Մատչելիության հղումներ

Արա Այվազյանը ԵԱՀԿ գործող նախագահին ներկայացրել է ՀՀ սահմանամերձ տարածքում տիրող իրավիճակը


Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի ԱԳ նախարար Անն Լինդեի հետ: Զրույցի առանցքային թեման ՀՀ սահմանամերձ տարածքում տիրող իրավիճակն էր, հաղորդում է ԱԳՆ-ն:

Նախարարի պաշտոնակատար Այվազյանն իր գործընկերոջը ներկայացրել է Ադրբեջանի զինված ուժերի գործողությունների արդյունքում Հայաստանի Սյունիքի մարզում ստեղծված իրավիճակը` անթույլատրելի համարելով միջազգային իրավունքի խախտմամբ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ ոտնձգության փորձերը:

ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատարը և ԵԱՀԿ Գործող նախագահը համակարծիք էին, որ նմանատիպ գործողությունները լուրջ մարտահրավեր են տարածաշրջանային անվտանգությանը և խաղաղությանը: Այս համատեքստում ԱԳ նախարարի պաշտոնակատարը նշել է, որ ԵԱՀԿ մասնակից պետության տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ Ադրբեջանի գործողությունները, դրանց նախորդած սպառնալիքներն ուղղակիորեն հետևանք են արցախյան պատերազմի և դրան հաջորդած շրջանում Ադրբեջանի ծայրաստիճան ագրեսիվ գործելակերպի հանդեպ միջազգային հանրության ոչ պատշաճ արձագանքի:

XS
SM
MD
LG