Մատչելիության հղումներ

Վաշինգտոնը զգուշացրել է Մոսկվային «հետևանքների» մասին, եթե Նավալնին բանտում մահանա


ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվան, արխիվ
ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվան, արխիվ

Միացյալ Նահանգների կառավարությունը նախազգուշացրել է Ռուսաստանին «հետևանքների» մասին, եթե Կրեմլի քննադատ Ալեքսեյ Նավալնին բանտում մահանա: Այս մասին կիրակի օրը CNN հեռուստաալիքի եթերում հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը։

«Մենք Ռուսաստանի կառավարությանը փոխանցել ենք, որ այն, ինչ տեղի է ունենում Նավալնիի հետ անազատության մեջ, իրենց պատասխանատվությունն է, և նրանք պատասխանատվություն են կրելու միջազգային հանրության առջև», - ասել է Սալիվանը:

Ավելի վաղ Reuters-ը հայտնել էր, որ Նավալնիի երիկամային անբավարարության ռիսկը մեծանում է, և հացադուլի երկու շաբաթներից հետո նրա տեսողությունը վատթարանում է:

Բուժող բժիշկների պնդմամբ՝ ռուսաստանցի ընդդիմադիր գործչի առողջական վիճակը ծայրահեղ ծանր է։ Նավալնիի բժիշկների խոսքով՝ անհրաժեշտ է շտապ միջոցներ ձեռնարկել նրա առողջության հետագա վատթարացումը կանխելու համար։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հայտնի քննադատ 44-ամյա Ալեքսեյ Նավալնին մարտի 31-ից սկսեց հրաժարվել սննդից՝ բողոքելով ոտքի և մեջքի ցավի համար անհրաժեշտ բժշկական օգնության բացակայության դեմ:

Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամը հայտարարել է ընդդիմության հանրահավաքի մասին ի պաշտպանություն Նավալնիի: Ակցիան նշանակված է ապրիլի 21-ին, երբ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես կգա Դաշնային ժողովին ուղղված ուղերձով:

XS
SM
MD
LG