Մատչելիության հղումներ

2 տասնյակ դիրքերի կորստի մասին փաստել են քննիչ հանձնաժողով այցելած պաշտոնյաները. իշխանական և ընդդիմադիր պատգամավորներ


«Այն, որ 2016-ի ապրիլյան պատերազմում հայկական կողմը մոտ 2 տասնյակ դիրքեր է կորցրել, փաստել են ապրիլյան քննիչ հանձնաժողովի հարցերին պատասխանած պաշտպանության բնագավառի նախկին և ներկա պաշտոնյաները», - «Ազատության» հետ զրույցում ընդգծեց ապրիլյան քննիչ հանձնաժողովի անդամ, իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը, հակադարձելով նախկին նախագահ Սերժ Սարգսյանի երեկ ասուլիսում հնչեցրած պնդմանը։

Հիշեցնենք, շուրջ 3 ժամ տևած ասուլիսում Սարգսյանը պնդել էր, որ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը սխալ թիվ է հրապարակել, ասելով, թե ապրիլյան պատերազմի ժամանակ հայկական կողմը երկու տասնյակ դիրքեր է կորցրել։ Հերքելով հանդերձ Սերժ Սարգսյանը կոնկրետ տեղեկատվություն չտրամադրեց կորցրած դիրքերի քանակի մասին։

«Մի բան կարող եմ վստահաբար ասել, որ սխալ թիվ է հնչել, և ես կարծիք ունեմ, որ այդ սխալը պայմանավորված է նրանով, որ միգուցե դեռևս հանձնաժողովն իր ամբողջական աշխատանքը չի ավարտել», - նշեց երրորդ նախագահը:

«Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի հայտարարությունը 20 և ավելի դիրքերի կորստի մասին փաստարկված է հանձնաժողով հրավիրված պաշտպանության բնագավառի ներկայիս և նախկին պաշտոնյաների բացատրություններում: Այսինքն՝ այդ թիվը հենց այնպես Անդրանիկ Քոչարյանը իր ուսումնասիրությունների արդյունքում չէ, որ վեր է հանել, այլ դա հայտնել են այն մարդիկ, ովքեր ներկայացել են հանձնաժողով, և հանձնաժողովի աշխատանքների արդյունքում են ի հայտ եկել: Այո, ես էլ փաստում եմ, որ 20 և ավելի դիրք է մնացել հակառակորդի ձեռքում և այդ դիրքերից կան այնպիսի դիրքեր, որոնք ռազմավարական նշանակություն ունեն: Թեև դիրքը դիրք է, բոլոր դիրքերն էլ կարևոր են, սակայն կան դիրքեր, որ կարևորությունը ռազմավարական է այդ դիրքերի, այո, դրանք մնացել են թշնամու ձեռքում, և դրանց թիվը 20-ից ավելի է», - ասաց Խաչատրյանը:

Ապրիլյան քննիչ հանձնաժողովի մեկ այլ անդամ, ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Ռուբիկ Ստեփանյանը նույնպես պնդում է՝ հայկական կողմը ապրիլյան պատերազմում 2 տասնյակից ավելի դիրքեր է կորցրել և չի հասկանում, թե ինչո՞ւ է երրորդ նախագահը հերքում այդ տեղեկատվությունը։

«Իրականում կորցրել ենք այդ դիրքերը, էն ամենակարևոր դիրքը ընդհանրապես կորցրեցինք, բայց ինչի է ինքը հերքում, չգիտեմ», - ասաց Ստեփանյանը:

«Ազատության» հարցին՝ դրանք երկու տասնյակից ավելի՞ են, ընդդիմադիր պատգամավորը պատասխանեց. «Այո, երկու տասնյակից ավելի դիրքեր ենք կորցրել իրականում: Դա ապրիլյան հանձնաժողովում էլ մենք հիմնավորել ենք»:

Երեկվա ասուլիսում երրորդ նախագահը փակագծեր բացեց ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին Մոսկվայում հրադադարի շուրջ տեղի ունեցած բանակցությունների վերաբերյալ, որին մասնակցել էր Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովը։ Սերժ Սարգսյանն ասաց, թե Ադրբեջանը ցանկացել է, որ հրադադարի նոր համաձայնագիր ստորագրվի, այդ կերպ փորձելով Արցախին զրկել հակամարտության իրավահավասար կողմ լինելու իրավունքից, ինչին հայկական կողմը չի համաձայնել և ուժի մեջ է մնացել 1994-ի համաձայնագիրը։

Սերժ Սարգսյանը վստահեցրեց՝ որևէ գաղտնի կամ ոչ գաղտնի փաստաթուղթ այդ հանդիպմանը չի ստորագրվել։ «Մեզնից ակնկալվում էր, որ համաձայնվենք հրադադարի նոր համաձայնագրի ստորագրման ադրբեջանական առաջարկին, բայց մենք մերժեցինք, պնդելով, որ վերահաստատվի 1994 թվականի մայիսյան հրադադարի անժամկետ բնույթը: Այսինքն՝ հրաժարվեցինք կնքել նոր հրադադարի փաստաթուղթ, որով, փաստորեն, Արցախը դուրս կմղվեր որպես հակամարտության իրավահավասար կողմ», - նշեց Սարգսյանը:

Մինչդեռ ապրիլյան քննիչ հանձնաժողովի անդամ Արմեն Խաչատրյանն ասում է, թե զարմանալի է, որ Մոսկվայում կայացած բանակցությունների արդյունքների վերաբերյալ որևէ պաշտոնական փաստաթուղթ կամ արձանագրություն չի կազմվել։ Ի դեպ, Խաչատրյանն ընդգծում է՝ այն, որ Մոսկվայում նոր համաձայնագիր չի ստորագրվել, պնդել է ոչ միայն նախկին նախագահ Սերժ Սարգսյանը, այլև քննիչ հանձնաժողով հրավիրված նախկին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը։

«Պարոն Խաչատուրովը մեկնել է Մոսկվա և երկրի անվտանգության հետ կապված լուրջ բանակցություններ է վարել, սակայն այդ բանակցությունների վերաբերյալ որևէ զեկույց, տեղեկանք, փաստաթուղթ, դեռևս մենք փնտրում ենք, փնտրել ենք այսինքն այդպիսի փաստաթղթեր, որոնք չկան, խնդիրը կայանում է սրանում: Այստեղ մենք ինչ-որ խնդիրներ ունենք, հանձնաժողովի աշխատանքներն ավարտվել են, եզրակացության մեջ այդ ամենը կամփոփվի», - ասաց պատգամավորը:

Երեկվա ասուլիսում Սերժ Սարգսյանը նաև պնդեց՝ ապրիլյան պատերազմում հաղթել ենք, իսկ չափման միավորը Ադրբեջանի պլանների ձախողումն է։ Մինչդեռ ապրիլյան քննիչ հանձնաժողովի թե՛ իշխանական և թե՛ ընդդիմադիր անդամներն այնքան էլ համաձայն չեն Սարգսյանի այս պնդման հետ։ Ընդդիմադիր «Լուսավոր Հայաստանի» պատգամավոր Ռուբիկ Ստեփանյանը զարմանում է՝ հաղթանա՞կ է արդյոք երբ միայն դիրքերում տասնյակ զոհեր ենք տվել և դրան գումարած նաև տարածքներ ենք կորցրել, ինչի արդյունքում Թալիշը հայտնվել է հակառակորդի թիրախում։ Ապրիլյան քննիչ հանձնաժողովում «Իմ քայլի» անդամ Արմեն Խաչատրյանը համակարծիք է ընդդիմադիր գործընկերոջ հետ։

«Այստեղ միանշանակ ասել՝ հաղթել ենք, ես ամենևին համաձայն չեմ սրա հետ: Ճիշտ է հնչում այն տեսակետը, որ ասում են՝ սենց մի քանի հատ էլ հաղթանակ ունենանք կկորցնենք Ստեփանակերտը: Եթե ամեն հաղթանակ տարածքային կորուստներով պետք է մենք տոնենք, դա նշանակում է, որ մենք սխալ ուղղության վրա ենք», - նշեց Խաչատրյանը:

Պաշտպանության նախարարությունը առայժմ չի մեկնաբանում 2016 -ին 2 տասնյակ հայկական դիրքերի կորստի մասին խորհրդարանական քննիչ հանձնաժողովի նախագահի հայտարարությունը, սպասելով հանձնաժողովի եզրակացությանը։

XS
SM
MD
LG