Ադրբեջանական «պուրակում» ցուցադրվող մանեկենների նկատմամբ վերաբերմունքը Ադրբեջանում միանշանակ չէ, «Ազատության» «Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդման ժամանակ ասաց ադրբեջանցի հայտնի իրավապաշտպան և նախկին քաղբանտարկյալ Արիֆ Յունուսովը, ով այժմ բնակվում է Հոլանդիայում, որտեղ նա քաղաքական ապաստան է ստացել իր կնոջ ՝ Լեյլա Յունուսովայի հետ։
Նրա համոզմամբ՝ այդ թանգարանը մեծ հարված է հացրել Ադրբեջանի իմիջին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն էլ այս թանգարանով իրականում խաղացել է հօգուտ հայերի։
Արիֆ Յունուսովի հետ հարցազրույցից մի հատված ներկայացնում ենք ստորև․
«Ազատություն»․ - Պարոն Յունուսով, ինչպե՞ս եք վերաբերվում առհասարակ այս պուրակին, հայ զինվորների մանեկեններին, զոհվածների ու վիրավորների գլուխներից վերցված հարյուրավոր սաղավարտներին: Ի՞նչ կարող եք ասել այս մասին:
Արիֆ Յունուսով. - Կարծում եմ, որ հարցը պետք է բաժանել երկու մասի: Նախ խոսքը Ձեր թվարկած ռազմական տեխնիկայի մասին էր: Սկզբունքորեն, այստեղ որևէ արտառոց բան չկա: Ես չէի ասի, որ դա ճիշտ քայլ էր, դե, տեխնիկան դա տեխնիկա է: Սակայն նույնիսկ Ադրբեջանում, այնտեղ ցուցադրվող մանեկենների նկատմամբ վերաբերմունքը ոչ միանշանակ է, և, ընդհանուր առմամբ, այն ձևը, որով ներկայացվում է այս ամենը, ոչ միանշանակ արձագանք է առաջացրել ադրբեջանական հասարակության մեջ:
Նման վիրավորական մանեկենները նախ վիրավորում են հենց ադրբեջանցիներին, քանի որ, ինչպես կարդում եմ, դրանք արված են խորհրդային ժամանակների ֆիգուրների ոճով, 50-ականների սովետական ֆիլմերի ոճով, որտեղ գերմանացիները ներկայացվում էին որպես հիմար և ոչ գրավիչ կերպարներ: Եվ շատերի մոտ հարց առաջացավ. եթե հայերին ցույց են տալիս այս տեսքով, ապա ո՞ւմ հետ ենք պատերազմել 30 տարի: Նվաստացնելով հայերին՝ արդյո՞ք դրանով չենք նվաստացնում ինքներս մեզ, չենք նսեմացնում մեր իսկ հաղթանակը: Ահա այսպիսի հարցեր են շատերը տալիս Ադրբեջանում: Այսինքն՝ վերաբերմունքը միանշանակ չէ:
Անձամբ ես միշտ մտածել եմ, որ Իլհամ Ալիևի գործողությունները վերջին շրջանում լուրջ հարցեր են առաջացնում, քանի որ հարց է ծագում՝ արդյո՞ք նա գիտակցում է, որ երկրի նախագահն է, այլ ոչ թե ինչ-որ թաղի տղա է, ով ինչ-որ մեկի հետ կռվել է և հիմա ուզում է չարախնդություն անել: Ես նկատի ունեմ, օրինակ, երբ նա երեխայի նման ցատկում է հայերեն գրությամբ ցուցանակների վրա: Պետության ղեկավարի համար դա բացարձակ անպարկեշտ է: Նույնն այս մանեկենների դեպքում է: Սա նրա նախաձեռնությունն է, և դա բացարձակապես չի համապատասխանում նախագահի մակարդակին, նախագահի, ով, ինչպես ինքն է ասում, ուզում է լուծել ղարաբաղյան հակամարտությունը, որը չի լուծվել:
Հասկանալի է, որ մանեկենների ցուցադրությունից հետո այս թանգարանը մեծ հարված հասցրեց Ադրբեջանի իմիջին: Հիմա ես ապրում եմ Եվրոպայում: Այստեղ միայն ծույլ մարդիկ չեն խոսում այսպես կոչված թանգարանի մասին, և նրանք դա, իհարկե, Ադրբեջանի համար շատ բացասական լույսի ներքո են մատուցում, և, ինչպես սիրում են ասել Ադրբեջանի իշխանությունները, երբ ես կամ ինչ-որ մեկը քննադատում է նրանց, նրանք միշտ ասում են, որ այդ մարդիկ ջուր են լցնում հայկական քարոզչամեքենայի ջրաղացին: Դե, այսօր կարող ենք ասել, որ Իլհամ Ալիևն այս թանգարանով իրականում խաղացել է հօգուտ հայերի: Այս թանգարանը շատ ավելի մեծ հարված է հասցրել Ադրբեջանի իմիջին, քան շատ հայեր փորձում են դա անել։
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև․