Մատչելիության հղումներ

«Հյուսիս-հարավի» Թալին-Գյումրի հատվածի մի կողմի ասֆալտապատումը խոստանում են ավարտել մինչև աշուն


Ավելի քան մեկ տարվա դադարից հետո մեկնարկել են «Հյուսիս-հարավ» մայրուղու 46 կմ երկարությամբ Թալին-Գյումրի հատվածի ասֆալտապատման աշխատանքները: Փորձնական ասֆալտապատված հատվածից փորձաքննության ուղարկված նմուշը բավարարել է չափանիշներին, որից հետո արդեն 3-րդ օրն է` սկսվել է մայուղուղու հիմնական ասֆալտապատումը:

Եռաշերտ ասֆալտ է արվելու 20 սմ հաստությամբ, վստահեցնում է այսօր շինարարության վայր այցելած տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանը: Տարիներ շարունակ կառուցվող մայրուղին նախատեսված էր, որ բետոնապատ պետք է լինի, արդյոք բետոնն ասֆալտով փոխարինելը պայմանավորված է գումարի տնտեսմամբ, այսօր լրագրողները հետաքրքրվեցին նախարարից։

«Չէ, խնդիրն այստեղ էկոնոմիան չէ, գիտեք, որ կան բազմաթիվ քրեական գործեր, որոնց մեջ նաև էական դերակատարում ունի գործող բետոնի որակի հարցը, այսինքն` Հայաստանում առկա ցեմենտը կամ քարային հիմքը, այնտեղ բազմաթիվ կոմպոնենտներ կան, չի համապատասխանում այն ստանդարտներին, որ առաջադրել է բանկը, կամ մեր առաջ, որ դրել ենք այդ խնդիրը: Տեսանելի է, այսինքն, թե դեպի Արտաշատ, թե դեպի Աշատարակ ու Երևան որակը տեսանելի է, և սա մեր գերատեսչության միանձնյա որոշումը չէ: Երկար քննարկումներից հետո հանձնաժողովը, որը զբաղվում է սրանով, որոշում է ընդունել անցում կատարել ասֆալտբետոնյա ծածկի, որը բերելու է մեզ համար արագություն, գնի փոփոխություն, ըստ էության, այս փուլում գրեթե չունենք, նույնիսկ մի փոքր էժան: Այնուամենայնիվ, խնդիրն ավելի էժան գին ունենալը չէր, խնդիրն այստեղ արագություն ու որակ ունենալն էր: Մենք սրանով կունենանք այդ որակն ու արագությունը», - ասաց նախարարը:

Ճանապարհահատվածի կառուցապատողը չինական «Սինոհիդրո քորփորեյշն» ընկերությունն է: Անցած տարի համավարակով պայմանավորված չինական կազմակերպությունն իր աշխատակիցներին Հայաստան տեղափոխելու խնդրի առաջ կանգնեց, և միայն աշնանը նրանց մի մասը կարողացավ գալ: Կազմակերպությունը անցած տարի Մարալիկում կառուցել է բավականին հզոր ասֆալտի գործարան՝ 240-ից մինչև 320 տոննա արտադրական ծավալով: Կապալառուն խոստանում է մինչև աշուն ավարտել 46 կիլոմետրանոց հատվածի մի կողմի ասֆալտապատումը և երթևեկությունը տեղափոխել այդ հատված:

«Թալինից մինչև Գյումրի մինչև աշուն նախատեսում ենք, որ ունենանք ասֆալտապատ ճանապարհ, որով կարող ենք երթևեկել հանգիստ, դա հստակ է», - նշեց Պապիկյանը:

Ինչ վերաբերում է «Հյուսիս-հարավ» մայրուղու տրանշ-2՝ Աշտարակ-Թալին հատվածի շինարարության վերսկսմանը, ապա ըստ նախարարի՝ կառուցման մեկնարկին խոչընդոտում են հարուցված քրեական գործերը. «Նախորդ կատրված աշխատանքների մասով ունենք տասնյակ քրեական գործեր, հիմա նույնիսկ ճանապարհի շարունակությունը տրանշ 2-ում մեծապես պայմանավորված է այդ քրեական գործերի ճակատագրով, այսինքն` փորձաքննվում է այդ ճանապարհի որակի, արած աշխատանքի ու բազում հարցեր, քանի դեռ փորձաքննությունը չի ավարտվել, մենք զբաղվե՞նք ճանապարհը սարքելով կամ նոր շերտ դնելով, այստեղ մենք խնդիրներ կհարուցենք ոչ միայն քննչական մարմնի, այլև հետագայում հենց մեզ համար»:

Սուրեն Պապիկյանը նշեց, որ նախատեսում են առաջիկայում մրցույթ հայտարարել Հայաստանի հարավը հյուսիսին կապող ճանապարհի տրանշ 4-ի՝ Արտաշատ-Քաջարան հատվածի կառուցման համար. «Հիմա պրոցեսի մեջ է: Գիտեք, որ հունիս ամսին կունենանք մի շարք նախագծեր, որ վերաբերում է Քաջարան-Ագարակ հատվածին, և ունենք նաև որոշում` օգոստոսի դրությամբ հայտարարել այդ հատվածների շինարարության մրցույթ` նախագծերը պատշաճ ունենալուց հետո մենք կզբաղվենք այդ աշխատանքով: Հիմա գործընկերները բավականին ակտիվ զբաղվում են դրա իրականացմամբ, մնացածը` առաջիկայում»:

Վերջին տրանշը` 5-րդը Գյումրի Բավրա հատվածն է: Այս պահին նախագծային աշխատանքներ են տարվում, բայց թե երբ են մեկնարկելու աշխատանքները, առայժմ հստակ չէ:

XS
SM
MD
LG