Մատչելիության հղումներ

Դրամը վերստին սկսել է արժևորվել, սակայն քաղաքացիները դեռ ապրանքների գնանկում չեն նկատում


Սուպերմարկետ Երևանում, արխիվ
Սուպերմարկետ Երևանում, արխիվ

Ամիսներ շարունակ արժեզրկվելուց հետո վերջին շաբաթներին հայկական դրամը սկսել է արժևորվել, այսօր հայաստանյան բանկերում ամերիկյան մեկ դոլարն արժեր 522 դրամ։ Երեք շաբաթ առաջ դոլարի ամենացածր արժեքը 538,5 դրամ էր։

Դրամի կայունացման այս միտումը նկատվեց այն բանից հետո, երբ Կենտրոնական բանկը հայտարարեց, որ արտարժութային շուկայում գործառնություններ կիրականացնի։

Դրամն արժեզրկվեց Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների՝ հրադադարի մասին նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո, տնտեսագետները բացատրեցին՝ քաղաքացիներն իրենց խնայողությունները արտարժույթի՝ մասնավորապես դոլարի էին վերածում, ինչն էլ հանգեցրել էր դրամի արժեզրկմանը։

Ըստ մասնագետների՝ դրամի արժեզրկումը գնաճի պատճառներից մեկն է։

«Փոխարժեքի զսպումը դրական է ազդելու գնաճի վրա», - «Ազատության» հետ զրույցում կարծիք հայտնեց տնտեսագետ Հայկազ Ֆանյանը՝ շարունակելով․ - «Բայց այդ մեխանիզմը փոխարժեքի որոշակի ժամանակային լագով է աշխատելու, այսինքն՝ մենք մի քանի շաբաթ և միգուցե նույնիսկ մեկ ամիս անց նոր կարող ենք զգալ հստակ ազդեցությունը ապրանքների վրա»։

Տնտեսագետն օրինակ է բերում ավելի էժան դոլարով գնումները, որոնք շուկայում ավելի ուշ կհայտնվեն. - «Խոսքը ներմուծվող ապրանքների մասին է, որ պարբերականությամբ են ներմուծում, հետևաբար՝ էժան դոլարով ձեռք բերած ապրանքները մենք մեր շուկայում ունենալու ենք որոշակի շաբաթներ անց և այդ ժամանակ նոր կարող ենք զգալ այդ գների նվազումը»։

Տնտեսագետ Սուրեն Պարսյանի խոսքով՝ դրամի վրա ազդող տնտեսական անկման, բացասական սպասումների, տրանսֆերտների կրճատման գործոնները չեն վերացել: Ըստ տնտեսագետի` դրամի ներկայիս կուրսը հիմնականում պայմանավորված է ԿԲ հայտարարությամբ և հնարավոր քայլերով. «Կենտրոնական բանկը ցույց է տվել մեր սպառողներին, ազգաբնակչությանը, որ եթե հանկարծ, օրինակ, դրամի փոխարժեքը 525-ից անցնի, նա դարձյալ ներարկում է իրականցնելու տնտեսության մեջ կամ արտարժույթի շուկայում: Բնականաբար, այս պայմաններում տնտեսությունը որոշակի զգուշավորություն է ցուցաբերում, և նրանք կտրուկ տատանումների չեն գնում, բայց այս կուրսի պահելը բավականին թանկ է արժենում պետական բյուջեի կամ պետական պահուստների համար: Եթե տնտեսությունը չաշխուժանա, ներդրումներ չլինեն, ապա այդ ամենը կլինի ուղղակի իզուր»:

Տնտեսագետն ասում է՝ երկրում առկա անորոշության պայմաններում տնտեսվարողներն ու քաղաքացիները մեծ զգուշավորություն են ցուցաբերում: Սուրեն Պարսյանը կարճաժամկետ հեռանկարում դրամի արժևորման արդյունքում գների իջեցում չի սպասում. «Նկատի ունենալով, որ մեր շուկայի մեծ մասը մոնոպոլացված է, հատկապես ներկրվող ապրանքների մասով, այդ ապրանքային շուկայում տնտեսվարողները կարողանում են գին թելադրել, և դրամի կուրսի փոփոխությունը չի ազդում տնտեսվարողների գնային քաղաքականության վրա, գոնե կարճաժամկետ հատվածում: Եթե մրցակցային լինի շուկան, բնականաբար կտրուկ գների վերանայում տեղի կունենար»:

Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո Կենտրոնական բանկը արտարժույթի շուկայում գործողություններ իրականացնելու մասին հայտարարել է արդեն 4 անգամ։

Առաջին անհրաժեշտության պարենային ապրանքների զգալի գնաճը Հայաստանում նկատվեց 2020-ի տարեվերջին. թանկացան ձեթը, շաքարավազը, ալյուրը, մի շարք այլ ապրանքներ:

«Ազատությունն» այսօր Երևանի ամենամեծ սուպերմարկետներից մեկում արձանագրեց՝ մեկ լիտր ձեթն արժե շուրջ 1300 դրամ: Ըստ առևտուր անող քաղաքացիների` ամիսներ առաջ այն երկու անգամ էժան էր. «Սա 600-650 դրամ էր, բայց ես ուզում եմ ուտել չէ՞»:

«Եկա, գները տեսա, սարսափեցի», - ասաց առևտուր անող կանանցից մեկը. «Մենակ ձեթը չի է, ամեն ինչն ա թանկացել: Տենց չի կարելի, ժողովրդի գրպանից է գնում»:

Թանկացումները հարվածել են բոլորի դրամապանակներին. «35 հազար թոշակով ո՞նց պիտի ապրես: Շատ-շատ թանկացում է ուժեղ, չի կարելի սենց, ժողովուրդը փող չունի, արդեն մարդիկ մուրալով են ման գալիս»:

XS
SM
MD
LG