Գերեվարված անձանց Ադրբեջանից վերադարձնելու խնդիրը դառնում է միջազգային օրակարգի հարց, այսօր Կառավարության նիստի ժամանակ հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն՝ ընդգծելով սա մեծացնում է լավատեսությունը, որ այս հարցում հայկական կողմը կունենա կոնկրետ արդյունքներ։
«Ադրբեջանն իր ստանձնած պարտավորությունները գերեվարված անձանց վերադարձնելու ըստ էության չի կատարում։ Կարող ենք արձանագրել, որ այս հարցը դառնում է միջազգային օրակարգի հարց։ Ուզում եմ ընգծել, որ երեկ ուշ երեկոյան Եվրամիությունը շատ կարևոր հայտարարություն է տարածել, որում արձանագրվում է շատ կոնկրետ և հասցեական, որ Ադրբեջանը պետք է վերադարձնի գերեվարված անձանց, ընդ որում անկախ այդ անձանց գերեվարվելու կոնկրետ հանգամանքներից։ Սա շատ կարևոր արձանագրում է։ Կարևոր եմ համարում նաև որ այս հայտարարության մեջ հղում է արվում Մարդու իրավունքների եվրոպական դատարանում տեղի ունեցող գործընթացներին, ինչն, ըստ էության, քաղաքական հայտարարությանն ավելացնում է նաև իրավական կոմպոնենտ, որը տվյալ պարագայում չափազանց կարևոր է», - նշեց Փաշինյանը՝ հայտարարելով՝ հարկավոր է լինել առավելագույնս համախմբված, համառ և հետևողական և այս հարցը դրական լուծում պիտի ստանա։
Հայկական կողմի տարբեր տվյալներով` այսօր Ադրբեջանի տարածքում կա շուրջ 200 հայ ռազմագերի։ Մինչ այժմ Հայաստան է վերադարձվել 69 -ը։
Ադրբեջանը, սակայն, հաստատել է 72 հոգու գերեվարման փաստը, ընդ որում՝ պնդելով, թե նրանցից 56-ը, որոնք Խծաբերդում գերեվարված պահեստազորայիններն են, ոչ թե ռազմագերիներ են, այլ «ահաբեկիչներ և դիվերսանտներ»:
Հայկական կողմն Ադրբեջանին է փոխանցել 15 անձի, նրանց թվում ոչ միայն ռազմագերիներն են, այլև Արցախում երեխայի սպանության ու այլ հանցագործությունների համար դատապարտված ադրբեջանցիներ Շահբազ Գուլիևն ու Դիլհամ Ասկերովը։