Մատչելիության հղումներ

Եվրոպական երկրներում սկսում են թուլացնել կարանտինը


Միացյալ Թագավորություն - Կորոնավիրուսի դեմ պատվաստման շրջիկ կետ Լոնդոնում, փետրվար, 2021թ․
Միացյալ Թագավորություն - Կորոնավիրուսի դեմ պատվաստման շրջիկ կետ Լոնդոնում, փետրվար, 2021թ․

Անգլիան թուլացնում է կորոնավիրուսի հետ կապված սահմանափակումները, քանի որ վարակի տարածումը նվազում է, և մեծահասակների մեծամասնությունը ստացել է COVID-19-ի դեմ պատվաստանյութի առնվազն մեկ դոզա:

Այսօրվանից բոլոր խանութները կարող են վերաբացվել, մարդիկ կարող են վարսավիրանոցներ այցելել: Մարզադահլիճները, լողավազանները, գրադարանները և կենդանաբանական այգիները նույնպես կարող են վերաբացվել:

Վարչապետ Բորիս Ջոնսոնը, ռեստորանների և բարերի հետ միասին, որոնք ի վիճակի են սպասարկել հաճախորդներին դրսում, նախատեսում է տոնել այս իրադարձությունը գարեջրի այգում:

Ջոնսոնը սահմանափակումների թուլացումը որակել է «մեծ քայլ առաջ դեպի ազատություն մեր ճանապարհային քարտեզում», բայց բոլորին հորդորել է զգույշ և պատասխանատու լինել:

Վերաբացման հետ կապված դեռևս նախընտրելի են բացօթյա միջոցառումները՝ փակ տարածքներում վիրուսի տարածումը կանխելու համար:

Չեխիան այս տարի առաջին անգամ մեղմացնում է կարանտինը: Այսօրվանից դպրոցների տարրական դասարանների աշակերտները առկա ուսուցման կանցնեն, ու բազմաթիվ խանութներ կբացվեն:

Սահմանափակումների թուլացումն աստիճանական կլինի։ Օրինակ՝ ավագ դպրոցի աշակերտների և բուհերի ուսանողների համար առայժմ կշարունակվի հեռավար ուսուցումը: Սակայն կվերաբացվեն ֆերմերային շուկաները, ինչպես նաև կենդանաբանական և բուսաբանական այգիները:

Այսօրվանից Ֆրանսիայում կկարողանան պատվաստվել 55 տարեկանից բարձր տարիքի քաղաքացիները: Ակնկալվում է, որ Johnson & Johnson's ընկերության Janssen պատվաստանյութը կհասնի Ֆրանսիա, ինչը զգալիորեն կարագացնի գործընթացը, քանի որ պատվաստվելու համար հարկավոր է ընդամենը մեկ դեղաչափ:

XS
SM
MD
LG