«Այն, ինչ կազմակերպվում է Ադրբեջանի ղեկավարության կողմից, միայն կարելի է որակել, որպես ռասիստական պետության քաղաքականություն, ով ունի էթնիկ ատելություն հայության նկատմամբ, այսօր Ազգային ժողովում հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն՝ անդրադառնալով Շուշիի Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցում «նորոգման աշխատանքների» քողի տակ ադրբեջանական կողմի իրականացրած աղավաղումներին։
Այլ բան, քան բարբարոսություն որակել Ադրբեջանի ղեկավարության քաղաքականությունը, հնարավոր չէ, հայտարարեց իշխող խմբակցության ղեկավարը։
«Սա մի պետության քաղաքականություն է, որը տպավորություն է թողնում, որ այս մարդիկ չունեն մշակութային պատմություն և հենց նման մոտեցմամբ էլ վերաբերվում են հայկական մշակույթին՝ փորձելով վերացնել բոլոր հետքերը»,- ասաց Մակունցը՝ նշելով՝ այս հարցը պետք է լինի բոլոր միջազգային կառույցների ուշադրության կենտրոնում նաև Մինսկի խմբի համանախագահության։
«Հայության նկատմամբ էթնիկ ատելությունը չի կարող չունենալ արձագանք»,- նշեց Լիլիթ Մակունցը:
«Աշխարհը պետք է ճանաչի Արցախի հայության ինքնորոշման իրավունքը»
Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն էլ ընդգծեց՝ այդ բարբարոսությունը, գերության մեջ պահվող, կամ որևէ այլ կարգավիճակով Ադրբեջանում պահվող հայերի նկատմամբ վերաբերմունքը և օրեր շաբաթներ առաջ խայտառակ «պուրակի»՝ արմենոֆոբիկ պուրակի բացումը Բաքվում, հերթական վկայություն են նրա, որ Արցախի հայության անվտանգ գոյությունն Ադրբեջանի կազմում անհնար է, և աշխարհը պետք է ճանաչի Արցախի հայության ինքնորոշման իրավունքը։
«Սա է այն քաղաքականությունը և դիրքորոշումը, որը մենք որպես Հայաստանի Հանրապետություն ունենք և այստեղ որևէ փոփոխություն չկա», - ասաց ԱԺ նախագահը։