Մոսկվայում այսօր կայացել են Ռուսաստանի նախագահի և Հայաստանի վարչապետի բանակցությունները, որոնց ժամանակ Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ բարձրաձայնել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների հարցը:
«Ուզում եմ շեշտել, որ կա մի կարևոր հարց, որը մինչ օրս չի կարգավորվել։ Խոսքը ռազմագերիների/ պատանդների և այլ պահվող մարդկանց մասին է։ Ինչպես մենք բազմիցս քննարկել ենք, նոյեմբերի 9-ի հայտարարության համաձայն, բոլոր պահվող քաղաքացիները պետք է վերադարձվեն։ Ցավոք, մինչ օրս կան քաղաքացիներ, որոնք պահվում են Ադրբեջանում։ Ես շատ ուրախ եմ, որ այս հարցի շուրջ մեր մոտեցումները նույնն են», - Պուտինի հետ հանդիպմանն այսօր ասել է Փաշինյանը։
Պաշտոնական Մոսկվան բազմիցս հայտարարել է, որ ռազմագերիների հարցում ելնում է «Բոլորը բոլորի դիմաց» սկզբունքից: РБК-ն այսօր գրել էր, թե մինչ օրս Ադրբեջանում պահվում է շուրջ 140 հայ գերի։
Մեկ այլ թեմա, որի շուրջ գոնե պաշտոնական հայտարարությունների հարթակում Մոսկվայի և Երևանի մոտեցումները նույնն են՝ ղարաբաղյան խնդրի վերջնական կարգավորման շուրջ հարցն է։ Մոսկվան ու Երևանը պարբերաբար հայտարարում են, որ հարցը վերջնականապես կարգավորված չէ, Ռուսաստանը, սակայն, հաճախ հավելում է, որ այսօր դրա ժամանակը չէ։
Այսօր Պուտինի հետ հանդիմանը Փաշինյանը ընդգծեց․ «Շատ կարևոր են նաև մեր մոտեցումները ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցում։ Խնդիրը կարգավորված չէ, և մենք այս հարցը նույնպես պետք է քննարկենք, հասկանանք՝ ինչ մոտեցումներ ունենք ապագայի հետ կապված»։
Հայաստանի վարչապետը մեկ այլ ուշագրավ հայտարարություն արեց։ Նա ասաց, որ ուզում է Պուտինի հետ քննարկել Հայաստանում նոր ատոմակայանի կառուցման հնարավորությունը։ Հիշեցնենք՝ Թուրքիան պարբերաբար բարձրաձայնում է Մեծամորի ատոմակայանը փակելու հարցը։
Հանդիպման հիմնական և կարևոր հատվածն, իհարկե, անցել է փակ դռների հետևում և շարունակվել ճաշի սեղանի շուրջ։ Սակայն բաց հատվածում Փաշինյանը նաև խոսել է հայ-ռուսական միասնական զորախմբի գործունեության հետ կապված որոշ նյուանսների մասին, բայց չի ճշտել, թե ինչի մասին է խոսքը, միայն հավելել է, որ Ռուսաստանն ու Հայաստանը ունեն համատեղ հակաօդային պաշտպանության համակարգ։
Պուտինը նախ հիշեցրել է, որ եռակողմ համաձայնագրով նախատեսված տնտեսական և տրանսպորտային ապաշրջափակումը ձեռնտու է նաև Հայաստանին և հայաստանյան տնտեսության զարգացման համար նոր հեռանկարներ է ստեղծում, հետո էլ հիշեցրել է, թե հայաստանյան ներդրումների շուրջ 40 տոկոսն ունի ռուսական ծագում։
Այսօր ավելի վաղ РБК-ն, հղում անելով իր աղբյուրին, գրել էր, որ եռակողմ հանձնաժողովը տրանսպորտային ապաշրջափակման հարցում որոշում չի կայացնում, քանի որ դեռ կան տարաձայնություններ: Այսպես, հայկական կողմը պնդում է, որ Մեղրիում կառուցվող երկաթգծի հետ միասին կառուցվի նաև երկաթգիծ Իջևանում, և վերակառուցվի Երևան-Թբիլիսի-Բաքու երկաթուղին։
Հայաստանյան ներքաղաքական խնդիրներից և հունիսի 20-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններից մոսկովյան բանակցությունների բաց հատվածում Պուտինն ու Փաշինյանը չեն խոսել։