Հայաստանի հանրապետական կուսակցությունը մասնակցելու է նախատեսված արտահերթ խորհրդարանական ընտրություններին: Այս մասին կուսակցության Գործադիր մարմնի նիստից հետո հայտարարեց փոխնախագահ Արմեն Աշոտյանը` հայտնելով նաև, որ որոշվել է նախընտրական դաշինքի կազմավորման գործընթաց մեկնարկել «Հայրենիք» կուսակցության հետ։
Հիշեցնենք, որ «Հայրենիք» կուսակցությունը ղեկավարում է Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը:
«Հաշվի առնելով կապիտուլյանտին իշխանությունից հեռացնելու կենսական հրամայականը, այդ նպատակի համար բոլոր միջոցների և ջանքերի գործադրման կարևորությունը, ընդդիմադիր դաշտի վերջին զարգացումները, Հայաստանի Հանրապետական կուսակցությունը որոշում է կայացրել Հայաստանի Հանրապետությունում արտահերթ խորհրդարանական ընտրություններ կազմակերպելու դեպքում մասնակցել այդ համապետական գործընթացին։
Միաժամանակ արձանագրվել են գործող դավադիր վարչակազմի հակասահմանադրական, հակաօրինական, միահեծան և ռեպրեսիվ գործողությունները, որոնք անվստահության և ապալեգիտիմացման ական են դնում այս գործընթացի տակ», - ասված է կուսակցության ԳՄ-ի հայտարարության մեջ։
Արմեն Աշոտյանը շեշտեց, որ որոշման կայացման համար հիմք են հանդիսացել ընդդիմադիր դաշտի վերջին զարգացումները, ինչպես նաև «կապիտուլյանտին օր առաջ գահընկեց անելու հրամայականը»:
«Հաշվի առնելով ստեղծված քաղաքական իրողությունները` մենք կարծում ենք, որ «Հայրենիք» կուսակցության հետ մեր հնարավոր քաղաքական համագործակցությունը ամենաարդյունավետն է լինելու ստեղծված իրավիճակում կապիտուլյանտին գահընկեց անելու համար», - ասաց Աշոտյանը` հավելելով, որ ընտրացուցակի հարցը նիստում չի քննարկվել:
Հարցին` չի՞ կաշկանդում Հանրապետականին այն հանգամանքը, որ Վանեցյանը Փաշինյանի օրոք զբաղեցրել է ԱԱԾ տնօրենը պաշտոնը, և նրա օրոք այդ կառույցը քրեական հետապնդում էր իրականացնում իրենց թիմակիցների` նախկին իշխանավորներից ոմանց նկատմամբ, Արմեն Աշոտյանը պատասխանեց. «Հանրապետական կուսակցությունը վերջինն է քաղաքական դերակատարներից, որին կարելի է ուղղել Արթուր Վանեցյանի հետ համագործակցության հարցի խնդիրը, որովհետև Վանեցյանի հետ անձամբ համագործակցել է և առկա իշխանությունը, և ընդդիմադիր դաշտի մի շարք ամենակարևոր կարկառուն հենասյուները, ինչպիսիք են օրինակ` ժամանակին մինչև պատերազմի մեկնարկը այսպես կոչված` եռյակի ուժերը, իսկ հետո` պատերազմի խայտառակ ավարտից հետո, Հայրենիքի փրկության շարժումը: Հայաստանում չկա լուրջ քաղաքական դերակատար ընդդիմադիր դաշտում, նաև իշխանության ներկայացուցիչներից, որոնք չեն համագործակցել Արթուր Վանեցյանի հետ:
Արթուր Վանեցյանը, այո, եղել է այս իշխանության օրոք որոշակի ժամանակահատվածում ԱԱԾ տնօրեն, այնուհանդերձ Վանեցյանը գնաց մի օր` հաշվի առնելով բոլոր մտահոգությունները»: