Մատչելիության հղումներ

ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի եզրափակիչ հանդիպման վայրը նորից կարող է փոխվել


ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի գավաթը, արխիվ
ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի գավաթը, արխիվ

ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի եզրափակիչ հանդիպման վայրը կարող է նորից փոխվել:

Եզրափակիչը նախատեսված էր մայիսի 29-ին Ստամբուլում, սակայն հաշվի առնելով Թուրքիայում կորոնավիրուսի համավարակի հետ կապված ճգնաժամը՝ ՈւԵՖԱ-ն որոշել է «Մանչեստեր Սիթի» - «Չելսի» խաղը տեղափոխել Լոնդոն՝ «Ուեմբլի» մարզադաշտ:

Սակայն այսօր էլ հաղորդվել է Անգլիայում խաղի կազմակերպման հետ կապված խնդիրների մասին:

Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ, եզրափակիչը լուսաբանող լրագրողների, պաշտոնական պատվիրակությունների և տեխնիկական աշխատակիցների ներկայությունն «Ուեմբլի» մարզադաշտում ապահովելու համար անհրաժեշտ են կարանտինի առումով բացառություններ, որոնք մինչև մայիսի 29-ը գրեթե անհնարին կլինի համաձայնեցնել:

Այս իրավիճակում ՈւԵՖԱ-ն քննարկում է եզրափակիչը Պորտուգալիայում՝ Պորտո քաղաքի մարզադաշտում անցկացնելու տարբերակը:

Դեռ անցյալ տարի Ստամբուլում պետք է տեղի ունենար ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի 2019-20 թվականների մրցաշրջանի եզրափակիչը, սակայն կորոնավիրուսի համավարակի հանգամանքով խաղն անցկացվել է Լիսաբոնում:

Այս տարի Պորտուգալիայի իշխանությունները նկատել են տվել, որ եթե ՈւԵՖԱ-ն վերստին պորտուգալացիներին վստահի խաղի անցկացումն, ապա Լիսաբոնի փոխարեն գերադասելի է ընտրել Պորտոն:

XS
SM
MD
LG