Մատչելիության հղումներ

Արա Սահակյանը չի բացառում, որ «Հայրենիք-ՀՀԿ» դաշինքն ու Տեր-Պետրոսյանի գլխավորած ՀԱԿ-ը միավորվեն


«Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արա Սահակյանը չի բացառում, որ «Հայրենիք-ՀՀԿ» դաշինքն ու առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած Հայ ազգային կոնգրեսը միավորվեն։

Սահակյանն ընդգծեց՝ այս պահին քննարկումներ չկան, բայց որոշ շփումներ ՀԱԿ-ի հետ եղել են։

«Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամը վերահաստատեց՝ պատրաստ են քննարկելու միավորման ցանկացած առաջարկ, իսկ անձամբ իր կարծիքով՝ միավորումները որքան լայն լինեն, ավելի հեշտությամբ կազատվեն «այս չարիքից»։

Արա Սահակյանի հետ հարցազրույցից մի հատված ներկայացնում ենք ստորև․

«Ազատություն»․ - Պարոն Սահակյան, ուզում եմ անդրադառնալ Լևոն Տեր-Պետրոսյանի առաջարկին, ուզում եմ իմանալ հենց ձեր կուսակցությունում՝ «Հայրենիք»-ում, քննարկե՞լ եք Տեր-Պետրոսյանի՝ միասնական դաշինքով ընտրության գնալու առաջարկը։ Համենայն դեպս Հանրապետականի հետ դաշինքի առաջարկը, դատելով հենց Տեր-Պետրոսյանի հայտարարությունից, առաջին նախագահը ձեր միավորման մասին հայտարարությունից հետո է արել։ Քննարկում ունեցե՞լ եք և ձեր կուսակցության կարծիքը ո՞րն է եղել։

Արա Սահակյան․ - Առհասարակ միավորումները դեռ չեն ավարտվել և չեմ բացառում, որ դեռ նոր միավորումներ կարող են լինել, նոր վերափոխումներ, փոխակերպումներ լինեն։ Շատ արագ են իրադարձությունները զարգանում և ամեն ինչ սպասելի է։

«Ազատություն»․ - Ներողություն, ես Ձեզ ճի՞շտ եմ հասկանում, որ կա այս պահին քննարկում ձեր դաշինքի և Հայ ազգային կոնգրեսի հնարավոր միավորման հարցով, դա՞ եք ակնարկում։

Արա Սահակյան․ - Այս ընթացքում կա բաց քաղաքական հայտարարություն մեր կողմից, որ մենք պատրաստ ենք դիտարկելու միավորման ցանկացած առաջարկ։

«Ազատություն»․ - Դա ի՞նչ է նշանակում, նաև Հայ ազգային կոնգրեսի՞ հետ։

Արա Սահակյան․ - Այո՛, իսկ ինչո՞ւ ոչ։

«Ազատություն»․ - Քննարկում եք։ Կա՞ քննարկում։

Արա Սահակյան․ - Այս պահի՞ն, չկա, բայց որոշ շփումեր եղել են։

«Ազատություն»․ - Միավորմա՞ն հարցով երեք ուժերի։

Արա Սահակյան․ - Շփումների օրակարգում եղել են միայն քաղաքական հարցեր։ Այն, ինչ կատարվում է մինչև որոշումներ ընդունելը, հրապարակելն օգտակար չէ, որովհետև դրանք փոփոխական հարցադրումներ են, և մշակույթն էլ նաև քաղաքական դիվանագիտության մեջ չի խրախուսում, որ առաջին իսկ շփումներից վեր կենալ և հայտարարություններ անել, մանավանդ, երբ որոշումներ չեն ընդունում, բայց, վերադառնալով Լևոն Տեր-Պետրոսյանի առաջարկներին՝ մենք երիտասարդ կուսակցություն ենք, ինձ հանեք միանգամից, սպիտակ մազերս՝ նույնպես, մնացած մեր կուսակցությունը և՛ փորձառությամբ, և՛ տարիքով երիտասարդներ են, մենք շատ լավ հասկանում ենք, որ առաջին երեք նախագահների փոխհարաբերությունների մեջ մենք չենք կարող մտնել, դրանք շատ բարդ փոխհարաբերություններ են, դրանք համատեղ համագործակցված, ձեռք ձեռքի տված պայքարից մինչև պառակտում, ամեն ինչ եղել է։ Մենք միշտ նայել ենք և ցանկացել ենք, որպեսզի նրանք միաձույլ լինեն, միասին լինեն, պառակտված չլինեն և մենք էլ արդեն ու մեր նման մյուս քաղաքական միավորները կարող են դրա շուրջը համախմբվել։ Ուրեմն որոշում կայացնողը երեքն են, նրանք այնպիսի կշիռ ունեն, որ, տեսեք, այսօր մենք խոսում ենք առաջին նախագահից, երրորդ նախագահից, վստահ եմ, նաև հարց կունենանք երկրորդ նախագահից և դա բնական է, նրանք մեր քաղաքական պատմության մեջ էական ազդեցություն են թողել և շարունակում են թողնել։

«Ազատություն»․ - «Հայրենիք»-ը միասնական ցուցակով ընտրություններին մասնակցելու կողմնակի՞ց է ՀԱԿ-ի և Հանրապետականի հետ։ Դուք միավորումները գովում էիք և գնահատելի էիք համարում։

Արա Սահակյան․ - Ես՝ Արա Սահակյանս, անձամբ կարծում եմ, որ միավորումները որքան լայն լինեն, ավելի հեշտությամբ կազատվենք այս չարիքից։

«Ազատություն»․ - Այսինքն՝ դեռ բացառված չէ, որ «Հայրենիք» կուսակցությունը, ՀՀԿ-ն, արդեն հաստատեցիք, որ «Պատիվ ունեմ» դաշինքի ներքո են մասնակցելու, նրանց միանա որոշակի քննարկումների արդյունքում Հայ ազգային կոնգրեսը։

Արա Սահակյան․ - Տարբեր քաղաքական ուժեր։

«Ազատություն»․ - Հայ ազգային կոնգրե՞սն այդ թվում։ Քննարկումներ կան, ես այդպես եմ հասկանում։

Արա Սահակյան․ - Եղել են, պետք է հիմա հասկանալ, թե նրանք իրենց համագումարում ինչ որոշում կընդունեն, իրենց քննարկումներն ինչպես կլինեն։ Գիտեք՝ գնահատվում են նաև հետևանքները, հիմա ավելի կարևոր է, որ այս ընդդիմադիր թևն ընտրություններին մասնակցի ներդաշնակ և համագործակցված։

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև․

XS
SM
MD
LG