Մատչելիության հղումներ

«Եկել եմ անձամբ ձեզնից լսելու խնդիրների մասին»․ նախագահը Գորիսում հանդիպել է մի շարք համայնքների ղեկավարների հետ


Սյունիք աշխատանքային այցի շրջանակներում նախագահ Արմեն Սարգսյանը Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հետ այցելել է Գորիսի քաղաքապետարան, որտեղ հանդիպել է Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի, Սիսիան համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանի և Գորիս խոշորացված համայնքի կազմում ընդգրկված բնակավայրերից՝ Խնձորեսկի ղեկավար Երվանդ Մալունցի, Հարթաշենի ղեկավար Արմեն Խաչատրյանի և Քարահունջի ղեկավար Լուսինե Ավետյանի հետ։

Նախագահը նշել է, որ Սյունիք այցը երկար ժամանակ ծրագրված էր, բայց կորոնավիրուսով վարակվածությունը ստիպել էր հետաձգել այն։ «Այսօր եկել եմ նախ և առաջ իմ աչքերով տեսնելու այն, ինչ լսում եմ, անձամբ ձեզնից լսելու խնդիրների մասին, և մտածենք, թե ինչով կարող եմ օգնել», - ասել է Արմեն Սարգսյանը։

Համայնքների ղեկավարները նախագահին են ներկայացրել պատերազմից հետո ստեղծված իրավիճակն ու խնդիրները։ Նրանք հատկապես առաջնային են համարել անվտանգության, սահմանազատումների հետ կապված հարցերը։

Նշվել է նաև, որ մարզի սահմանամերձ համայնքների բնակիչները, որոնց հիմնական զբաղմունքն անասնապահությունն է, ներկայումս զրկված են արոտավայրերի, անգամ՝ մասնավոր սեփականություն հանդիսացող որոշ հողատարածքների օգտագործման հնարավորությունից, քանի որ դրանք հայտնվել են ադրբեջանական վերահսկողության տակ։ Սա ավելի է բարդացնում առանց այն էլ բարդ սոցիալ-տնտեսական իրավիճակը։

Նշվել են նաև գործազրկության, մասնավորապես Գորիսում զբոսաշրջության ոլորտում առաջացած դժվարությունները, ինչպես նաև ենթակառուցվածքների հետ կապված խնդիրները։

Արմեն Սարգսյանը նշել է, որ նախագահի ինստիտուտի լիազորությունների սահմաններում հնարավորինս կփորձի աջակցել դրանց լուծմանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG