Մատչելիության հղումներ

Ռուբեն Մեհրաբյանը չի կարծում, թե ընտրություններին ՀՀԿ-ի և «Հայրենիք»-ի «ջանքերի միատեղումը լուսավոր հեռանկարներ խոստացող քայլ է»


«Հանուն Հանրապետության» կուսակցության անդամ, քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը չի կարծում, թե այս ընտրություններին Հանրապետական և «Հայրենիք» կուսակցությունների ջանքերի միատեղումը լուավոր հեռանկարներ խոստացող քայլ է։

Խփված օդաչուներն այլևս թռիչքից պետք է հեռու մնան, «Ազատության» «Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդման ժամանակ ասաց Մեհրաբյանը՝ նշելով՝ լավ չի պատկերացնում, թե նրանք հույսն ինչի վրա են դրել։

Հարցազրույցից մի հատված ներկայացնում ենք ստորև

«Ազատություն»․ - Երրորդ նախագահի կուսակցությունը՝ Հանրապետական կուսակցությունը միանում է Արթուր Վանեցյանի «Հայրենիք» կուսակցության հետ և նրանք հայտարարում են, որ մասնակցելու են արտահերթ ընտրություններին և իրենց գլխավոր նպատակն է ազատվել Նիկոլ Փաշինյանից։ Ուզում էի՝ Դուք մեկնաբանեիք Հանրապետական կուսակցության այս մուտքը, ի՞նչ կարող եք ասել։

Ռուբեն Մեհրաբյան․ - Այս միավորումը քաղաքական դաշտի նախընտրական վերաֆորմատավորման դրսևորումներից մեկն է, և Հանրապետական կուսակցությունը, այսպես ասենք, հետշոկային այս ժամանակաշրջանում, այնուամենայնիվ, գնահատելով իր հնարավորությունները և հասկանալով, որ շատ մեծ էլեկտորալ շանսեր չունի, փորձում է Արթուր Վանեցյանի «Հայրենիք»-ի հետ ինչ-որ կերպ միատեղել ջանքերը, բայց ես չեմ կարծում, որ սա մի ինչ-որ լուավոր հեռանկարներ խոստացող քայլ է, կամ այդպիսինը կարող է լինել՝ ուղղակի ծանոթ լինելով հասարակության նախապատվություններին։ Ի վերջո, խփված օդաչուներն այլևս թռիչքից պետք է հեռու մնան, այսպիսի մի չգրված ճշմարտություն կա, և, այդ իմաստով, մի քիչ լավ չեմ պատկերացնում, թե նրանք հույսն ինչի վրա են դրել, եթե խոսքը մաքուր ընտրական գործընթացի մասին է՝ ժողովրդավարական ստանդարտներին համապատասխան։

«Ազատություն»․ - Ի՞նչ եք կարծում, ինչո՞ւ է մասնակցում Հանրապետականն այս ընտրություններին, Փաշինյանին հաղթելո՞ւ, ինչպես իրենք են ասում, թե՞ երկրորդ նախագահի՝ Ռոբերտ Քոչարյանի մուտքը մեծ քաղաքականություն կանխելու համար։ Ի՞նչ կարծիքի եք։

Ռուբեն Մեհրաբյան․ - Անդրադառնալով էլ Ռոբերտ Քոչարյանին, այսպես ասենք, այն այցեքարտը, որով Ռոբերտ Քոչարյանն է փորձում վերադառնալ քաղաքականություն, ուղղակի որևէ քննության չի դիմանում։ Զավեշտալի բաներ է ասում Ռոբերտ Քոչարյանը՝ հույսը դնելով մարդկանց կարճ հիշողության վրա, մարդկանց վերլուծական, կամ գուցե և մտավոր ունակությունները թերագնահատելով, որովհետև ադեկվատության չափումների մեջ նման նարատիվներն ուղղակի որևէ քննության չեն կարող դիմանալ, իհարկե ես մամուլից եմ դատում և հաշվի եմ առնում այն, որ սա դեռ վերջնական չէ, բայց այնուամենայնիվ դատելով նաև Ռոբերտ Քոչարյանին սատարող ցուցակի անվանացանկը, դա ոչ թե ցուցակ է, այլ՝ հակացուցակ, և այդ իմաստով, եթե ինչ-որ մեկն ուզում է, այսպես ասենք, խանգարել Ռոբերտ Քոչարյանին, ապա պետք է Ռոբերտ Քոչարյանին հանգիստ թողնել, լավագույնս նա է, որ ինքն իրեն կխանգարի։ Բայց մյուս կողմից էլ, այո՛, պետք է նշենք, որ այլևս փաստ է, որ գոնե ֆորմալ առումով, Ռոբերտ Քոչարյանը և նրան սատարող շրջանակը, Սերժ Սարգսյանը և նրան սատարող շրջանակը դրանք նույն շրջանակները չեն այնուամենայնիվ։ Չնայած բազմաթիվ հարցերով, այո՛, նրանց շահերը կարող են և համընկնել, առանձնապես խոսքը վերաբերվում է Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելուն, այստեղ գոնե նրանք տարաձայնություն չունեն, գոնե առերևույթ։

Իսկ մյուս կողմից էլ, գիտեք ինչ, հասարակությանն այդ նրբությունները շատ քիչ են հետաքրքրում շատ պարզ պատճառով, որովհետև այդ ամենի վրա կա միայն մեկ պիտակ, որ նրանք անցյալ են և, ըստ էության, նրանք ավելի շատ պայքարում են ոչ թե Փաշինյանի դեմ, նրանք պայքարում են ժամացույցի սլաքների դեմ, նրանք պայքարում են օրացույցի դեմ, նրանք պայքարում են ժամանակի դեմ, նրանք պայքարում են երկրագնդի՝ իր առանցքի շուրջ պտտվելու ուղղության դեմ և նրանք հույս ունեն, որ Հայաստանի հասարակությունն իրենց հետ կհամաձայնվի, որպեսզի երկիրը գնա հետ, չի լինելու այդպիսի բան, և, այդ իմաստով, այսպես ասենք, նրանց ժողովուրդը նայում է, ժողովրդական լեզվով ասած, մեկ սանրի կտավ։

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ

XS
SM
MD
LG