Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը բանակը թալանելու համար մեղադրում է Փաշինյանի իշխանությանը


Պատերազմի առաջին օրվանից են սկսվել անթույլատրելի սխալներն ու շարունակվել երկար ժամանակ։ Հենց սա էլ հիմք է տալիս մտածելու, որ այն դավադիր պատերազմ էր, «Արմնյուզ» հեռուստաընկերության հետ հարցազրույցում հայտարարել է երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։

«Հենց դրա համար էլ մարդիկ իրավունք ունեն մտածելու, որ դա եղել է դավադիր պատերազմ, որ դավադրություն է եղել», - նշել է Սերժ Սարգսյանը:

Սարգսյանն ասել է, թե իր օրոք ժամանակակից զինատեսակներ գնելու ծրագիր է հաստատվել՝ ֆինանսական հստակ աղբյուրներով։ Այդ ծրագրով նախատեսված էր մինչև 2024 թվականը 2500 անօդաչու թռչող սարք ձեռքբերել, հազարից ավելի ԱԹՍ-ները՝ մինչև 2020-ը, նաև Հակաօդային պաշտպանության համակարգեր։ Սակայն Փաշինյանի կառավարությունը այդ ծրագիրը փոխել է։ «Ցավոք սրտի, չգիտես ինչից ելնելով, միգուցե հայկական բնավորությունից, ավելի ճիշտ հայկական պաշտոնյայի բնավորությունից, որ ես եկել եմ, ինչ-որ բան պետք է փոխեմ, որովհետև նախկինները լավ չէին հասկանում, փոխեցին այդ ամբողջ ծրագիրը», - ասել է երրորդ նախագահը:

Նախկինների ծրագրից հրաժարվել են, փոխարենը գնել «Սու-30» կործանիչներ, որ Տավուշյան մարտերի ժամանակ մեկ անգամ է երկինք բարձրացել՝ այն էլ առանց սպառազինության, քննադատել է Սերժ Սարգսյանը. «Սպառազինությունը, դու չես կարող հենց այնպես նպատակ ունենալ դրանով ինչ-ինչ քաղաքական հարցեր լուծել, PR անել, մտածելով, որ տեսեք-տեսեք նախկինները «Իսկանդեր» էին բերել, մենք էլ «Սու-30» ենք բերում, նախկինները 80-ական թվականների զենք էին բերում, մենք էլ թափ-թազա «Սու-30» ենք բերում: Քանի՞ անգամ թռավ այդ «Սու-30»-ը»:

Փաշինյանի նախորդի քննադատություններին ու մեղադրանքներին կառավարությունից չեն արձագանքում։ Վարչապետի խոսնակը մեր զանգերին չպատասխանեց։ 2016-ի պատերազմի բացթողումներն ու սխալները քննող իշխանական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն էլ հրաժարվեց արձագանքել։ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը հակադարձեց Սարգսյանին՝ եթե շատ էին ցանկանում, թող ԱԹՍ-ները գնեին մինչև հեղափոխությունը։

«Նրանք նույնպես ունեին այդ երկու տարի ժամանակը, որ գոնե 16-18 թվականներին ԱԹՍ-ների մի խմբաքանակի հարց լուծած լինեին: Պատասխանատվություն էլ չեն կրում, ինչ ուզեն կարող են ասել, ասում են՝ մենք էս էինք պլանավորել, մենք էն էինք պլանավորել», - ասաց Հակոբյանը:

Մեկ տարի առաջ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե նախկին իշխանությունները 42 միլիոն դոլարի անպիտան զենքի են գնել։ «Դա զենք էլ չէ, դա անհասկանալի է: Հիմա քրեական գործ է հարուցված, թող Սերժ Սարգսյանը գա սրա պատասխանը տա»,- ասել էր Հայաստանի վարչապետը։

Սերժ Սարգսյանը անդրադարձել է նաև այս սկանդալային գործի ընթացքին։ Ասում է՝ ոչ միայն պատասխան չի տվել, այլ մինչ օրս գեթ մեկ անգամ հարցաքննության չեն կանչել, անգամ ինքն է զարմացած։

«Ի՞նչ է այդ մարդիկ ձերբակալված են, ովքեր ուղիղ առնչություն են ունեցել այդ սարքավորումները ձեռք բերելու մեջ: Մի ամբողջ տարի է, ո՞ւր է: Ես մի քիչ զարմացած եմ հարց տալիս ու հետո ինքս ինձ ասում եմ՝ լսիր, ինչի՞ վրաս ես զարմանում, ստերի շտեմարանն ամեն անգամ բավարար չափաբաժին է բաց թողնում, մարդկանց հիմարացնում», - նշել է Սարգսյանը:

Բանակի թալանի համար Սարգսյանը մեղադրել է գործող իշխանությանը և խոստացել ներկաների թալանի մասին խոսել իշխանափոխությունից հետո։ Այս պահին բավարարվել է ենթադրյալ կոռուպցիոն գործարքից մեկ օրինակի մասին նշելով։ Պատերազմի օրերին կառավարությունը Պաշտպանության նախարարությանը շրջանցելով զրահաբաճկոններ է գնել մի քանի անգամ բարձր գնով. «Գնել են մեծ քանակով զրահաբաճկոններ գրեթե 600 դոլարով, ով այդ գործից շատ թե քիչ տեղեկություն ունի, կարող է չհավատալ»:

Հայաստանի նախկին ղեկավարի այս հայտարարությունից մեկ օր է անցել, բայց կառավարությունից որևէ կերպ չեն արձագանքել՝ ճիշտ է Սարգսյանի տեղեկությունը, թե ոչ։ Իշխանական պատգամավորն էլ չգիտի՝ զրահաբաճկոն գնել են, թե ոչ և քանի անգամ թանկ, բայց վստահ է՝ այս հարցում էլ նախկիններն են մեղավոր։

«Ես կարող եմ մեկ բան ասել՝ իսկ ինչո՞ւ պետք է զրահաբաճկոնի կարիք լիներ իր իշխանավարած 10 տարիներից հետո, որ դեռ մի բան էլ մենք, ենթադրենք, «երեք անգամ թանկ զրահաբաճկոն գնեինք», ինչո՞ւ այդ հարցը գոնե լուծված չէր այդ 10 տարիների ընթացքում, որ մենք պետք է լուծեինք պատերազմի այդ օրհասական պահին», - ասաց Հակոբյանը:

Սերժ Սարգսյանի հայտարարություններից ու քննադատություններն էլ հաստատում են, որ պետք է ստեղծվի այս պատերազմը քննող հանձնաժողով, պնդում է «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը։

«Այս բոլոր հանգամանքները պետք է քննվեն, որովհետև եթե այս հանգամանքները չեն քննվում հիմա, և մենք ասում ենք՝ թող Նիկոլը հեռանա հետո կքննենք, էս ինֆորմացիաները հնանալու են, էս ինֆորմացիաների հետ կապված վկայություն տվողները հետո կարող է այլ վկայություններ տան», - ընդգծեց Մարուքյանը:

Ընդդիմադիր պատգամավորի առաջարկած ձևաչափով հանձնաժողովին դեմ է իշխող մեծամասնությունը։ Մարուքյանը առաջարկում է այնպիսի հանձնաժողով ստեղծել, որ իշխանությունը չլինի մեծամասնություն և հնարավոր լինի նաև արտախորհրդարանական ուժերով օբյեկտիվ քննել պատերազմի ու պարտության պատճառները և մեղավորներին պատժել։

XS
SM
MD
LG