Մատչելիության հղումներ

Եվրամիությունը կոչ է անում վերադարձնել բոլոր մնացյալ ռազմագերիներին և ձերբակալված անձանց

Եվրամիության դրոշները Բրյուսելում Եվրահանձնաժողովի կենտրոնակայանի դիմաց, արխիվ
Եվրամիության դրոշները Բրյուսելում Եվրահանձնաժողովի կենտրոնակայանի դիմաց, արխիվ

Եվրամիությունը հայտարարությամբ է հանդես եկել «Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջին հակամարտության» հետևանքով գերեվարվածների վերաբերյալ՝ կոչ անելով ապահովել «մնացյալ ռազմագերիների և ձերբակալված անձանց վերադարձը՝ անկախ նրանց կալանավորման հանգամանքներից»։

Երեկ Նախարարների կոմիտեի ընդունած հայտարարությունում Եվրոպական միությունը ողջունում է 2020 թվականի նոյեմբերի 9-ին կողմերի միջև ձեռք բերված համաձայնությունից հետո «տեղում հրադադարի ամրապնդումը և որոշ դրական արդյունքներ, որոնք ձեռք են բերվել այնպիսի հարցերի շուրջ, ինչպիսին են մարդկային աճյունների հայրենադարձումը և հակամարտության հետևանքով խստորեն տուժած բնակչությանը մարդասիրական օգնության ցուցաբերումը»։

Այնուհանդերձ, Եվրամիությունը վերահաստատում է, որ անհրաժեշտ է ավելացնել ջանքերը երկու երկրների միջև վստահություն կառուցելու և կայուն խաղաղության ուղղությամբ առաջընթացի համար․ - «Դա ներառում է թշնամական և վիրավորական հռետորությունից զերծ մնալը, մնացյալ ռազմագերիների և ձերբակալված անձանց վերադարձը՝ անկախ նրանց կալանավորման հանգամանքներից, և նաև այլ կարևոր հարցերում համագործակցությունը, ինչպիսին է ականազերծումը»։

Այս համատեքստում Եվրամիությունը, որին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը ծանուցել է իր կիրառած միջանկյալ միջոցների մասին, շեշտում է, որ Մարդու իրավունքների կոնվենցիային միացած երկրները պարտավոր են ենթարկվել միջանկյալ միջոցների վերաբերյալ Դատարանի պահանջներին, և կոչ է անում Ադրբեջանին ներկայացնել Դատարանի պահանջած տեղեկատվությունն ամբողջությամբ։

Հայկական կողմի տարբեր տվյալներով` այսօր Ադրբեջանի տարածքում կա շուրջ 200 հայ ռազմագերի։ Մինչ այժմ Հայաստան է վերադարձվել 69 -ը, Բեյրութ է վերադարձել նաև լիբանանահայ մի կին։

Ադրբեջանը, սակայն, հաստատել է 72 հոգու գերեվարման փաստը, ընդ որում՝ պնդելով, թե նրանցից 56-ը, որոնք Խծաբերդում գերեվարված պահեստազորայիններն են, ոչ թե ռազմագերիներ են, այլ «ահաբեկիչներ և դիվերսանտներ»: Բաքուն նաև խախտել է գերեվարված անձանց վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու համար Եվրադատարանի սահմանած ժամկետները և տրամադրել է ավելի ընդհանրական ու սահմանափակ տեղեկատվություն:

Հայկական կողմն Ադրբեջանին է փոխանցել 15 անձի, նրանց թվում ոչ միայն ռազմագերիներն են, այլև Արցախում երեխայի սպանության ու այլ հանցագործությունների համար դատապարտված ադրբեջանցիներ Շահբազ Գուլիևն ու Դիլհամ Ասկերովը։

Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG