Մատչելիության հղումներ

Պետական դավաճանության համար 15-20 տարվա ազատազրկում, կամ՝ ցմահ․ ԱԺ-ն ընդունեց ԲՀԿ-ի օրինագիծը


Ազգային ժողովի այսօր միաձայն (112 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ) երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ընդդիմադիր «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ներկայացրած օրենքի նախագիծը։

Այսպիսով՝ պետական դավաճանության համար սահմանվեց 15-20 տարվա ազատազրկում՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա, կամ ցմահ, իսկ լրտեսության համար 12-20 տարվա ազատազրկում։

ԲՀԿ-ն առաջարկել էր պետական դավաճանության համար՝ ամենախիստ պատիժը՝ ցմահ ազատազրկում, իսկ լրտեսության համար՝ 12-20 տարվա ազատազրկում։

Օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

Նշենք, որ գործող օրենքները պետական դավաճանության համար սահմանում էին 10-ից 15 տարի ազատազրկում՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա, իսկ լրտեսության համար 8-ից 15 տարվա ազատազրկում։

Հիմնավորման մեջ ընդդիմադիր խմբակցությունը նշել էր, որ «2020թ սեպտեմբերի 27-ից սկսած՝ Ադրբեջանի կողմից Թուրքիայի ռազմաքաղաքական աջակցությամբ Արցախի Հանրապետության նկատմամբ սանձազերծված լայնածավալ ռազմական ագրեսիայի արդյունքում ի հայտ եկան պետական դավաճանության կամ լրտեսության դեպքեր՝ ի ցույց դնելով իրավական կարգավորումներում առկա բացերը: Վերոնշյալ դեպքերը ցույց են տալիս, որ ներկայիս կարգավորումները չեն կանխարգելում պետական դավաճանության կամ լրտեսության իրականացումը, այդ իսկ պատճառով անհրաժեշտություն է առաջանում որպես կանխարգելող գործոն սահմանել ՀՀ քրեական օրենսգրքով սահմանված խիստ պատժի չափը՝ քսան տարի ազատազրկում կամ ցմահ ազատազրկում»:

ԲՀԿ-ն ակնկալում էր, որ նախագծի ընդունման արդյունքում Հայաստանի անվտանգությունը և ինքնիշխանությունը վտանգի ենթարկող մի շարք հանցագործությունների դեպքում կնախատեսվեն առավել խիստ և համաչափ պատիժներ՝ ստեղծելով անհրաժեշտ նախադրյալներ նման ծանրագույն վնաս հասնցնող դեպքերը կանխելու և զգոնությունը բարձրացնելու համար։

XS
SM
MD
LG