Մատչելիության հղումներ

Լավագույնները հայտնի են. կայացավ «Արտավազդ» 20-րդ մրցանակաբաշխությունը


Երեկ երեկոյան Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի լեփ-լեցուն դահլիճում տեղի ունեցավ տարվա թատերական ամենամեծ իրադարձությունը՝ «Արտավազդ» այս անգամ արդեն հոբելյանական՝ 20-րդ մրցանակաբաշխությունը, որի ընթացքում մրցանակների և մեծարանքի արժանացան տարվա լավագույն թատերական գործիչները: Այս տարի «Արտավազդ» մրցանակաբաշխությունը նվիրված էր դրա հիմնադիր Երվանդ Ղազանչյանի հիշատակին: Նրա անվան հատուկ մրցանակի արժանացավ անվանի թատերագետ, վաստակաշատ Սերգեյ Առաքելյանը:

Մրցանակաբաշխության մեկ այլ հատուկ մրցանակի՝ «Թատերարվեստին անբասիր ծառայության» համար մրցանակին արժանացան ժողովրդական արտիստներ Իրինա Մարչենկոն՝ Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնից, Կամերային թատրոնի հիմնադիր Արա Երնջակյանը և վաստակավոր արտիստ Բորիս Պեպանյանը՝ Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնից: Լավագույն երիտասարդ բեմադրիչ ճանաչվեց Գոռ Մարգարյանը: «Լավագույն երիտասարդական ներկայացում» անվանակարգում մրցանակը հանձնվեց ռուսական դրամատիկական թատրոնի «Օնեգին» ներկայացման համար՝ բեմադրիչ Նորա Գրիգորյան:

«Լավագույն պիես» անվանակարգում մրցանակը հանձնվեց Սառա Նալբանդյանին՝ Համազգային թատրոնում բեմադրված «Հաղթանակի գենեզիս» պիեսի համար, «Լավագույն ներկայացում» անվանակարգում էլ մրցանակ ստացավ Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի «Փափլիկը» ներկայացումը՝ բեմադրիչ Նարինե Գրիգորյան: Համազգայինն այս անգամ ամենաշատ մրցանակների արժանացած թատրոնն է:

Թատրոնի դերասաններ Արման Նավասարդյանն ու Տաթև Ղազարյանն էլ արժանացան մրցանակների «Լավագույն դերասան» և «Լավագույն դերասանուհի» անվանակարգերում, Համազգայինի գեղարվեստական ղեկավար, բեմադրիչ, դերասանուհի Նարինե Գրիգորյանն էլ «Լավագույն ռեժիսուրա» անվանակագում ստացավ «Արտավազդ» մրցանակը, նույն անվանակարգում մրցանակի արժանացավ նաև Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Վահե Շահվերդյանը: Ժյուրիի հատուկ մրցանակի էլ արժանացավ Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան դրամատիկակական թատրոնը՝ «Լուսաբացից առաջ» ներկայացման համար՝ բեմադրիչ Ռուզաննա Խաչատրյան: Նա շատ հուզված էր և իր խոսքում դահլիճի հոտընկայս ծափահարությունների ներքո հետևյալ համոզմունքը հայտնեց. «Գուցե այսօր այն թեման, որ մենք բարձրացրել ենք մեկ տարի առաջ, գուցե այսօր իմաստազրկվել է, բայց գիտեք` ես հավատում եմ, ես վստահ եմ, ես չգիտեմ երբ, ոնց, բայց ես գիտեմ, որ ծնվելու են հերոսներ, ովքեր բերելու են Արցախի լուսաբացը»:

Այս անգամ շատ գունեղ և գեղեցիկ, մրցանակաբաշխությունների դասական ձևով կազմակերպված հանդիսության ընթացքում թե՛ մրցանակները հանձնող մեր անվանի թատերական գործիչները, թե՛ 14 անվանակարգերում հաղթած թատերական գործիչներից յուրաքանչյուրը մրցանակը ստանալուց հետո հնարավորություն ունեին իրենց խոսքն ուղղելու դահլիճում նստած գործընկերներին և հանդիսատեսին՝ բացի երախտագիտական խոսքերից անկեղծորեն ներկայացնելով նաև մեր օրերի, մեր երկրի մասին սեփական հույզերն ու ապրումները, սրտացավությունն ու լավատեսությունը մեր երկրի ապագայի նկատմամբ:

Մեր լավագույն բեմադրիչներից Նարինե Գրիգորյանի հետևյալ ձևակերպմամբ էլ եզրափակվեց Թատրոնի միջազգային օրը՝ մարտի 27-ի երեկոյան տեղի ունեցած «Արտավազդ» ամենամյա թատերական մրցանակաբախշությունը:

«Թատրոնը հիանալի ուսուցիչ է, միշտ սովորեցնում է սիրել մարդկանց, ամենակարևորը` գնահատել իրենց օգնությունը: Իրականում երբ հասկանում եմ, որ այդքան տղաներ զոհվել են, որ ես ապրեմ, ես չեմ կարողանա նախկինը լինել, ես պիտի ավելի արժանապատիվ ապրեմ, ավելի մեծ պատասխանատվությամբ, իմ գործը 100 տոկոսանոց անեմ, և իմ շրջապատը` նույնպես, ավելի անվախ ապրեմ իմ հողի վրա: Մեր Համազգային թատրոնը և Հայաստանի Հանրապետությունը տարեկիցներ են, երկուսս էլ սեպտեմբերին դառնում ենք 30 տարեկան, և երբ Սոս Սարգսյանն ստեղծում էր մեր Համազգային թատրոնը, շատ սեր է ներդրել, շատ հավատ, ու հիմա մեր գլխավոր խնդիրն է պահպանել այդ սերը, ավելի զարգացնել, որովհետև մեծացել է այդ սերը, որովհետև զարգացումն այդտեղ է, երբ աճեցնում ես: Եվ նույնը ես մեր հայրենիքի հանդեպ եմ ուզում, որ այդ ինչ ձևով մենք անկախացանք 30 տարի առաջ, ինչքան սեր կա, ինչքան հավատ, այժմ դա կրկնապատկենք, տասնապատկենք ու ավելի սիրով ապրենք մեր երկրում», - ասաց նա:

XS
SM
MD
LG