Մատչելիության հղումներ

Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի զեկույցը կքննարկվի փակ ձևաչափով


Հանրությանը հուզող հարցերի պատասխանը տալու համար ստեղծված Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի զեկույցը հանրությունից գաղտնի կքննարկվի։ Այսօր խորհրդարանը 71 կողմ և 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ որոշեց փակ ձևաչափով իրականացնել 2016-ի քառօրյա պատերազմին վերաբերող քննարկումը։

Ընդդիմադիրները քվեարկությանը չմասնակցեցին։ «Լուսավոր Հայաստան»-ից Տարոն Սիմոնյանը վարման կարգով իր մտահոգությունները հայտնեց նման ֆորմատի ընտրության հետ կապված։ Ասում է` հակասութուն կա նաև կանոնակարգ-օրենքի տրամաբանության հետ, հանձնաժողովները ստեղծվում են հանրային կարևորություն ունեցող հարցերին պատասխան տալու համար:

«Էս հարցերը հանրային նշանակության, հանրային կարևորության հարցերի հետ կապված ենք չէ՞ մենք բարձրաձայնում, երբ որ քննիչ հանձնաժողով ենք ձևավորում և այլն: Սա մեր Ազգային ժողովի կանոնակարգի կարգավորումն է, երբ որ փակ ենք նիստը գումարում, ուզում եմ հասկանալ՝ կանոնակարգժօրենքի պահանջը ինչպե՞ս ենք իրացնում», - նշեց ԼՀԿ-ի պատգամավորը:

Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը որոշումը հիմնավորեց նույն կերպ, ինչ ապրիլյանից հետո նախկին իշխանությունները` պետական գաղտնիքի հարց կա. «Համարվում են գաղտնիք, և հանրությունն այս պարագայում, մասնավորապես, հնարավորություն ունի ծանոթանալ այդ փաստաթղթերին իր ներկայացուցիչների՝ Ազգային ժողովի պատգամավորների միջոցով», - ասաց Միրզոյանը:

Փաշինյանը դեռ 2019 թվականի մայիսին` երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքից առաջին անգամ ազատ արձակելուց հետո ծավալուն ելույթ ունեցավ ու հայտարարեց ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողով ստեղծելու անհրաժեշտության մասին։ Այն ժամանակ նպատակը այսպես ձևակերպվեց՝ հանրությունը պետք է ստանա իրեն հուզող հարցերի պատասխանը:

«Իմիջայլոց, կարծում եմ, հասունացել է ժամանակը` 2016 թվականի ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող Ազգային ժողովի քննիչ հանձնաժողով ստեղծելու և մեզ բոլորից հուզող մի շարք հարցերի պատասխանները ստանալու համար», - հայտարարել է Փաշինյանը:

Սպառազինության պակաս, հետախուզության թերացում, դավադիր պայմանավորվածություններ, մահվան կասկածելի հանգամանքներ, նաև գործող իշխանության ներկայացուցիչների կողմից բարձրացված այս հարցերի պատասխանը ինչպե՞ս է հանրությունը ստանալու, եթե իշխանությունները որոշեցին գաղտնի պահել իրենց կազմած զեկույցը և եզրակացությունը, կամ միգուցե հանձնաժողովը ինքը չստացավ իր ցանկալի պատասխանները, հետաքրքրվեցինք հանձնաժողովի իմքայլական պատգամավոր Արմեն Խաչատրյանից:

«Այո, հնարավոր է, որ մի շարք հարցեր, որոնք իրականում կուզենայինք, և խնդիր էր դրված, որ պարզաբանվեր, մի շարք հարցերի պարզաբանումներն այն ծավալի չեն եղել կամ մեր ցանկացած հիմնավորումներով չի եղել, սակայն անդրադարձ եղել է, և հիմնավորումները միանշանակ տրվել են այն մասով, ինչքանով որ ապացույցները եղել են», - ասաց նա:

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը սա որակում է մեկ քայլ նահանջ թափանցիկ ու հաշվետու կառավարումից: Նկատում է` իշխանությունները կարող էին բաց ձևաչափով քննարկել զեկույցի այն հատվածները, որոնք պետական գաղտնիք չէին պարունակում։ Ասում է` սա վտանգավոր նախադեպ է, եթե հաշվի առնենք, որ ներկայումս հանրային պահանջ կա նմանօրինակ հանձնաժողով ստեղծել 44-օրյա պատերազմի հանգամանքերի հետ կապված. «Շատ վատ պրակտիկա կարող է ձևավորվել, որովհետև մենք ակնակալում էինք, որ 44-օրյա պատերազմի հետ կապված ուսումնասիրություն ևս պետք է իրականացվի, բազմաթիվ այն հարցերը, որոնք կապված են այդ պատերազմի հետ, նույնպես պետք է պատշաճ ուսումնասիրվեն, հետազոտվեն, և հանրությանը պետք է իրազեկվի: Մարդու իրավունքների խախտումներին հանգեցնող այնպիսի ծայրահեղ դրսևորում, ինչպիսին պատերազմն է, դրանց վերաբերյալ տվյալները չեն կարող հանրությունից թաքցվել»:

2 տարի առաջ ստեղծված հանձնաժողովը իր գործունեության ընթացքում հարցաքննության է հրավիրել ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում ամենաբարձր պաշտոններ զբաղեցրած անձան` երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին, նախկին վարչապետ Կարեն Կարապետյանին, նախկին արտգործնախարարին և բազմաթիվ բարձրաստիճան զինվորականների։ Ավելի վաղ հանձնաժողովի ընդդիմադիր անդամ «Լուսավոր Հայաստան»-ից Գևորգ Գորգիսյանն «Ազատությանն» ասել էր, որ իշխանությունների նման որոշումը պայմանավորված էր նրանով, որ 44-օրյա պատերազմից հետո ձախողվել է Սերժ Սարգսյանին պատժելու Փաշինյանի ծրագիրը. «Փաշինյանի ելույթը, որից հետո ստեղծվեց հանձնաժողովը, միտված էր դրան, որ պիտի պատժեն Սերժ Սարգսյանին այդ հանձնաժողովի զեկույցով, բայց հանձնաժողովի աշխատանքներում պարզ դարձավ, որ դա չի լինելու Սերժ Սարգսյանի պատիժը, և կարծում եմ` այս 20 թվականի պատերազմից հետո դա ուղղակի արդեն ծիծաղելի է դառնում»:

XS
SM
MD
LG