Մատչելիության հղումներ

Պատերազմի հետևանքով զոհվել է 77 քաղաքացիական անձ. Արցախի ՄԻՊ 


Անցած տարվա սեպտեմբերի 27-ին Արցախի դեմ սկսված ադրբեջանա-թուրքական ագրեսիայի հետևանքով զոհվել է 77 քաղաքացիական անձ, այսօր «Ազատության» հետ զրույցում ասաց Արցախի մարդու իրավունքների (ՄԻՊ) նորընտիր պաշտպան Գեղամ Ստեփանյանը։

Ստեփանյանը, ով 2008 թվականից ի վեր Արցախի չորրորդ օմբուդսմենն է, խորհրդարանի կողմից այդ պաշտոնում ընտրվեց անցած հինգշաբթի օրը՝ մարտի 25-ին։ Նախորդը՝ Արտակ Բեգլարյանը, 2020 թվականի դեկտեմբերի վերջին հրաժարական տվեց, ապա նշանակվեց Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավար։

«Ազատություն». - Ձեզ հայտնի՞ է ներկայում քաղաքացիական անձանց թիվը, որոնք գտնվում են Ադրբեջանական գերության մեջ:

Ստեփանյան. - Քաղաքացիական անձանց հստակ թիվ, որոնք գտնում են ադրբեջանական գերության մեջ, չկա, բայց կան տեղեկություններ մեկ տասնյակից մի քիչ ավելի մարդկանց մասին, որոնց վերաբերյալ դեռևս տեղեկատվություն չունենք: Այսինքն՝ դրանք այն մարդիկ են, որոնք կամ տարհանման ժամանակ չեն հասցրել տարհանվել, մնացել են Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված տարածքներում, և կան քաղաքացիական անձինք, ովքեր Ադրբեջանի վերահսկողության տակ են անցել արդեն եռակողմ հայտարարության ստորագրումից հետո:

Քաղաքացիական անձանց սպանության դեպքերի վերաբերյալ մենք առաջիկայում թարմացնելու ենք մեր զեկույցը, արդեն ոչ թե 72 մարդու մասին է խոսքը, այլ 77 մարդու մասին է խոսքը, և առաջիկայում թարմացված զեկույցը հրապարակվելու է: Պարբերաբար մենք ստանում ենք տեղեկատվություններ քաղաքացիական անձանց սպանության վերաբերյալ: Այն մարդիկ, որոնց վերաբերյալ մինչև հիմա տեղեկություն չի եղել, բացահայտվում է, ԴՆԹ-ի հետազոտություն արդյունքները հաստատվում են: Վերջին թարմացումից հետո արդեն 5 հոգու մասով ևս նման տվյալ ունենք: Այսօրվա դությամբ 77 քաղաքացիական անձի վերաբերյալ է խոսքը:

«Ազատություն». - Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը երեկ հրապարակեց մի տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես են ադրբեջանցի զինվորականները խոշտանգում, նվաստացնում Արցախի մի խաղաղ բնակչի, այնտեղ նաև նշված է, որ տեսանյութը ստացվել է դեռևս պատերազմի ժամանակ, այդ տեսանյութն ուսումնասիրվել և ուղարկվել է միջազգային համապատասխան մարմինների, ատյանների: Կասե՞ք՝ ինչ ատյանների մասին է խոսքը և ինչ արձագանք կա:

Ստեփանյան. - Կոնկրետ տեսանյութում երևացող անձը Արցախի Հանրապետության քաղաքացի է, որը գերեվարվել էր ադրբեջանցիների կողմից, եթե չեմ սխալվում, պատերազմական գործողություններից հետո, անձը վերադարձել է հայրենիք, կոնկրետ Կամո Մանասյանի մասին է խոսքը: Սակայն այստեղ պետք է հաշվի առնենք, որ թեկուզ մարդը վերադարձել է հայրենիք, տեսանյութում երևացող ամբողջ տեսարանը խոսում է այն մասին, որ Ադրբեջանում գերության մեջ գտնվող մեր հայրենակիցների նկատմամբ ահա այդպիսի վերաբերմունք է ցուցաբերվում, և պարզ է, որ միջազգային ատյանները պետք է ներդնեն իրենց ամբողջ ներուժը կանխելու համար նման դեպքերի կրկնությունը:

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ․

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG