Մատչելիության հղումներ

ՏՄՊՊՀ նախագահը նշում է՝ այս տարի ապրանքների գները հիմնականում բարձրացել են քովիդի պատճառով


«Մեր ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այս տարի ապրանքի գները հիմնականում բարձրացել են քովիդի պատճառով», - «Ազատության» «Ֆեյսբուքյան ասուլիս» հաղորդման ընթացքում հայտարարեց Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) նախագահ Գեղամ Գևորգյանը՝ անդրադառնալով Վիճակագրական կոմիտեի հրապարակմանը։

Ըստ կոմիտեի՝ այս տարի, անցած տարվա համեմատ, ձվի գինն աճել է 78,2 տոկոսով:

«Ձուն, իհարկե, ներկրվող ապրանք չէ, բայց ձվի ստեղծման ժամանակ հավի համար ներկրվող կերը ներմուծվող ապրանք է, և կերի գինն էականորեն բարձրացել է, միգուցե դրա հետ է կապված», - ասաց Գևորգյանը:

Դիտարկմանը, որ Զատիկի օրերին ձուն կրկնակի թանկացավ, և հարցին՝ եթե վաղը կտրուկ գնի անկում լինի, բացատրությունը ո՞րը կլինի, ՏՄՊՊՀ նախագահը պատասխանեց. - «Եթե կտեսնենք, որ գերիշխող դիրք ունեցող տնտեսվարող սուբյեկտները իրենց ապրանքի գները բարձրացրել են տոներին ընդառաջ, այնուհետև իջեցնում են, և եթե դա տնտեսապես հիմնավորված չէ, վրա կհասնի պատասխանատվություն»:

Գևորգյանն ընդգծեց՝ ՏՄՊՊՀ-ն ո՛չ ձու ներմուծող է, ո՛չ ձվի ներմուծում թույլատրող, ոչ գնաճը զսպող:

«Հասարակության ակնկալիքները հանձնաժողովից կարող է լինել միայն գերիշխող տնտեսվարող սուբյեկտների չհիմնավորված բարձր գին, արհեստական դեֆիցիտ, այդ տիրույթում վերահսկողություն իրականացնելը», - նշեց ՏՄՊՊՀ նախագահը՝ հավելելով. - «Տնտեսվարողն ինչ գնով կուզի, կվաճառի իր ապրանքը, դա շուկայական հարաբերություն է, կա պահանջարկ, կա առաջարկ: Պետության կարգավորումն անհրաժեշտ է, եթե կա շուկայում գերիշխող դիրք ունեցող, հակառակ պարագայում ինքը խնդիր չի կարող ստեղծել, այսինքն՝ իր ապրանքն է, ինչ գնով ուզում է՝ վաճառում է: Եթե գերիշխող դիրք ունեցող կա, նման վարքագիծն անընդունելի է, որովհետև դուք, որպես սպառող, այլընտրանքներ չունեք։ Այսինքն՝ եթե շուկայի 70 տոկոսը մի տնտեսվարող է, դուք մեծ այլընտրանք չունեք, այսինքն՝ նա կարող է գների իջեցման, կամ գների բարձրացման արդյունքում միակողմանի ազդել շուկայի վրա»:

Հարցին, թե կա՞ն գերիշխող դիրք ունեցողներ, Գևորգյանը պատասխանեց. - «Գերիշխող դիրք ունեցողներ կան և հենց գերիշխող դիրք ունեցողների վարքագիծն ուսումնասիրելու համար մենք վարույթ ենք հարուցել։ 7 ընկերություն է, բայց հակամրցակցայինով է 7, ընդամենը 3-4 ընկերություն է, որ ունեն այսօր գերիշխող դիրք։ Մարտի վերջին օրերին ենք հարուցել վարույթ՝ հակամրցակցային համաձայնության, կամ գերիշխող դիրքի չարաշահման հիմքով»:

«Ազատության» հարցին, որ եթե վաղվանից, Զատիկն անցավ, ձվի գինը սկսի իջնել, այստեղ ՏՄՊՊՀ-ն էլ ի՞նչ ունի անելու, նա պատասխանեց. - «ՏՄՊՊՀ-ն արդեն իր անելիքն անում է, և մենք վաղվա գինն էլ ենք նայելու, 10 օրվա գինն էլ ենք նայելու: Մենք վերցնում ենք, ուզում ենք հասկանալ՝ ի՞նչ գործոններով էր պայմանավորված գնի բարձրացումը, և տնտեսվարող սուբյեկտը պետք է ապացուցի տնտեսական այն պայմանները, որի արդյունքում գինը կա՛մ բարձրացրել է, կա՛մ իջեցրել է»:

Գևորգյանը նշեց նաև, որ թանկացման պատճառները կպարզեն 90-օրյա ժամկետում:

Հաղորդումն ամբողջությամբ՝ ստորև.

XS
SM
MD
LG