Մատչելիության հղումներ

Ալեքսեյ Նավալնին բանտից տեղափոխվել է հիվանդանոց


Բժիշկները որոշում են կայացրել Ալեքսեյ Նավալնիին տեղափոխել դատապարտյալների համար Վլադիմիրի մարզային հիվանդանոց: Նրա վիճակը կալանավայրի բժիշկները բավարար են համարում, և ընդդիմադիր գործչի համաձայնությամբ նրան վիտամինային թերապիա է նշանակվել։

Ավելի վաղ Նավալնիի բժիշկները հրապարակել էին նրա արյան հետազոտության արդյունքները, որոնք հաստատում են այն տեղեկությունները, որ նրա առողջական վիճակը մոտ է կրիտիկականին: Բժիշկ Անաստասիա Վասիլևայի խոսքով՝ Նավալնիի մոտ կա սրտի հանկարծակի կանգի հավանականություն:

Հիշեցնենք` ութ տարի առաջ դատարանը նրան դատապարտել էր 2.5 տարվա պայմանական ազատազրկման «Իվ Ռոշե»-ի քրեական գործով, որը Մարդու իրավունքների եվրոպական դատարանն անօրինական է համարել: Այս տարվա հունվարին Նավալնին «Նովիչոկ» տիպի նյարդապարալիտիկ թունավորումից հետո Գերմանիայում ստացած բուժումից հետո վերադարձել է Մոսկվա և անմիջապես ձերբակալվել։ Դատարանը նրա պայմանական դատավճիռը փոխարինել էր իրական ազատազրկման, և փետրվարից Նավալնին Վլադիմիրի մարզի Պոկրով քաղաքի թիվ 2 ուղղիչ գաղութում է, որտեղ նրա առողջությունը կտրուկ վատացել էր։

Մարտի վերջից քաղաքական գործիչը հացադուլ է հայտարարել` բողոքելով, որ չի ստանում անհրաժեշտ բժշկական օգնություն, և միևնույն ժամանակ նրա բժշկին թույլ չեն տալիս տեսնել նրան:

Երեկ` կիրակի օրը Նավալնիի շտաբը հայտարարեց քաղաքական գործչին ազատելու պահանջով ապրիլի 21-ին հանրահավաքներ կազմակերպելու մասին։ Այդ նույն օրը Ռուսաստանի նախագահը հանդես է գալու դաշնային խորհրդին իր ավանդական ուղղերձով։ Նավալնիի աջակիցները չարտոնված բողոքի ակցիաներ են անցկացնելու երկրի բոլոր խոշոր քաղաքներում, այդ թվում՝ Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում:

Ավելի վաղ Ռուսաստանի իշխանությունները Նավալնիի ղեկավարած «Կոռուպցիայի դեմ հիմնադրամը» հայտարարել են էքստրիմիստական կազմակերպություն: Ընդդիմադիր գործչի աջակիցների մի զգալի մասի դեմ քրեական և վարչական գործեր են հարուցված, նրանց պարբերաբար բերման են ենթարկում, մի մասին դատապարտել են իրական ազատազրկման։ Փորձագետները թեև համարում են, որ չնայած նրան, որ իշխանությունները երկրում վախի մթնոլորտ են ձևավորել, Նավալնիի աջակիցների երկու օրից կայանալիք բողոքի ակցիաները մեծ հավանականությամբ մարդաշատ կլինեն։

Եվրամիության երկրների արտգործնախարարներն այսօր քննարկում են քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնիի շուրջ ստեղծված իրավիճակը: Սրա մասին ասել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը: Նրա խոսքով` ընդդիմադիրի առողջության համար պատասխանատվությունն ամբողջությամբ կրում են Ռուսաստանի իշխանությունները:

Ավելի վաղ Միացյալ Նահանգների կառավարությունը նախազգուշացրել է Ռուսաստանին «հետևանքների» մասին, եթե Կրեմլի քննադատ Նավալնին բանտում մահանա: Կիրակի օրը CNN հեռուստաալիքի եթերում այս մասին հայտարարել էր ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը։

«Մենք Ռուսաստանի կառավարությանը փոխանցել ենք, որ այն, ինչ տեղի է ունենում Նավալնիի հետ անազատության մեջ, իրենց պատասխանատվությունն է, և նրանք պատասխանատվություն են կրելու միջազգային հանրության առջև», - ասել է Սալիվանը:

XS
SM
MD
LG