Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշն այսօր հայտարարել է, թե «Ռուսաստանը ոչնչացրել է հարաբերությունները Չեխիայի հետ»:
Վարչապետի փոխանցմամբ, «այդ հարաբերությունները հիմա սառեցված են»: Բաբիշի այդ մեկնաբանությունների մասին է հաղորդում denik.cz. լրատվական չեխական կայքը:
«Մոսկվան ոչնչացրել է մեր երկկողմ հարաբերությունները: Չեխիան շահագրգռված է Ռուսաստանի հետ պարկեշտ հարաբերություններով, որոնք հաստատվում են երկու ինքնիշխան և իրավահավասար պետությունների միջև»,- ասել է Անդրեյ Բաբիշը:
Չեխիայի կառավարության ղեկավարն ակնկալում է մայիսի 7-ին կայանալիք Եվրոպական խորհրդի նիստում կոշտ արձագանք Վրբետիցեում 2014 թվականին տեղի ունեցած միջադեպին, որի հետևանքով Պրահայի և Մոսկվայի միջև դիվանագիտական աննախադեպ սուր ճգնաժամ է սկսվել:
Չեխիան հայտարարել է, որ Ռուսաստանի գաղտնի ծառայությունների գործակալները Վրբետիցե ավանում պայթեցրել են երկու զինապահեստ, ինչի մասին տեղեկատվությունը մի քանի օր առաջ է հրապարակվել: Չեխիան արտաքսել է Ռուսաստանի 18 դիվանագետների, ի պատասխան դրան Ռուսաստանն արտաքսել է 20 չեխ դիվանագետի:
Դրանից հետո Պրահան երեկ հայտարարել է, որ Չեխիայում Ռուսաստանի դինավագետների թիվը կհավասարեցվի Ռուսաստանում Չեխիայի դիվանագետների թվին, ինչը գործնականում կհանգեցնի շուրջ վեց տասնյակ ռուսաստանցի դիվանագետների արտաքսմանը: