան, ըստ անհրաժեշտության, պատրաստ է նաև ռազմական աջակցություն ցուցաբերել հարցի կարգավորման միջազգային ջանքերին:

Ինչ վերաբերում է սահմանզատումներին, նա շեշտեց. «Դեմարկացիա և դելիմիտացիա տեղի է ունենում այն պայմաններում, երբ երկրների միջև կան դիվանագիտական հարաբերություններ: Բայց հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ իհարկե սահմանային որոշակի կետերի ճշգրտման գործընթացում, ես ասել եմ այդ մասին Ռուսաստանի մեր գործընկերներին, մենք, իհարկե պատրաստ ենք, որովհետև հիմա մենք այդպիսի անհրաժեշտության առաջ կանգնած ենք, որպեսզի տեղանքում տեսնենք, թե մեր սահմանը որտեղով է անցնում, և ինչ կետեր կան, ով ինչ կետեր կարող է զբաղեցնել: Ընդհանրապես մեր պատկերացումն այն է, որ երկու կողմից սահմանի պահպանություն իրականացնեն սահմանապահ զորքերը, և զինված ուժերի ստորաբաժանումները տեղափոխվեն մշտական տեղակայման վայրեր: Մենք պատրաստ ենք այսպիսի լուծման»:

XS
SM
MD
LG