Մատչելիության հղումներ

Գերիների հարցը շահարկվում է վրդովմունքը խորացնելու, ընտրական վիճակի վրա ազդելու համար. Ալեն Սիմոնյան


Գերիների հարցը շահարկվում է վրդովմունքը խորացնելու, ընտրական վիճակի վրա ազդելու համար, «Ազատության» հետ զրույցում հայտարարեց Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը:

«Այս ամենը արվում է վրդովմունքը Հայաստանի Հանրապետությունում խորացնելու համար Ադրբեջանի կողմից և նաև նախընտրական այս իրավիճակի վրա ազդեցություն ունենալու: Ես վստահ եմ, որ հիմա տարբեր շահարկումներ են գնում, տարբեր լրատվամիջոցներով տարբեր իմ գործընկերներ սա փորձում են ամեն ձև շահարկել, որը հասկանում եմ, այդպես էլ պետք է անեին», - ասաց Սիմոնյանը:

«Ազատության» հարցին, թե ի՞նչ է տեղի ունեցել երեկ և ինչո՞ւ գերիները չեն վերադարձվել Հայաստան, Սիմոնյանը պատասխանեց, որ նման պայմանավորվածություն չի եղել:

«Ուղղակի հույս է եղել, ինչպես բոլորս ունենք, որ այդ թռիչքն իր հետ լավ լուր կբերի, և մենք կկարողանանք ամսի 9-ի պայմանավորվածությանը համապատասխան գերիներ տեղափոխել Հայաստանի Հանրապետություն, որը տեղեկատվական այս իրավիճակում բավականին մեծ արձագանք է առաջացրել և դժգոհություն, որն ընդունելի է: Կարծում եմ, որ անկախ նրանից, որ բարձրաստիճան որևիցե պաշտոնյա նման հայտարարություն չի արել, այնուամենայնիվ, ես համարում եմ, որ մենք պետք է այդ ապատեղեկատվության համար ներողություն խնդրենք մեր համաքաղաքացիներից», - նշեց ԱԺ փոխնախագահը:

Հիշեցնենք՝ գերեվարված զինվորականների հարազատները երեկ երեկոյան «Էրեբունի» օդանավակայանում էին, ակնկալում էին, որ իրենց զավակները պետք է վերադարձվեն Բաքվից, սակայն դա այդպես էլ տեղի չունեցավ։ Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակն էլ հայտարարություն տարածեց, որ գերիների վերադարձը կրկին հետաձգվում է:

Ալեն Սիմոնյանն, արձագանքելով Էդմոն Մարուքյանը հայտարարությունը, թե «փորձեցին այդ թեմայով PR անել, որը թարս բան ստացվեց», նշեց. «Ընդհանրապես «PR» բառը մեր ռազմագերիների, մեր ցավի հետ օգտագործելու իրավունք չունենք ու իրան էլ խորհուրդ չեմ տալիս նույնիսկ իշխանությանը հարվածելու համար նման ձևակերպումներով հանդես գալ»:

Հաղորդումն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև.

XS
SM
MD
LG