Ադրբեջանը փոխում է Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց տաճարի պատմաճարտարապետական ամբողջականությունը, անդրադառնալով հայկական եկեղեցու գմբեթները հանելու վերաբերյալ տեղեկություններին, ահազանգում է Հայաստանի Արտաքին գործերի նախարարությունը։
«Հատկանշական է, որ Ադրբեջանը Շուշիի Մայր տաճարի հետ կապված գործողություններ է իրականացնում առանց Հայ առաքելական եկեղեցու հետ խորհրդակցելու, ինչն ակնհայտորեն խախտում է հայ հավատացյալների կրոնի ազատության իրավունքը։ Նույնքան մտահոգիչ է, որ Ադրբեջանը սկսել է եկեղեցու ճարտարապետական տեսքի փոփոխման աշխատանքներ կատարել մինչև ՅՈւՆԵՍԿՕ-ի փորձագետների գնահատման առաքելության կողմից աշխատանքների սկսումը։ Ակնհայտ է, որ Ադրբեջանը դիտավորյալ արգելափակում է ՅՈւՆԵՍԿՕ-ի փորձագետների մուտքը դեպի վտանգված հայկական մշակութային ժառանգության վայրեր՝ մի կողմից քողարկելու իր կողմից իրականացված պատերազմական հանցագործությունները, իսկ մյուս կողմից՝ փոխելու հուշարձանի պատմաճարտարապետական ամբողջականությունը», - նշում է Հայաստանի արտաքին գերատեսչությունը:
Որ մայիսի 9-ին ընդառաջ Շուշիի Սուրբ Ղազանչեցոց Ամենափրկիչ եկեղեցու գմբեթները հանվում են, դեռ երեկ համացանցում գրառում արեց Արցախի ներքին գործերի նախարարության տեղեկատվության բաժնի պետ Հունան Թադևոսյանը՝ կից տեղադրելով լուսանկարներ։ Հայկական հետքն ու դիմագիծը, հոգևոր ու մշակութային ժառանգությունը Ադրբեջանը վերացնում է վերանորոգման ու ռեստավրացիայի անվան տակ՝ ահազանգում է հայկական կողմը, բայց անարձագանք։
«Մի քանի անգամ եղել է, որ ՅՈւՆԵՍԿՕ-ից նույնիսկ արդեն հայտարարել էին, որ գալիս են Արցախ, բայց այդպես էլ չեկան: Ցեղասպանությունից հետո, այսպես ասած, հիմա էլ անցել են մշակութային ջարդի և երեկ արդեն օրվա երկրորդ կեսին տեսանք, որ Շուշիի գմբեթները հանվում են: Դրանից առաջ էլ, պատերազմից անմիջապես հետո Կանաչ ժամ-Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու գմբեթներն էին հանել», - նշեց Թադևոսյանը:
19-րդ դարում կառուցված Ղազանչեցոց եկեղեցին մեկ անգամ վնասվել է 1920-ին Շուշիի հայ բնակչության ջարդերի ժամանակ և ադրբեջանցիների կողմից օգտագործվել որպես պահեստ։ Եկեղեցին վերականգնվել էր 90-ականների պատերազմից հետո, երբ հայկական ուժերը գրավեցին բերդաքաղաքը։ Եկեղեցու վերակառուցված գմբեթը կրկին վնասվեց 44-օրյա պատերազմի ժամանակ՝ մեկ օրում Ադրբեջանի կրկնակի հրթիռակոծման հետևանքով։
Շուշիի՝ հայկական ժառանգության խորհրդանիշ դարձած եկեղեցու խնդրին այսօր անդրադարձել են նաև օրենսդիրները։ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը Ադրբեջանի նման քայլերի տակ մի շարք պատճառներ է տեսնում. «Վերացնել հայկական ինքնության վերաբերյալ ցանկացած նշում Ադրբեջանում, ևս մեկ անգամ ընդգծել ադրբեջանի հայատյաց վերաբերմունքը, հստակ ընդգծել, որ ադրբեջանը չի ցանկանում որևիցե եղանակով հանդուրժել որևիցե էթնիկ հայի ներկայությունը այդ տարածաշրջանում»:
Հայության նկատմամբ էթնիկ ատելությունը պետք է ունենա արձագանք միջազգային հանրության կողմից, ասում է «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը. «Սա մի պետության քաղաքականություն է, որը տպավորություն է թողնում, որ այս մարդիկ չունեն մշակութային պատմություն և հենց նման մոտեցմամբ էլ վերաբերվում են հայկական մշակույթին՝ փորձելով վերացնել բոլոր հետքերը»:
«Հերթական վկայությունն է նրա, որ Արցախի հայության անվտանգ գոյությունը Ադրբեջանի կազմում անհնար է, և աշխարհը պետք է ճանաչի Արցախի հայության ինքնորոշման իրավունքը: Սա է այն քաղաքականությունը և դիրքորոշումը, որը մենք որպես Հայաստանի Հանրապետություն ունենք և այստեղ որևէ փոփոխություն չկա», - ասաց Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը:
Որ հարցը պետք է լինի միջազգային կառույցների՝ այդ թվում նաև Մինսկի խմբի համանախագահների ուշադրության կենտրոնում, բարձրաձայնում են իշխող խմբակցության անդամները։
«Լուսավոր Հայաստան»-ից Տարոն Սիմոնյանը ողջունեց նման մոտեցումը, բայց նրա արած արտահայտություններից մեկը հունից հանեց իմքայլականներին։
«Ես չէի կարող չարձագանքել ուրախությամբ, որ իմ գործընկերները վերադարձան ի վերջո հայամետ քաղաքականության», - հայտարարեց Սիմոնյանը:
«Հայամետ քաղաքականության թող վերադառնան նրանք, ովքեր հեռացել են այդ քաղաքականությունից», - արձագանքեց Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը:
Մինչ հայկական խորհրդարանում իրար փոխադարձ մեղադրում են, Ադրբեջանից պնդումներ են հնչում, որ Արցախում հայկական հետք չկա, Ղազանչեցոցն էլ ուղղափառ եկեղեցի է։