Ադրբեջանի արտգործնախարարն ու TRACECA-ի (Տրասեկա) գլխավոր քարտուղարը քննարկել են տարածաշրջանում համագործակցության ընդլայնման հնարավորությունները ղարաբաղյան խնդրի պատերազմական փուլի ավարտից հետո, հաղորդում է Ադրբեջանի արտգործնախարարությունը։ Եվրոպա-Կովկաս-Ասիա միջազգային տրանսպորտային միջանցքի այս ծրագիրը սկիզբ է առել 1993թ.-ին՝ Եվրամիության աջակցությամբ։
«Այս փուլում TRACECA-ի առջև բացվում են իրագործման նոր հնարավորություններ՝ հաղորդակցության միջոցների ընդլայնման ճանապարհով»,- ասել է կազմակերպության գլխավոր քարտուղար Ասեթ Ասավբաևը՝ Ադրբեջանի արտգործնախարարին ներկայացնելով ծրագրի աշխարհագրության ընդլայնման մասին տեղեկություններ։
Ղարաբաղյան վերջին պատերազմից հետո՝ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ, Հայաստանը, Ադրբեջանն ու Ռուսաստանը հանձն են առել ապաշրջափակել տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը։ Հայտարարության 9-րդ կետում նշվում է. «Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է տրանսպորտային կապերի անվտանգությունը Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև` երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և ապրանքների անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու համար: Տրանսպորտային հաղորդակցության հսկողությունն իրականացնում են ՌԴ ԱԴԾ Սահմանապահ ծառայության մարմինները»: