Մատչելիության հղումներ

Ուղղորդված արշավներ ու հարձակումներ են Մարդու իրավունքների պաշտպանի նկատմամբ, հայտարարում է Թաթոյանը


Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի խոսքով` խորհրդարանում տարեկան հաշվետվության ժամանակ «Իմ քայլի» պատգամավոր Մարիա Կարապետյանի ելույթը ներկայացվեց կառավարող խմբակցության անունից, իսկ դա, ըստ նրա, նշանակում է, հավաքական դիրքորոշում է: Արման Թաթոյանը դա որակում է մանիպուլյատիվ ելույթ, ասում է` նպատակ էր հետապնդում նսեմացնել Հայաստանի ՄԻ պաշտպանի հեղինակությունն ու դերը, ինչպես նաև կատարված աշխատանքը:

ՄԻՊ-ն Ազգային ժողովում մայիսի 6-ին ներկայացրեց իր գրասենյակի գործունեության տարեկան զեկույցը։ Նրան հարցեր ուղղած պատգամավորներից շատերը երախտիքի խոսքեր էին հայտնում միջազգային հարթակներում կատարած աշխատանքի համար։ Օմբուդսմենին շնորհակալություն հայտնեց նաև Մարիա Կարապետյանը, որը, այդուհանդերձ, նշեց՝ Թաթոյանի որոշ գնահատականներ ինքը չի կիսում։ Թաթոյանի արձագանքը չուշացավ: Այնուհետև«Ազատության» եթերում Մարիա Կարապետյանն անդրադարձավ այս բանավեճին` նշելով, որ Արման Թաթոյանի որոշ հայտարարություններ արդարացնում են բռնությունը:

Ստորև ներկայացնում ենք հատվածներ Արմեն Թաթոյանի հետ հարցազրույցից.

«Ազատություն» - Եթե ընդհանուր գնահատեք, ինչո՞ւ կամ ավելի կոնկրետացնեմ, տեսնո՞ւմ եք միտում, դժգոհություն իշխանությունից Ձեր նկատմամբ:

Արման Թաթոյան - Այդ ելույթի հետ կապված ամբողջ հարցն այն է, որ դա կառավարող խմբակցության անունից հայտարարվեց, իսկ դա նշանակում է` դա հավաքական դիրքորոշում է:

«Ազատություն» - Այդ ելույթ ասելով նկատի ունե՞ք տիկին Մարիա Կարապետյանի:

Արման Թաթոյան - Նկատի ունեմ այն պատգամավորի ելույթը, ով, այո, վերջում ելույթ ունեցավ` փաստերի բացահայտ կեղծումով, և նաև այո, մանիպուլյատիվ ելույթ էր, որը նպատակ էր հետապնդում նսեմացնել Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի հեղինակությունն ու դերը, ու կատարված աշխատանքը, ավելին` քաղաքական գնահատականներով քաղաքակացնել:

«Ազատություն» - Ինչո՞ւ:

Արման Թաթոյան - Գիտեք` ինչ կա, ես այդքան հարց եմ բերել, ներկայացրել, իմ ելույթով էլ այդքան նշեցի, սոցիալական խնդիրներն այնքան շատ են, քովիդի հետ կապված` բժշկական ծառայությունների համակարգում, ասում եմ` սոցիալական համակարգում մարդկանց արհամարհում են: Մենք ունենք դեպքեր, իմ զեկույցում գրել եմ, պետերից մեկը հանել, դուրս է շպրտել մարդուն իր աշխատասենյակից, պոլիկլինիկաների նկատմամբ չկա վստահություն, քովիդի հետ կապված այդքան, պատերազմի հետ կապված: Նորից էլի Մարդու իրավունքների պաշտպանին վերջում, ամենավերջում այդ ելույթի շրջանակում այն թեզերն են, որ անընդհատ քաղաքական մակարդակներում շահարկվում է, ու այդ քաղաքականը փորձում են բերել, դնել Մարդու իրավունքների պաշտպանի վրա:

«Ազատություն» - Ինչո՞ւ, որ Ձեզ ճնշե՞ն, նեղացնե՞ն, հրաժարական տա՞ք:

Արման Թաթոյան - Նախ ինձ չի կարող ոչ մեկը նեղացնել, ճնշել, կաշկանդել: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքը միշտ էլ բարդ է եղել, ես ցանկացած մարդու հետ կամ իշխանության հետ էլ աշխատել եմ, որովհետև ես ինստիտուցիոնալ եմ նայում բոլոր հարցերին, չեմ անձնավորում: Դիմացինը հիմա թե ինչ սկզբունքներով է աշխատում կամ ինչ մղումներով է աշխատում, Մարդու իրավունքների պաշտպանը, դա իր խնդիրն է, բայց ոչ մեկը չի կարող...

«Ազատություն» - Այնուամենայնիվ, եթե ասում եք` միտումնավոր բարձրացել են ամբիոն` ինձ վիրավորելու, աշխատանքը նսեմացնելու, դա ինչ-որ նպատակ պիտի ունենա, պարո՛ն Թաթոյան:

Արման Թաթոյան - Ես չգիտեմ` նպատակը ինչ է, բայց այստեղ փաստերն եմ արձանագրում, փաստերի կեղծում էր տեղի ունենում, մանիպուլյատիվ, շահարկող ելույթ: Այդ ելույթը քաղաքականացնում էր աշխատանքը և ջուրն էր լցնում: Այդ 2020 թվականի ընթացքում ոչ մի խնդիր չկա՞ր: Շատ ներողություն, այդքան ուղղորդված արշավներն ու հարձակումները Մարդու իրավունքների պաշտպանի նկատմամբ, այդ թվում` պաշտոնյաների կողմից օրինակ` համացանցում այդ հայհոյանքները, առհասարակ որ կա, նաև Մարդու իրավունքների պաշտպանին ուղղված: Երբեք չպետք է թույլ տալ, որ պետական մարմինները փորձեն Մարդու իրավունքների պաշտպանի հեղինակության հաշվին իրականացնել ինչ-որ քննադատություն և այլն:

«Ազատություն» - Տեսեք` տիկին Կարապետյանն ասում է հակառակը, եթե մեջբերեմ նրա խոսքից, որ ներքաղաքական իրադարձություններին Ձեր տված գնահատականների հարցում Ձեզնից պարզաբանումներ է խնդրել, Դուք փոխարենը զայրացել եք, ինչպես ինքն ասաց, «փրփրել» և ընդդիմադիր գործչի կեցվածք եք ընդունել խորհրդարանի ամբիոնից, սկսել քաղաքական հայտարարություններ անել:

Արման Թաթոյան - Ո՞րն եմ քաղաքական գնահատական տալիս:

«Ազատություն» - Օրինակ` երբ պատգամավորին ասում եք` բա Դուք ինչո՞ւ Սյունիք չեք գնում: Դա ընդդիմադիր գործչի կեցվածք չէ՞:

Արման Թաթոյան - Ոնց թե ընդդիմադիր գործչի կեցվածք է: Այդ նույն հաջողությամբ Մարդու իրավունքների պաշտպանի արած ցանկացած գործ ընդդիմադիր գործչի կեցվածք է՞, սա ի՞նչ մտածելակերպ է: Բա մի հատ որովհետև տեսական մակարդակում է տիրապետում:

«Ազատություն» - Ինքն ասում է` մեզնից ոմանք գնացել են Սյունիք, որ Դուք շահարկում եք, ասում եք` ինչո՞ւ հենց Դուք Սյունիք չեք գնացել, դա ինքնին արդեն քաղաքական օպոնենտի կեցվածք է:

Արման Թաթոյան - Ի՞նչն եմ շահարկում, ես ասում եմ` հարգելի՛ պատգամավոր, եկեք գնանք Սյունիք, մարդու իրավունքների խնդիրն այնտեղ այնպիսին են, որ Դուք տեսական չեք կարող տիրապետել ու պաշտպանել մարդու իրավունքները, գնանք, հասկանանք, կոնկրետ օրինակներ եմ բերում, ասում եմ` մարդիկ գնում են, հողը մշակում են, կրակոցներ են արձակվում այդ ընթացքում, կադաստրային վկայականով զրկվել են տնից-տեղից, ամեն ինչից: Ասում եմ` այդ մարդիկ իրավունքների պաշտպանության կարիք ունեն, եկեք գնանք, որ տեսնեմ` Ձեր գնահատականներն այդ դեպքում ոնց են լինելու, ոչ թե տեսական մակարդակում:

«Ազատություն» - Ինքը չի գնացել, իր գործընկերն է գնացել, պարո՛ն Թաթոյան:

Արման Թաթոյան - Բայց դա ինձ չի հետաքրքրում, մարդու իրավունքների պաշտպանությունը չի ենթադրում ինֆորմացիան փոխանցել մեկը մեկին:

«Ազատություն» - Ձեզ քննադատեցին նոյեմբերի 9-ի գիշերվա իրադարձությունների Ձեր գնահատականների վերաբերյալ: Ըստ «Իմ քայլի» պատգամավորի` այսպիսի գնահատականը ոչ թե զսպում է, այլ արդարացնում, որովհետև եթե Դուք ասում եք, որ տեղեկատվական վակուումի հետևանք է այս ամեն ինչը, ասենք թե ինֆորմացված լինելու զգացում ունենալու դեպքում մի ուրիշը վաղը կարող է էլի երկաթե ձողը վերցնել, գնալ կառավարություն և ասել` խնդրեմ, պաշտպանն ասում էր չէ՞...

Արման Թաթոյան - Շատ ներողություն, այդ ո՞վ է արդարացնում բռնությունը, բա օրինակ` ինչպե՞ս բացատրենք Հանրապետության հրապարակում ամենամեծ էկրանին բռնության կոչերով, սպառնալիքներով սպանության տեսանյութի տարածումը, ինչպե՞ս բացատրենք, կառավարող խմբակցության անունից ելույթ ունեցող պատգամավորը կբացատրի՞ ԱԺ փոխնախագահի էջում հայհոյանքներով, սպառնալիքներով տեսանյութերի տարածում:

«Ազատություն» - Պարո՛ն Թաթոյան, այնուամենայնիվ, Դուք իրավապաշտան եք, Դուք գրեիք, որ այս հարձակումը դատապարտելի է և վերջ:

Արման Թաթոյան - Բայց գրել եմ, որ դատապարտելի է:

«Ազատություն» - Ի՞նչ է նշանակում, սա սրա հետևանքն է, կարող է բռնություն առաջացնել….

Արման Թաթոյան - Այո, ես ճիշտ պատճառը… դրա համար պետությունը պետք է կանխատեսեր դա:


Ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.

XS
SM
MD
LG