«Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) կուսակցությունն արտահերթ ընտրություններին մասնակցելու է ոչ թե դաշինքով, այլ որպես առանձին կուսակցություն, այսօր Ազգային ժողովում, լրագրողների հետ ճեպազրույցում, ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը դաշինքով չի մասնակցելու ընտրություններին, այլ մասնակցելու է որպես առանձին կուսակցություն», - ասաց Մակունցը՝ նշելով, ինչպես վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն է հայտարարել, «Ապագա կա»-ն կդառնա իրենց կարգախոսը։
Թե ովքեր կլինեն նախընտրական ցուցակներում, Մակունցն անուններ չցանկացավ նշել, սակայն ընդգծեց՝ նոր անուններ ցուցակում կլինեն։
«Ցուցակների հետ կապված խնդրում են թույլ տվեք այս պահին որևէ հրապարակում չանել մի քանի պատճառով, առաջինը՝ որովեհտև արդեն ներկայացրել եմ, որ մայիսի 10-ից հետո անպայման կսկսենք ներկայացնել, թե ցուցակներն ինչ տրամաբանությամբ կլինեն, ովքեր ներգրավված կլինեն, խմբակցությունն ամբողջությամբ ներգրավված կլինի և այլն։ Կասեմ, որ նոր մարդիկ կլինեն նախընտրական ցուցակում և նաև ցուցակը կազմվելու է առաջին հերթին Կուսակցութունների մասին օրենքին համապատասխան», - ասաց իշխող խմբակցության ղեկավարը։
Հիշեցնենք, որ հունիսի 20-ին արտահերթ ընտրությունների անցկացման համար ապրիլի 25-ին Նիկոլ Փաշինյանը հրաժարական ներկայացրեց վարչապետի պաշտոնից:
Սահմանադրության պահանջն է՝ արտահերթ ընտրություններ անցկացնելու համար անհրաժեշտ է Ազգային ժողովի արձակումը։ Իսկ խորհրդարանն արձակվում է, երբ վարչապետի հրաժարականից հետո երկու շաբաթում երկու անգամ անընդմեջ վարչապետ չի ընտրվում։ Մայիսի 3-ին 1 կողմ, 3 դեմ, 75 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ խորհրդարանը Նիկոլ Փաշինյանին չընտրեց վարչապետ: Վարչապետի ընտրության հարցով հաջորդ նիստը տեղի կունենա մայիսի 10-ին։