Մատչելիության հղումներ

Բաքվի մեկնաբանությունները հայ-ադրբեջանական սահմանային լարվածության վերաբերյալ


Երեկ երեկոյան Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հանդես եկավ հայտարարությամբ, որտեղ նշված է, թե 2020-ի նոյեմբերի 10-ի հայտարարության համաձայն, երբ «ազատվել են Քելբաջարի և Լաչինի շրջանները, եղանակային պայմանների բարելավումից հետո ադրբեջանական սահմանապահ զորքերը տեղակայվում են իրենց երկրի տարածքի դիրքերում», որոնք լեռնային բարդ ռելիեֆ ու կլիմայական պայմաններ ունեն։ Բաքուն պնդում է, թե «սահմանապահների տեղակայումը կատարվում է Ադրբեջանի ու Հայաստանի սահմանագիծը որոշող քարտեզների հիման վրա»։

Միաժամանակ Ադրբեջանի արտգործնախարարությունը նշում է, որ անկախությունից հետո երկու երկրների միջև հայտնի պատճառներով պետական սահման գոյություն չուներ, «այդ պատճառով հիմա խոսքը վերաբերում է տեխնիկական բարդ գործընթացին, որը ուղեկցվում է կողմերի տարաձայնություններով»։

«Մայիսի 12-ից Ադրբեջանի սահմանապահ ծառայության ղեկավարությունն ուղարկվել է բանակցությունների հակառակ կողմի հետ, և ձեռնարկվում են համապատասխան քայլեր` իրավիճակը նորմալացնելու համար»։ Բաքուն զարմանք է հայտնել, որ այդ գործընթացներին հայկական կողմը, ադեկվատ չարձագանքելով, հանդես է գալիս սադրիչ հայտարարություններով. «Գտնում ենք, որ անթույլատրելի են պաշտոնական շրջանակների կողմից այդ հարցի քաղաքական նպատակներով օգտագործելու փորձերը` կապված Հայաստանի նախընտրական իրավիճակի հետ։

Հայաստանի ռազմա-քաղաքական շրջանակներին խորհուրդ ենք տալիս խուճապի մեջ չընկնել, ընդունել միջպետական սահմանների ռեժիմի իրականությունը Ադրբեջանի, Զանգելանի, Կուբաթլիի, Լաչինի ու Քելբաջարի շրջանների երկայնքով և անհիմն չսրել իրավիճակը տարածաշրջանում։ Այդպիսի իրավիճակները կարող են և պետք է լուծվեն երկու կողմերի զինվորականների միջև քննարկումների և փոխադարձ շփումների միջոցով»,- նշված է Ադրբեջանի արտգործնախարարության հայտարարությունում, որը նաև Ադրբեջանի հանձնառությունն է հայտնել տվյալ շրջանում թուլացնել լարվածությունը և կոչ է արել համապատասխան քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ։

Այսօր համառոտ մեկնաբանությամբ հանդես է եկել Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը` հայտարարելով, թե «Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը վերականգնելուց հետո Հայաստանի հետ սահմանին ստեղծվում են սահմանային պաշտպանության և անվտանգության անհրաժեշտ ենթակառույցներ»։ Արտաքին գործերի նախարարությունը պաշտոնական դիրքորոշում է ներկայացրել այդ ուղղությամբ։ «Այժմ քննարկումներ են տեղի ունենում ադրբեջանական և հայկական սահմանապահ ծառայությունների ներկայացուցիչների մասնակցությամբ»,- այսօր հաղորդել է երկրի պետական սահմանապահ ծառայությունը։

Փորձագիտական մակարդակում Ադրբեջանի նախկին արտգործնախարար Թոֆիկ Զուլֆուգարովը «Թուրանին» ասել է` Ադրբեջանը պետք է վարվի ճիշտ այնպես, ինչպես հայերն իրենց պահել են 30 տարիների ընթացքում, պետք է տանել այդ նույն քաղաքականությունը։ Հայաստանի կողմից ՀԱՊԿ-ին դիմելու կապակցությամբ Զուլֆուգարովն ասել է, թե այդ խնդրանքներին ոչ մեկն ուշադրություն չի դարձնի։ «Հայաստանը Ադրբեջանի տարածքում զորք է պահում», - ասել է նա` նկատի ունենալով Ղարաբաղը, և հավելել. «Չի կարող մեզանից պահանջել Սև շճի ափերից դուրս հանել մեր զինվորներին»։

Միլի Մեջլիսի պատգամավոր Ռասիմ Մուսաբեկովը նույն միտքն է կրկնել` ասելով, թե «Հայաստանն իր զորքերը պահելով Ադրբեջանի տարածքում, Ադրբեջանին չպետք է մեղադրի իր տան օկուպացնելու մեջ»։ Մուսաբեկովի կարծիքով` Սև լճի տարածքի պատճառով նոր պատերազմ չի լինի, որովհետև Հայաստանը հնավորություններ չունի պատերազմելու Ադրբեջանի դեմ, բայց կարող են լինել փոքր ընդհարումներ։

Հայ-ադրբեջանական սահմանին լարված իրավիճակի ֆոնին` Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն այսօր այցելել է ղարաբաղյան պատերազմից հետո Ադրբեջանի վերահսկողությանն անցած տարածքներից մեկում տեղակայված հակաօդային պաշտպանության զորամաս։ Հասանովը հանձնարարականներ է տվել` բարձր մակարդակի վրա պահել մարտական պատրաստվածությունը, օդային տարածքի առավել մեծ պաշտպանություն ապահովել ու արդյունավետ կազմակերպել մարտական հերթապահությունը, հարղդում է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը:

XS
SM
MD
LG