Մատչելիության հղումներ

Նախկին քրեաօլիգարխիկ համակարգը փորձելու է քաոս առաջացնել, արժեզրկել ընտրությունները


Փաստաբան, «Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանի համար զավեշտալի է, որ արտահերթ ընտրություններին մասնակցելու են քաղաքական ուժեր, անհատներ, ովքեր տարիներ շարունակ զբաղված են եղել ընտրակեղծարարությամբ: «Ազատության» հետ զրույցում նա կարծիք է հայտնում, որ նախկին քրեաօլիգարխիկ համակարգը փորձելու է քաոս առաջացնել, արժեզրկել ընտրությունները: Անդրադառնում է նաև Սյունիքում տեղի ունեցած դեպքերին:

Ստորև ներկայացնում ենք հատված հարցազրույցից.

Նորայր Նորիկյան - Գլխավոր դատախազությունը, Հատուկ քննչական ծառայությունն ուղղակիորեն վիժեցրեցին ընդհանրապես կոռուպցիայի դեմ պայքարի ռազմավարությունը, եթե այդպիսին եղել է: Ես կարող եմ հիմա անուններ ասել` երկրորդ, երրորդ նախագահների նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը: Ընդհանրապես երրորդ նախագահի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումն իմ մոտ պարզապես զավեշտ և ծիծաղ է առաջացնում: Ազգային ժողովի նախագահների նախկին` Արա Բաբլոյանի, Հովիկ Աբրահամյանի: Դուք չեք կարող այսօր վկայակոչել, թե ուր են հասել և ինչ արդյունք են արձանագրել: Նախկին գլխավոր դատախազի, ֆինանսների նախկին նախարարի, երրորդ նախագահի եղբայրների նկատմամբ, երկրորդ նախագահի որդու նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը, նախկին նախարարների, նախկին քաղաքապետերի` Գագիկ Բեգլարյան, Տարոն Մարգարյան, և կարելի է այս շարքը թվարկել, Սուրեն Խաչատրյան:

Գիտեք` այսքան պատահականություն չի կարող լինել, գալ իշխանության զրո հանդուրժողականություն կոռուպցիայի դեմ, քրեաօլիգարխիկ համակարգի կազմաքանդման քողի տակ գալ իշխանության և իրականացնել այնպիսի կոռուպցիայի դեմ քաղաքականություն, որի արդյունքը զրո է, սա կարող է խոսել մի բանի մասին, որ խոսքի և գործի միջև ուղղակի կա անհամատեղելիություն, ինչը վերջնարդյունքում արժեզրկելու է պետական ինստիտուտներն ամբողջությամբ:

Այս ամենի զավեշտը նա է, որ այս ընտրական ցիկլում իմ ասածներին զուգահեռ մասնակցելու են քաղաքական ուժեր, անհատներ, ովքեր զբաղված են եղել տարիներ շարունակ ընտրակեղծարարությամբ, ընտրական իրավունքի գաղափարաբանության արժեզրկմամբ, ընտրական համակարգի պղծմամբ, և սա անվանվում է արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Ինձ համար, օրինակ, շատ վիրավորական է, որ այս ընտրություններին ֆավորիտներ են ընկալվում մարդիկ, որոնք ուղղակիորեն Հայաստանի Հանրապետությունում ամեն ինչ արել են` պղծելու ընտրական համակարգը, իշխանություն ձևավորելու փիլիսոփայությունը և Սահմանադրության առաջին ու երկրորդ հոդվածներով ամրագրված գլոբալ արժեքները:

«Ազատություն» - Սյունիքում պատահածն ինչպե՞ս կմեկնաբանեք: Կա տեսակետ, որ եթե ադրբեջանցիները ձեր տանն էլ ընդհուպ մոտենային, դուք էլ կհայհոյեիք: Դրա մեղավոր են համարում Նիկոլ Փաշինյանին, դրա համար էլ հայհոյում են նրան:

Նորայր Նորիկյան - Այնուամենայնիվ, ես հեռու եմ այն մտքից, որ դա ինքնաբուխ մարդկանց կողմից ձեռնարկված ինքնաբուխ քայլ էր, որը կարելի էր տեղավորել էմոցիոնալ և Ձեր նկարագրած համապատկերում: Ակնհայտ է, որ դա փորձ էր` արտահերթ խորհրդարանական ընտրությունները և դրան նախորդող քարոզարշավի ընթացքն այդպիսի տոնայնությամբ և շեշտադրումներով կազմակերպելու համար որոշակի շրջանակների կողմից: Ակնհայտ է, որ իրենք փորձելու են ամբողջ ընտրական գործընթացը ցանկացած մարզում Նիկոլ Փաշինյանի կողմից տեղաշարժի պայմաններում այդպես իրականացնել, երկիրը բերել քաոսի տրամադրության: Ես մտահոգված եմ այդ առումով, որ երկպառակությունները, հասարակության որոշակի շրջանակների կողմից ընդվզումները…

«Ազատություն» - Ովքեր են դրանք, պարո՛ն Նորիկյան:

Նորայր Նորիկյան - Այն բոլոր ուժերն են նախկին իշխանությունների, նախկին քրեաօլիգարխիկ համակարգի, նախկին բանդաների, բռնությունը որպես քաղաքական պայքարի գործիք գործածողների շրջանակներն են, որոնք ամեն ինչ անելու են արժեզրկելու արտահերթ խորհրդարանական ընտրությունների լեգիտիմությունը և փորձելու են ոչ ֆորմալ ազդեցություններով ազդել ընտրությունների վերջնական ելքի վրա:

«Ազատություն» - Այսինքն` նաև ընտրակեղծիքներ բանեցնել:

Նորայր Նորիկյան - Այո, և այստեղ ես ուզում եմ վերադառնալ նաև գործող իշխանությանը, որովհետև այդ սուբյեկտների գոյությունը քաղաքական դաշտում ես վերագրում եմ գործող իշխանությանն այն առումով, որ ինչո՞ւ պիտի այսօր Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, ընդհանրապես նախկին այդ համակարգն ինչո՞ւ պետք է այսօր կենսունակ լիներ, ինչո՞ւ դուք ժամանակին երեք տարվա ընթացքում չբռնեցիք այդ ձեռքը և հարց չտվեցիք` որտեղի՞ց ձեզ այդ միլիոնները, այդ միլիարդները, որ դուք այսօր ամբողջությամբ զավթել եք մեդիադաշտը, ինչո՞ւ պետք է այսօր մեր ժողովրդի վզին փաթաթված լիներ Ռոբերտ Քոչարյան երևույթը` որպես այլընտրանքային իշխանություն, քրեական պատասխանատվության փոխարեն այսօր նրանք հավակնեին իշխանության:

XS
SM
MD
LG