Արցախյան պատերազմի հետևանքով ադրբեջանական վերահսկողության ներքո անցնելուց հետո ամբողջությամբ ավերվել է Մեխակավան բնակավայրի Զորավոր Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցին, հայտարարում է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը: Եկեցեղու օծման և բացման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել 2017 թվականի հոկտեմբերի 1-ին:
Արման Թաթոյանը նշում է, որ եկեղեցու ավերելու փաստը հաստատվում է BBC-ի հրապարակումով: Ըստ ՄԻՊ-ի` եկեղեցին ավերվել է ոչ թե ռազմական գործողությունների, այլ դրանց դադարից հետո:
«Տեղի ունեցածը Ադրբեջանում հայատյացության և կրոնական հիմքով ատելության քաղաքականության հերթական արդյունքն է, միջազգայնորեն երաշխավորված կրոնական ազատության կոպիտ ոտնահարում», - շեշտում է Թաթոյանը:
Հայաստանի արտգործնախարարությունը ևս դատապարտել է տեղի ունեցածը:
«Խստագույնս դատապարտելի է Ադրբեջանի կողմից կրոնական ատելության հիմքով իրականացված հանցագործության հերթական այս դեպքը։ Միաժամանակ առավել անհանգստացնող է ադրբեջանական ղեկավար շրջանակների կողմից այս բարբարոսությունը հիմնավորելու փորձերը, ինչը ցույց է տալիս, որ վանդալիզմի այս հերթական դրսևորումն ունեցել է միտումնավոր բնույթ և իր կազմակերպվածությամբ հիշեցնում է Նախիջևանի պատմամշակութային ժառանգության համակարգված ոչնչացումը», - հայտարարել է ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը:
Հայաստանի գլխավոր դատախազությունից էլ տեղեկացնում են, որ Մեխակավանի ս. Աստվածածին եկեղեցին հիմնահատակ ավերելու, նաև Շուշիի «Կանաչ Ժամ» կամ Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին ավերելու փաստերը կդարձվեն քննության առարկա «Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված և իրականացված ագրեսիվ պատերազմի, դրա ընթացքում մարդկության ու խաղաղության դեմ գործված հանցագործությունների, միջազգային սովորութային մարդասիրական իրավունքի նորմերի կոպտագույն խախտումների դեպքերի առթիվ ՀՀ զինվորական դատախազության հսկողության և դատավարական ղեկավարման ներքո քննվող հսկայածավալ քրեական գործի շրջանակներում»:
«Այդ քրեական գործով քննության հիմնական ուղղություններից մեկն էլ հենց ադրբեջանական զինուժի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական պատմական հուշարձանները, պատմական կամ մշակութային առանձնակի արժեք ունեցող առարկաները, ծագումով հայերի գերեզմանները ոչնչացնելու, վնասելու կամ պղծելու արձանագրված դեպքերն են՝ դրանցով իրավական գնահատականներ տալու, հանցագործություն կատարած անձանց պատասխանատվության ենթարկման նպատակով», - ֆեյսբուքյան իր էջում գրել է դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը: