Ազգային ժողովի անկախ պատգամավոր, «Հանուն հայրենիքի» կուսակցության ղեկավար անդամ Արման Բաբաջանյանը Գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանին համարում է 44-օրյա «պատերազմի գլխավոր պարտվածը»։
«Ազատության» «Հարցազրույց Կարլեն Ասլանյանի հետ» հաղորդման ժամանակ Բաբաջանյանն ընդգծեց՝ Հայաստանը դեռևս հոկտեմբերի 14-ին է համաձայնել կանգնեցնել պատերազմը։
Հարցազրույցից մի հատված ներկայացնում ենք ստորև․
«Ազատություն»․ - Պարոն Բաբաջանյան, Դուք պատերազմի օրերին մի քանի անգամ մասնակցել եք վարչապետի հետ փակ հանդիպումներին, Ձեր տպավորությամբ՝ սեպտեմբերի 30-ի դրությամբ իսկապե՞ս զեկուցվել էր Փաշինյանին, որ դրությունն օրհասական է, պետք է րոպե առաջ կանգնեցնել պատերազմը, ինչպես որ պնդում է Գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանը և հերքում է վարչապետը։
Արման Բաբաջանյան․ - Ես ընդհանրապես Օնիկ Գասպարյանին չեմ ուզում մեկնաբանել, որովհետև նրան համարում եմ այս պատերազմի գլխավոր պարտվածը, և մի մարդ, ով Գլխավոր շտաբի պետի պաշտոնում լինելով վարչապետի հրաժարականը պահանջելուց հետո, այսօր դատական կարգով վիճարկում է որոշումները, որոնք որ հետո նրան կարող են կրկին նույն վարչապետի հետ աշխատանքի վերադարձնել։ Սա ուղղակի անպատվաբեր, պատիվ չունեցող զինվորականի վարք է, հետևաբար այն ստերը, որոնք որ նա շարունակում է և դրանք հետևողականորեն նաև վկայում են իր քաղաքական կողմնորոշումների մասին, ըստ էության, Սերժ Սարգսյանի հետ նրա ունեցած հարաբերությունները, որոնք հաջորդել են պատերազմական գործողություններին, ավելի ու ավելի ապացուցվում են նաև Օնիկ Գասպարյանի՝ նախօրեին արած հայտարարություններով, որ նա ուզում է իր և նախագահի ամբողջ ելույթների հրապարակում և այլն։
Ինչ վերաբերում է կոնկրետ այդ 30-ին տեղի ունեցածին, հոկտեմբերի 14-ին մենք հանդիպել ենք վարչապետին և տեսել եմ, որ վարչապետը պատրաստ է ժամ առաջ պատերազմը դադարեցնելուն ուղղված միջոցներ ձեռնարկել և ես տեսել եմ, թե քանի անգամ է վարչապետն օրվա ընթացքում իր վկայությամբ խոսել Պուտինի հետ և խոսել այն քայլերի մասին, որոնք որ կարող են կանգնեցնել պատերազմը, դա եղել է Լավրովի պլանը և Հայաստանը համաձայնել է դեռևս հոկտեմբերի 14-ին կանգնեցնել։
«Ազատություն»․ - Իսկ ինչո՞ւ էր Պուտինն ասում, որ այդքան էլ այդպես չէ, Հայաստանը չի համաձայնվել։
Արման Բաբաջանյան․ - Դե իհարկե, որովհետև Պուտինը և Ռուսաստանն այլևս ընդունակ չէին, Ռուսաստանի ռազմաքաղաքական պոտենցիալը չէր բավարարում, որպեսզի նա կանգնեցներ Թուրքիային և Ադրբեջանին այնտեղ, որտեղ Թուրքիան և Ադրբեջանն իրենց վերջնական հաղթանակած չէին համարի, և Ռուսաստանն ուղղակի և անուղղակի մասնակցեց Թուրքիայի և Ադրբեջանի վերջնական հաղթանակին, դա Հադրութի և Շուշիի հանձնումն էր։ Հոկտեմբերի 14-ին իրենք այդ նպատակից շատ հեռու էին, և Ռուսաստանի ներուժը, կարողությունները ուղղակի բավարար չէին, որպեսզի քաղաքական լուծում տրվեր՝ այդ պահին գոնե կասեցնելու ռազմական գործողությունները։ Իսկ ռուսական սպառազինությունը, որը հիմնական մեր ձեռքին ունեցած զենքն էր, պարտության մատնեց մեզ և որին մենք այսօր ապավինում ենք նաև սպառազինության ձեռքբերման ուղղությամբ։ Մեր պաշտպանական գերատեսչության հիմնական ղեկավարները, որոնք ունեն ընդգծված ռուսական վասալության հակումներ, ամբողջությամբ նորից փորձում են Հայաստանի բանակը կախված պահել ռուսական սպառազինությունից, ռուսական զենքից, մինչդեռ մենք տեսանք, որ այդ «պուրակը», որը բացվել է Բաքվում, շատ ավելի նվիրված չէ մեր զինվորներին, նվիրված է ռուսական պարտված, ջախջախված այն սպառազինությանը, որն ադրբեջանցիները կարողացան իսրայելական, թուրքական և այլ արտադրության միջոցներով, սպառազինությամբ ուղղակի ոչնչացնել։
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ