«Անջատում հանուն փրկության» բանաձևի կիրառումը տեսնում ենք որպես Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման միակ լուծում», - հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ այսօր ընդունելով Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարշեի գլխավորած պատվիրակությանը, որը Երևանում մասնակցում է Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին:
Վարչապետն ընդգծել է Ֆրանսիայի կարևոր դերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում: Այս համատեքստում, կառավարության ղեկավարն առանցքային է համարել Ֆրանսիայի Սենատի կողմից Արցախի անկախության ճանաչման անհրաժեշտության մասին բանաձևի ընդունումը: Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Սենատի բոլոր այն քաղաքական ուժերին, որոնք իրենց աջակցությունն են հայտնել բանաձևի ընդունմանը:
«Երախտապարտ ենք 44-օրյա պատերազմի օրերին խաղաղության ձգտելու Ֆրանսիայի բոլոր քայլերի համար», - հայտարարել է վարչապետը:
Սենատի նախագահն ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղի ճանաչման բանաձևն իրենց համար ավելին է, քան փաստաթուղթը: Լարշեի խոսքով՝ բանաձևում նշվածը միայն խոսքեր չեն. այնտեղ կան պահանջներ, ակնկալիքներ: «Փաստաթուղթը հանդիսանում է այն լծակը, որի միջոցով բանակցությունները կհանգեցնեն երկարատև խաղաղության հաստատման», - ասել է Ժերար Լարշեն:
Ֆրանսիայի Սենատի նախագահը կարևորել է պատերազմի հետևանքով զոհվածների ընտանիքներին, ինչպես նաև իրենց բնակավայրերից տեղահանվածներին մարդասիրական օգնության տրամադրումը և հավելել, որ այդ ուղղությամբ քայլերը լինելու են շարունակական: Լարշեն առանցքային է համարել դեռևս Ադրբեջանում գտնվող հայ գերիների վերադարձի ապահովումը:
Փաշինյանը բարձր է գնահատել փաստը, որ այսօր Ֆրանսիայից նման ներկայացուցչական պատվիրակություն է գտնվում Հայաստանում, ինչը «վկայում է այն մասին, թե Ֆրանսիայի պետությունը ինչպիսի կարևորություն է տալիս Հայաստանի հետ հարաբերություններին: Բարձր ենք գնահատում մեզ զորակցություն հայտնելու ֆրանսիացի ժողովրդի անկեղծ ձգտումը»: Նրա խոսքով՝ այս ամենը ոչ միայն վկայությունն է երկկողմ պատմական, մշակութային կապերի, այլև այն արժեքների, որոնք Հայաստանն ու Ֆրանսիան կիսում են. խոսքն առաջին հերթին ժողովրդավարության մասին է:
Նիկոլ Փաշինյանը շեշտել է Ֆրանսիայի կարևոր դերը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործում և հիշեցրել, որ այս տարվա հունվարին լրացել է այդ երկրի կողմից Մեծ Եղեռնի ճանաչման 20-րդ տարին: Այս առումով վարչապետը կարևորել է Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի նախաձեռնությունը, որով պաշտոնապես ապրիլի 24-ը Ֆրանսիայում նշվում է որպես Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր:
Ժերար Լարշեն նշել է, որ Սենատի խոշոր պատվիրակության Երևան ժամանելը վկայում է Հայաստանի նկատմամբ համերաշխության ու բարեկամության մասին: «Այստեղ ենք՝ մեր համերաշխությունը հայտնելու հայ ժողովրդին: 20 տարի առաջ նախագահ Ժակ Շիրակը ստորագրեց Հայոց ցեղասպանության ճանաչման օրենքը, ինչը վկայում է, որ մենք լիարժեք կիսում ենք հայ ժողովրդի ցավը», - ասել է նա:
Զրուցակիցներն անդրադարձել են նաև հայ-ֆրանսիական հարաբերությունների հետագա զարգացմանը, Հայաստանում ժողովրդավարության ամրապնդմանը, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հնարավորություններին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության դերակատարության ակտիվացմանը վերաբերող հարցերի: