Մատչելիության հղումներ

Նիկոլ Փաշինյանը հայտարարում է՝ «ես եմ իրավիճակի գլխավոր պատասխանատուն, բայց ոչ՝ թիվ մեկ մեղավորը»


Խնդիրն այն է՝ ժողովուրդը կկորցնի՞ իշխանություն ձևավորողի իր կարգավիճակը, թե՞ կպահպանի, «Ազատության» հետ զրույցում հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ազատություն». - Մի խումբ քաղաքական ուժեր, նաև նրանց հետ կապ չունեցող հանրության մի զանգված պահանջում են Ձեր հրաժարականը, Դուք ի պատասխան երկու օր առաջ ասացիք, որ ժողովրդի կողմից տրված կարգավիճակից կհրաժարվեք միայն ժողովրդի կամարտահայտման հավաստի արդյունքների հիման վրա, խնդրում եմ պարզաբանեք՝ ի՞նչ է սա նշանակում, Դուք ասում եք, որ կհեռանաք միայն ընտրությունների միջոցով:

Նիկոլ Փաշինյան. - Խնդիրը ոչ թե այն է՝ ես հրաժարական կտամ, թե ես հրաժարական չեմ տա, խնդիրն այն է, թե ժողովուրդը կկորցնի՞ իշխանություն ձևավորողի իր կարգավիճակը, թե՞ կպահպանի: Ես չեմ կարող թույլ տալ, որ ժողովուրդը կորցնի իշխանություն ձևավորողի և իշխանության տիրոջ իր կարգավիճակը: Եվ ես Ազգային ժողովի ամբիոնից հարց բարձրացրի, իսկ ինչո՞ւ այդ ուժերը չեն պահանջում արտահերթ խորհրդարանական ընտրություններ:

«Ազատություն». - Նրանք ասում են, որ կկեղծեք:

Նիկոլ Փաշինյան. - Նրանք ունե՞ն որևէ փաստ, որ իմ վարչապետության օրոք թեկուզ մի ձայնի կեղծիք տեղի է ունեցել որևէ ընտրությունում:

«Ազատություն». - Ասում են՝ կարիք չունեիք 2018-ին կեղծելու, հիմա գուցե գնաք այդ քայլին:

Նիկոլ Փաշինյան. - Կարիք գուցե, բայց մենք գիտենք, որ այն ուժերը, որոնք ուզում են, այսպես ասած, խլել ժողովրդի իշխանությունը, նրանք իրենց գործունեության ողջ ընթացքում զբաղված են եղել ընտրակեղծիքներով և իշխանությունը պահել են ընտրակեղծիքներով: Ի վերջո, եթե ժողովրդի ձայնը կկեղծվի, ժողովուրդը գիտի ինչ անել:

«Ազատություն». - Պարոն վարչապետ, բացի այս քաղաքական ուժերը, կառավարության հեռացման մասին խոսել են նաև նախագահ Արմեն Սարգսյանը, կաթողիկոսները: Օրինակ՝ նախագահն ասում է, որ երկրում կա քաղաքական ճգնաժամ, որը պետք է հանգուցալուծվի, և փողոցում կանգնած մարդկանց թվով պետք չէ դատել այդ ճգնաժամի մեջ կամ փոքր լինելը: Ի՞նչ եք կարծում, իսկապե՞ս այս իրավիճակում տրամաբանական չէ, որ, օրինակ, լինի փոփոխություն գոնե վարչապետի և լինի անցումային կառավարություն, ինչպես, օրինակ, նախագահն է առաջարկում, թեկուզ ոչ այն ուժերի կողմից, որոնք այսօր փողոցում են:

Նիկոլ Փաշինյան. - Ո՞ւմ պետք է ներկայացնի այդ իշխանությունը, հենց դա է: Երբեմն աշխատանքային մակարդակում մենք այս պրոցեսը կոչում ենք, այսպես ասած, էլիտար բունտ, որի իրական նպատակը իշխանությունը ժողովրդից խլելն է, որովհետև հարցը հետևյալն է՝ ժողովո՞ւրդն է ձևավորում իշխանություն, թե՞ ինչ-որ մարդիկ փակ սենյակներում պայմանավորվածություններով ձևավորում են իշխանություն: Ըստ էության, ի՞նչ է առաջարկվում, ասվում է, որ եկեք այնպես անենք, որ ժողովուրդը չձևավորի իշխանություն, այլ իշխանությունը ձևավորեն ինչ-որ էլիտար խմբեր՝ փակ սենյակներում, փակ ակումբներում, փակ որոշումների հիման վրա: Սրանում է ամբողջ պրոբլեմը:

Ես արդեն ասացի, որ համարում եմ՝ ինձ ժողովուրդը այդ կարգավիճակը տվել է ի պահ: Դուք ասում եք, որ կան խմբեր, մարդիկ, ովքեր պահանջում են իմ հրաժարականը, բայց կան մարդիկ, ովքեր նույնպես հրապարակային արտահայտվում են, ովքեր ինձնից պահանջում են հրաժարական չտալ, հետևաբար, իմ հարցն էլի նույնն է՝ ինչո՞ւ այդ մարդիկ, նրանք ովքեր կարծում են, որ պետք է լինի փոփոխություն, ինչո՞ւ իրենք չեն պահանջում արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որևէ մեկը կարո՞ղ է բացատրել:

«Ազատություն». - Ասում են՝ այս պայմաններում ի՞նչ ընտրություն, երբ որ մարդիկ սգում են, էմոցիոնալ մեծ ֆոն կա: Վազգեն Մանուկյանն ասում է՝ դեռ մեկ տարի առնվազն ընտրություններ հնարավոր չէ անցկացնել

Նիկոլ Փաշինյան. - Դրա համար ես ասում եմ՝ եկեք կենտրոնանանք իրավիճակը Հայաստանի շուրջ կայունացնելու և Հայաստանում կայունացնելու վրա և մտածենք հետագա անելիքների մասին:

«Ազատություն». - Դուք բոլորին մեղավոր եք համարում բացի ձեզնից, ի վերջո, Դուք եք այս իրավիճակում երկրի ղեկավարը և պատասխանատվություն, ասում եք, ստանձնում եք, բայց մեղադրանքներն ուղղում եք այլ ուղղություններով: Ո՞րն է Ձեր մեղքը, պարոն վարչապետ:

Նիկոլ Փաշինյան. - Շատ լավ, ես ասում եմ՝ ես ինձ համարում եմ թիվ մեկ պատասխանատուն, բայց չեմ համարում թիվ մեկ մեղավորը: Դա չի նշանակում, որ ես ասում եմ՝ ես մեղավոր չեմ: Ես ասում եմ, որ թիվ մեկ պատասխանատվությունը և թիվ մեկ մեղավորությունը եկեք իրար հետ չխառնենք, որովհետև ես շատ պարզ հարց եմ տալիս, մեզ ասում են բա ինչի՞ էս 2,5 տարվա ընթացքում էս հարցը չի լուծվել և թվարկում են 30 տարվա օրակարգ: Այո, իմ մեղավորությունը դա է, որ 2,5 տարվա ընթացքում չեն լուծվել բազմաթիվ հարցեր, որոնք կարող էին ավելի լավ լուծվել, և ես ստանձնում եմ այդ պատասխանատվությունը, բայց դա չի նշանակում, որ 30 տարվա, 25 տարվա չարածի մեղավորությունը պետք է բոլորը հրեն դեպի գործող կառավարություն:

Արտահերթ ընտրությունները չեն կարող լինել միայն իմ կամքով և որոշմամբ, դրա շուրջ պետք է ձեռք բերվի համաձայնություն, առաջին հերթին խորհրդարանական ուժերի հետ:

«Ազատություն». - Ամենամեծ ընդդիմադիր կուսակցությունն ասում է՝ մենք միայն մեկ հարցով ենք պատրաստ Ձեզ հանդիպել, Ձեր հրաժարականի պայմանները քննարկելու:

Նիկոլ Փաշինյան. - Ես ասում եմ՝ ինչո՞ւ նրանք չեն պահանջում և ինչո՞ւ նրանք չեն խոսում արտահերթ ընտրությունների մասին, ո՞վ է որոշելու իշխանության ճակատագիրը Հայաստանի Հանրապետությունում, հարցը իմ հրաժարականի և ոչ հրաժարականի թեման չէ, հարցն այն է, թե ո՞վ է որոշելու իշխանության ճակատագիրը Հայաստանում, ժողովրդի կողմից ընտրված վարչապետի հրաժարականը, և հրաժարականին կարող է հասնել միայն ժողովուրդը, ապացուցելի կամարտահայտման միջոցով:

«Ազատություն». - Տարբեր խմբեր, պարոն վարչապետ, ձեզ մեղադրում են դավաճանության մեջ: Վերջերս Վատիկանում Հայաստանի նախկին դեսպանը հրապարակեց տեղեկություն՝ պնդելով, որ 2018-ի հոկտեմբերին Դուբայում ԱԱԾ նախկին տնօրենը հանդիպել է Ադրբեջանի հատուկ ծառայության ներկայացուցչին և ստացել ինչ-որ փակ ծրար, որում առաջարկվել է 5 միլիարդ դոլար Արցախին հարակից 7 շրջանների դիմաց: Ի՞նչ կասեք այս մասին:

Նիկոլ Փաշինյան. - Նախ, այդ կապի մասին ժամանակին ես հայտարարել եմ հրապարակային, բոլորը դրա մասին իմացել են, որ կա օպերատիվ կապ, և այդ պայմանավորվածությունը ձեռք է բերվել Դուշանբեի համաձայնություններից հետո: Այսինքն այդտեղ որևէ գաղտնիք ընդհանրապես չի եղել, սա առաջին: Երկրորդ՝ ես առաջարկում եմ, որ այդ հայտարարության հիման վրա հարուցվի քրեական գործ, և ընդդիմության շարքերն անցած նախկին պաշտոնյան գնա և ցուցմունք տա, այսինքն ինչի՞ ցուցմունք տա, թող հրապարակային պարզաբանումներ տա. Ազգային անվտանգության ծառայության տնօրենն առնչվել է դավաճանության փաստի հետ և քրեական գործ չի՞ հարուցել և ձերբակալելու փորձ չի՞ արել դավաճանին, ուրեմն ինքն է դավաճան, կամ առնվազն համադավաճան: Կամ ինքը, ենթադրենք, վարչապետին ենթակա մարմնի ղեկավար էր, հանցագործության մասին հաղորդում չի տվել Հատուկ քննչական ծառայություն կամ դատախազություն, կամ այդ պահին հրաժարական չի տվել, չի գնացել ասուլիս արել՝ դավաճանություն է տեղի ունենում:

Դա հո ասելով չէ: Ես համաձայն եմ, եկեք պարզ, բաց, թափանցիկ քննություն անենք, տեսնենք ով է դավաճան և ով դավաճան չէ: Կամ ասում են՝ 5 միլիարդ դոլարով Ղարաբաղը և հողերը վաճառել եմ, հետաքննություն արեք, ես պատրաստ եմ, ես ժամանակին այդ առաջարկը բոլորի համար եմ արել, թուղթ ստորագրել՝ լիազորագիր տալ, ու գնան ամբողջ աշխարհում իմ և իմ ընտանիքի ունեցվածքը ստուգեն, թող ստուգեն՝ իմ վարչապետ եղած ժամանակում իմ ընտանիքի նյութական վիճակն արդյոք որևէ կերպ բարելավվե՞լ է:

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG