«Օգտակար, կառուցողական, որոշ առումներով նաև խոստումնալից», - ամերիկացի և իրանցի դիվանագետները այսպես են բնութագրում նախօրեին Վիեննայում կայացած միջնորդավորված բանակցությունները՝ նշելով սակայն, որ դրանք ընդամենը դժվարին ճանապարհի սկիզբն էին։
«Կարծում եմ, որ բանակցությունները կառուցողական էին և ճիշտ ուղով էին ընթանում։ Դրա հետ մեկտեղ դեռ շատ վաղ է ասել՝ արդյոք դրանք հաջողվա՞ծ էին, թե՞ ոչ։ Դա հայտնի կդառնա միայն աշխատանքային խմբերի հանդիպումից հետո։ Ամեն դեպքում որոշակի հույսեր առկա են։ Եթե մենք նման հույսեր չունենայինք՝ այստեղ չէինք լինի», - երեքշաբթի երեկոյան, մի քանի ժամ շարունակված բանակցությունների ավարտին, հայտարարում էր Վիեննա ժամանած իրանական պատվիրակության ղեկավար, փոխարտգործնախարար Աբաս Արաքչին։
Նույն ժամերին Վաշինգտոնում, մեկնաբանելով հանդիպման առաջին արդյունքները, Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը նշել է. «Վիեննայում, իրանցիների հետ ընթացող այս քննարկումները, անգամ եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ դրանք ոչ թե ուղղակի, այլ միջնորդավորված բանակցություններ էին, միևնույն է ողջունելի քայլ են։ Դա կառուցողական, հեռանկարում նաև օգտակար քայլ է։ Մենք փորձում ենք հստակեցնել՝ ինչ գործողությունների են պատրաստ դիմել իրանցիները՝ 2015 թվականի միջուկային համաձայնագրի դրույթների լիարժեք կատարմանը վերադառնալու համար։ Պետք է հստակեցնենք նաև, թե դրան ի պատասխան ինչ քայլերի պետք է դիմենք մենք ինքներս՝ համաձայնագրի դրույթների ամբողջական կատարմանը վերադառնալու համար»:
Արևմտյան աղբյուրների փոխանցմամբ՝ երեկ կայացած բանակցությունները բավական լուրջ ինտելեկտուալ և ֆիզիկական ջանք են պահանջել հատկապես եվրոպացի՝ նախևառաջ ֆրանսիացի միջնորդներից։ Բանն այն է, որ Վիեննա ժամանած իրանական և ամերիկյան պատվիրակությունները տեղակայվել էին քաղաքի երկու տարբեր հյուրանոցներում՝ «Իմպերիալ»-ում և «Գրանդ»-ում։
Ֆրանսիացի միջնորդները ողջ օրվա ընթացքում ստիպված էին մի հյուրանոցից մյուսը տեղաշարժվել՝ փորձելով մերձեցնել կողմերի մոտեցումները։ Ի վերջո, իրանցի և ամերիկացի դիվանագետները պայմանավորվել են, որ առաջիկա երկու օրերին աշխատանքային խմբերը կհամադրեն ամերիկյան այն պատժամիջոցների ցանկը, որ տեսականորեն կարող է չեղարկել Վաշինգտոնը, և միջուկային ծրագրի սահմանափակմանն ուղղված այն գործողությունները, որոնց տեսականորեն կարող է գնալ պաշտոնական Թեհրանը։
Աշխատանքային խմբերի գործունեության արդյունքները կքննարկվեն ուրբաթ օրը՝ Իրանի, Ռուսաստանի, Չինաստանի, Մեծ Բրիտանիայի և ԵՄ ներկայացուցիչներից կազմված Միացյալ կոմիտեի նիստի ժամանակ, որի հիմնական առաքելությունը 2015 թվականին կնքված միջուկային համաձայնագրի դրույթների կատարմանը հետևելն է։
Արևմտյան լրատվամիջոցների փոխանցմամբ՝ սակայն եվրոպացի միջնորդները առայժմ բանակցություններում լուրջ առաջընթաց չեն ակնկալում։ Նման հոռետեսության գլխավոր պատճառն այն է, որ Իրանը շարունակում է պնդել՝ միջուկային ծրագիրը կսառեցվի միայն ամերիկյան պատժամիջոցների ամբողջական վերացման դեպքում։
«Եթե Միացյալ Նահանգները լուրջ է տրամադրված, ապա նրանք պետք է պատրաստ լինեն վերացնել Իրանի դեմ սահմանված կամ վերահաստատել բոլոր պատժամիջոցները։ Եթե մենք ցանկանայինք խուսափել միջուկային համաձայնագրով մեր իսկ ստանձնած պարտավորությունների կատարումից, ապա նախորդ ամերիկյան վարչակազմի՝ այդ պայմանագիրը լքելու մասին որոշումից հետո կանեինք նույնը։ Այսօր, սակայն, այդ համաձայնագիրը գոյություն ունի բացառապես Իրանի շնորհիվ, և մենք դրա համար շատ ծանր գին ենք վճարել։ Մեր ժողովուրդը տառապում է ԱՄՆ կողմից սահմանված պատժամիջոցների հետևանքով, և եթե Վաշինգտոնում ցանկանում են վերականգնել միջուկային համաձայնագիրը, պետք է միանգամից վերացնեն Իրանի դեմ սահմանված բոլոր պատժամիջոցները», - հայտարարել է Իրանի փոխարտգործնախարարը։
Բանակցություններում ներգրավված արևմտյան դիվանագետները նշում են, որ դրանց հաջող ընթացքին խոչընդոտող գլխավոր գործոնը այս պահին իրանական պատվիրակության որդեգրած մաքսիմալիստական դիրքորոշումն է։ Այսպես, որոշ տեղեկությունների համաձայն՝ Թեհրանը կտրականապես մերժել է ամերիկյան կողմի առաջարկը, ըստ որի ուրանի հարստացման ծավալների որոշակի նվազեցման դիմաց Իրանի կառավարությանը հնարավորություն կտրվեր օգտվել նավթի վաճառքից ստացված մեկ միլիարդ դոլարից։
«Այդ գումարն այժմ սառեցված վիճակում է ասիական բանկերից մեկում», - գրում է Bloomberg-ը։
Վաշինգտոնում համոզված են՝ ակնկալիքները, թե Միացյալ Նահանգները կարող են միակողմանի զիջումների գնալ՝ դրանց դիմաց Թեհրանից որևէ բան չստանալով, իրատեսական չեն։
«Միացյալ Նահանգներին ուղղված կոչերը, թե հարկավոր է միակողմանի ժեստերի կամ հաշտեցմանը միտված քայլերի դիմել, իմ կարծիքով, կառուցողական չեն»,- պնդել է Պետդեպարտամենտի խոսնակը։