Արտահերթ ընտրություններ չեն լինի, այսքանով խոսակցությունն ավարտված է, հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։
Նրա խոսքով՝ 2020 թվականի հոկտեմբերին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններն ամբողջ աշխարհի կողմից ընդունվել են։ «Մենք լսել ենք Եվրամիության, ԱՄՆ Պետքարտուղարության, Սենատի հայտարարությունները, ԵԱՀԿ/ԺՄԻԳ եզրակացությունը։ Ամբողջ աշխարհն ընդունել է մեր ընտրությունները և շնորհավորել այդ կապակցությամբ, ի՞նչ ընտրությունների մասին եք դուք խոսում», - ասել է Ղարիբաշվիլին։
Հոկտեմբերին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքներն ընդդիմությունը հրաժարվում է ընդունել՝ պնդելով, որ հերթական անգամ մեծամասնություն ստացած «Վրացական երազանք»-ը կեղծել է քվեարկությունը։ Նոյեմբերից ի վեր նոր օրենսդիր մարմնի նիստերն անցնում են առանց ընդդիմադիր պատգամավորների, ովքեր բոյկոտում են խորհրդարանի աշխատանքը՝ պահանջելով արտահերթ ընտրություններ։