Սյունիքում ստեղծված իրավիճակը նախագահ Արմեն Սարգսյանը գնահատում է չափազանց մտահոգիչ և կարևոր է համարում շուտափույթ հանգուցալուծումը:
«Հրատապ և անհետաձգելի է անհրաժեշտ բոլոր միջոցների ձեռնարկումը՝ անվերապահորեն պաշտպանելու Հայաստանի Հանրապետության, ՀՀ քաղաքացու շահերը և անվտանգությունը:
Նախագահի դիրքորոշումն է, որ երկրի անվտանգությունն ու սահմանների անձեռնմխելիությունը սակարկելի չեն, դրանց նկատմամբ ցանկացած ոտնձգություն դատապարտելի է և պետք է արժանանա հստակ ու կտրուկ հակազդեցության, ինչպես նաև միջազգային արձագանքի: Իրավիճակի հետագա սրման, տարածաշրջանի առանց այն էլ զգայուն իրադրության խաթարման ողջ պատասխանատվությունը կրում է ադրբեջանական կողմը», - ասված է նախագահի աշխատակազմի հայտարարության մեջ:
Քիչ առաջ Պաշտպանության նախարարությունը հաղորդեց, որ ադրբեջանական զինված ուժերն այսօր կրկին՝ «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, հերթական սադրանքն են իրականացրել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ՝ փորձելով դիրքային առաջխաղացում ապահովել Վարդենիսի և Սիսիանի սահմանային հատվածներում: Իսկ երեկ ուշ երեկոյան վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը պաշտոնապես հաստատեց՝ Ադրբեջանի զինված ուժերը հատել են Հայաստանի պետական սահմանը և խորացել մինչև 3,5 կիլոմետր՝ Սյունիքի Սև լճի հարակից տարածքում։ Հաղորդվում էր, որ բանակցություններ էին ընթանում այդ հատվածում: