Մատչելիության հղումներ

Թուրքիայում ԱՄՆ դեսպանին կանչել են ԱԳՆ և խիստ բողոք հայտնել


Թուրքիայում ԱՄՆ դեսպան Դեյվիդ Սաթերֆիլդը և նախագահ Ռեջեփ Էրդողանը, արխիվ, Անկարա, 28 օգոստսի, 2019թ.
Թուրքիայում ԱՄՆ դեսպան Դեյվիդ Սաթերֆիլդը և նախագահ Ռեջեփ Էրդողանը, արխիվ, Անկարա, 28 օգոստսի, 2019թ.

Թուրքիայում ԱՄՆ դեսպանը կանչվել է Արտգործնախարարություն, որտեղ Անկարան իր խիստ բողոքն է հայտնել`1915 թվականի իրադարձությունները որպես ցեղասպանություն ճանաչելու` նախագահ Բայդենի որոշման կապակցությամբ: Ըստ պաշտոնական հաղորդագրության, փոխարտգործնախար Սեդաթ Օնալը ամերիկացի դեսպանին ասել է, որ Բայդենի հայտարարությունը իրավական հիմք չունի, և որ Անկարան «մերժում է այն, համարում անընդունելի և դատապարտում ամենախիստ ձևով»:

«Բայդենի այդ քայլը երկկողմ հարաբերություններում մի վերք է բացել, որը դժվար կլինի ամոքել»,- ընդգծել է Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչությունը:

Նախագահ Էրդողանի խոսնակն իր հերթին պնդել է` ԱՄՆ նախագահ Բայդենի հայտարարությունը Թուրքիայի համար առոչինչ է. «Իրավական առումով միայն միջազգային դատարանը կարող է նման գնահատական տալ», «Ալ Ջազիրային» ասել է Իբրահիմ Քալընը` հիշեցնելով Սրեբրենիցայի և Ռուանդայի իրադարձությունների վերաբերյալ նմանատիպ ատյանների որոշումները:

«Մենք տեղեկացրել էինք Ամերիկայի իշխանություններին, որ Բայդենի այդ քայլը վնասելու է երկկողմ հարաբերություններին, սակայն նրանք գնացին այդ քայլին` առանց պատմական, իրավական ու քաղաքական հիմքերը հաշվի առնելու», - ասել է Քալընը` զգուշացնելով, որ Անկարան քաղաքական պատասխան է տալու: Թե կոնկրետ ինչպիսի` թուրք բարձրաստիճան պաշտոնյան չի հստակեցրել:

Խոսելով Հայաստանի հետ հարաբերությունների մասին` Քալընը հիշեցրել է, որ ղարաբաղյան վերջին պատերազմից հետո նախագահ Էրդողանը մի քանի անգամ կրկնել է` եթե Հայատսանը անհրաժեշտ քայլեր ձեռնարկի, Անկարան պատրաստ է կարգավորել հարաբերություններն ու բացել սահմանները: «Սակայն, նման անհարկի հայտարարությունները բարդացնում են ողջ գործընթացը», - ասել է Էրդողանի խոսնակը, մանրամասնելով. «Բայդենի անարդար և անհիմն հայտարարությունը նպաստում է, որ առավել բարձր հնչի հայկական սփյուռքի ծայրահեղական հատվածի ձայնը, որը առավել ագրեսիվ է տրամադրված և դեմ է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը»:

«Այսօրինակ քննարկումներից որևէ մեկը չի շահում, դրանցով պետք է պատմաբանները զբաղվեն»,- երեկ, արձագանքելով ԱՄՆ նախագահի հայտարարությանն, ասել էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը, հավելելով` երրորդ երկրների կողմից քաղաքականացվելով` «այս հարցը դառնում է գործիք Թուրքիայի ներքին գործերին միջամտելու համար»։

XS
SM
MD
LG