«Հայաստանը կշարունակի ռուսաստանյան «ՍՈՒ-30 Էս-Էմ» կործանիչների ձեռքբերումը»,- մոսկովյան այցի նախօրեին «Ինտերֆաքսի» հետ զրույցում հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Հայաստանը ծրագրում է շարունակել ռուսական զենքի, մասնավորապես՝ «ՍՈՒ-30 Էս-Էմ» կործանիչների ու դրանց համար նախատեսված սպառազինություն ձեռքբերումը։
Ղարաբաղյան վերջին պատերազմից հետո «ՍՈՒ»-երի շուրջ աղմուկը չի մարում. իշխանության ընդդիմախոսները պատասխան են պահանջում՝ ինչո՞ւ պատերազմի ընթացքում չկրակեցին ռուսական արտադրության կործանիչները։ Գուցե Ռուսաստա՞նն է հրաժարվել վաճառել հրթիռները։
Չնայած, ըստ պաշտոնական տեղեկատվության, հայկական Զինված ուժերը կործանիչներով դեռ 2019-ի դեկտեմբերից են համալրված, պաշտոնյանները արդարանում են, որ չեն հասցրել հրթիռները ձեռք բերել։
«Հայաստանը կողմնորոշված է Ռուսաստանի հետ լայնածավալ ու երկարաժակետ ռազմատեխնիկական համագործակցության, ինչը բխում է երկու պետությունների երկարաժամկետ ռազմավարական շահերից։ Հաշվի առնելով, որ միջպետական երկկողմ համաձայնագրերով Հայաստանի տարածքում ստեղծվել և գործում են հայ-ռուսական երկու խմբավորումներ` Զորքերի միացյալ խմբավորումը և կովկասյան տարածաշրջանում Հավաքական անվտանգության հակաօդային պաշտպանության միացյալ տարածաշրջանային համակարգը, և, բացի այդ, երկու երկրները ՀԱՊԿ անդամներ են, որի շրջանակներում ևս ստեղծված են զորքեր ու միացյալ խմբավորումներ, հասկանալի է, որ Հայաստանը խիստ շահագրգիռ է Ռուսաստանից մատակարարումների հարցում, որպեսզի ունենա ժամանակակից ու նախևառաջ Ռուսաստանի Դաշնության և ՀԱՊԿ մյուս դաշնակիցների հետ համատեղելի սպառազինություն և զինամթերք։ Հենց այդ պատճառով հայկական կողմը նաև հետաքրքրված է, որ զենք-զինամթերքի մատակարարումը Հայաստան իրականացվի նույն կոմպլեկտավորմամբ, ինչպիսին Ռուսաստանի զինված ուժերի համար է: Ինչ վերաբերում է Ձեր հիշատակած ինքնաթիռների տեսակին, ես դրական պատասխան կտամ, քանի որ դրանք ժամանակակից բազմաֆունկցիոնալ կործանիչներ են, և դրանց գնումը նախատեսված է ինչպես երկկողմ պայմանագրային փաստաթղթերով, այնպես էլ ազգային զինված ուժերի զարգացման ծրագրով», - ասել է Հայաստանի վարչապետը:
Փաշինյանը չի հստակեցրել, թե նոր սպառազինության գնման համար արդյոք Հայաստանը դիտարկում է ռուսական նոր վարկ վերցնելու հարցը։ Փաշինյանը նաև կոնկրետ պատասպխան չի տվել՝ հայկական բանակը ի՞նչ զենքի կարիք ունի։ Ասել է՝ այդ որոշումները կկայացվեն՝ «կախված բանակի բարեփոխումների արդյունքներից, որոնք այժմ իրականացնում են»․ - «Այս փուլում ես իմաստ չեմ տեսնում ֆինանսավորման աղբյուրներն ու կառուցվածքը այն նպատակներից և խնդիրներից առանձին քննարկելը, որոնք կկանխորոշվեն բանակի բարեփոխումների գործընթացում»:
Հայ-ռուսական հարաբերությունները Փաշինյանը բնորոշել է «ռազմավարական-դաշնակցային, հարուստ ու ծավալուն»։ Հայտարարել է, որ դրանց բնույթն ամենևին պայմանավորված չէ հունիսյան արտահերթ ընտրությունների արդյունքներով։
Վարչապետն անդրադարձել է նաև հայ-թուրքական հարաբերություններին։ Երբ լրագրողը հարցրել է՝ որքանո՞վ է տարածաշրջանում տնտեսական կապերի հաստատման գործընթացն այժմ կախված քաղաքական գործոնից, մասնավորապես, Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումից, Փաշինյանը նախ հիշեցրել է, որ հայ-թուրքական սահմանը Թուրքիայի կողմից միակողմանի փակվել է դեռ 1993-ին․ - «Հայաստանը մշտապես հանդես է եկել Թուրքիայի հետ հարաբերություններն առանց նախապայմանների կարգավորելու դիրքերից, սակայն դրանից հրաժարվում էր հենց Թուրքիան: Անկարայի նման թշնամական քաղաքականությունը նոր թափ ստացավ Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված 44-օրյա ագրեսիայի ընթացքում։ Մասնավորապես, Թուրքիան Ադրբեջանին տրամադրեց անմիջական ռազմաքաղաքական և ռազմատեխնիկական աջակցություն՝ հակամարտության գոտի տեղափոխելով նաև օտարերկրյա ահաբեկիչ-զինյալների։ Այս համատեքստում, տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատելու և տնտեսական պատկերը վերականգնելու համար Թուրքիան պետք է փոխի նման ագրեսիվ քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ»:
Պուտին - Փաշինյան դեմ առ դեմ հանդիպումը կկայանա վաղը Մոսկվայում։ Կրեմլի մամուլի ծառայությունը շեշտել էր՝ բանակցությունների ընթացքում կքննարկվեն տարածաշրջանում առկա խնդիրների լուծման հետագա քայլերը, այդ ամենը, մասնավորապես, Հարավային Կովկասում տնտեսական և տրանսպորտային կապերի վերականգնման համատեքստում:
Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել նաև ռուսաստանյան մեկ այլ գործակալության՝ ՌԻԱ Նովոստիին՝ Պուտինի հետ հանդիպումից ժամեր առաջ հայտարարելով, որ Ռուսաստանի հետ հարաբերությունները եղել են և լինելու են Հայաստանի կառավարության գերակայությունը:
Անդրադարձել է բանակցությունների օրակարգին, թե լինելու են նաև հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցությանը վերաբերող հարցեր։ Նույն հարցազրույցում հայտարարել է, թե կարգավորվել են զինվորականների հետ իր հարաբերությունները, բանակը, ըստ Փաշինյանի, կառավարության հետ աշխատում է երկրի անվտանգության ամրապնդման ուղղությամբ։
Պետական «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը նկատել է՝ հերթական քաղաքական ճգնաժամը ծագել էր ռուսական «Իսկանդեր» հրթիռային համակարգերի մասին՝ Փաշինյանի անզգույշ հայտարարությունից հետո, որը, ըստ մամուլի, առաջացրել էր Գլխավոր շտաբի պետի տեղակալի ծիծաղը, ինչի համար էլ վերջինը պաշտոնանկ արվեց։ Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանն ու 4 տասնյակից ավելի բարձրաստիճան զինվորականներ հենց այս իրադարձություններից հետո պահանջեցին վարչապետ Փաշինյանի հրաժարականը։
Նիկոլ Փաշինյանը նաև կարծիք է հայտնել՝ կարող են կազմակերպել այնպիսի արտահերթ ընտրություններ, որ դրանք վիճարկելու առիթ չի լինի։