Մատչելիության հղումներ

Մասնագետները պնդում են` իշխող ուժը փորձում է մամուլի ազատությունը սահմանափակել, «Իմ քայլից» ասում են` նման նպատակ չունեն


Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյան, արխիվ
Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյան, արխիվ

Հայաստանում լրատվամիջոցների ազատությունը լուրջ մարտահրավերների առաջ է, համոզված է Երևանի մամուլի ակումբի նախագահը։ Բորիս Նավասարդյանն իշխող ուժի ոլորտին առնչվող օրենսդրական նախաձեռնությունները որակում է որպես ճնշում մամուլի ազատության վրա։

«Արդեն իսկ հոգեբանական ճնշում է լրատվամիջոցների վրա, դա ակնհայտ է, և կարծում եմ` այն ունի շատ կոնկրետ նպատակ` ավելի բարենպաստ դարձնել տեղեկատվական միջավայրը Հայաստանի իշխող քաղաքական ուժի համար: Եվ բնականաբար, դա չի կարող ընդունելի համարվել, մանավանդ որ շատ լուրջ հակասությունների մեջ են մտնում և միջազգային կոնվենցիայի, և կարծում եմ նաև Հայաստանի Սահմանադրության հետ», - ասում է նա:

Իշխանական պատգամավորների՝ մեծ աղմուկ բարձրացրած օրինագծերից մեկով առաջարկվում է խստացնել վիրավորանքի ու զրպարտության համար սահմանված փոխհատուցման չափը, մյուսով էլ` արգելել լրատվամիջոցներին հրապարակումներում անանուն աղբյուրներին հղում տալը։ Վիճահարույց ձևակերպումը, սակայն, քննադատություններից հետո փոխվելու է։ Օրինագծի հեղինակներից, իշխող ուժից պատգամավոր Արթուր Հովհաննիսյանն «Ազատության» հետ զրույցում ասաց՝ նոր փոփոխությամբ կառաջարկվի արգելել արդեն անհայտ ծագմամբ աղբյուրներին հղումը տալը։ Պատգամավորն ընդհանարպես իշխող ուժին ուղղված քննադատությունն անհիմն է համարում. «Որևէ մի մասնագետ, ով հանրային հնչեցրել է քննադատություն «Իմ քայլի» մի խումբ պատգամավորների կողմից ֆինանսական թափանցիկության, նույնականացման տվյալների և անհայտ ծագում ունեցող աբյուրների մասին նախագծի կամ իմ գործընկեր Ալեն Սիմոնյանի նախագծի վերաբերյալ, չի բերել կոնկրետ հիմնավորում»:

Զրպարտություն և վիրավորանքի համար փոխհատուցման չափը խստացնող օրինագիծը, որի հեղինակը ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն է, Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ երեկ ընդունեց։ Մասնավորապես նախագծով վիրավորանքի համար առաջարկվում է 1 միլիոնի փոխարեն մինչև 5 միլիոն դրամ, իսկ զրպարտության համար` 2 միլիոնի փոխարեն մինչև 10 միլիոն դրամ փոխհատուցում։

«Մենք ունեինք 2018 և 2019 թվականներին դրական միտումներ, որոնք չէին արձանագրվում ինստիտուցիոնալ փոփոխություններով, այսինքն` բարելավումն ինքն ավելի շատ տարերային բնույթ էր կրում և քաղաքական կամքի վրա էր հիմնված: Այսօր մենք տեսնում ենք, որ քաղաքական կամքի առումով մենք ունենք հակառակ պատկերը, ինչպես նաև ինստիտուցիոնալ այնպիսի փոփոխություններ են տեղի ունենում` ի դեմս օրենսդրության առաջին հերթին, որոնք ավելի շատ միտված են սահմանափակել խոսքի և մամուլի ազատությունը», - նշում է Նավասարդյանը:

Խոսքի և մամուլի ազատությունը սահմանափակելու որևէ միտում իշխող ուժի նախաձեռնություններում չկա, վստահեցնում է Արթուր Հովհաննսիայնը։ Պատգամավորն ասում է՝ չնայած իրենց ուղղված քննադատությունների հետ համամիտ չէ, այնուամենայնիվ իրենք ուսումնասիրում են դրանք, անգամ քննադատողների հետ հանդիպում են նախատեսում. «Եկող շաբաթ մտադիր ենք հրավիրել Ազգային ժողով քննադատող կողմերին, այսպես ասած, մասնագետներին ոլորտի և նրանց հետ ևս մեկ անգամ անցնել բոլոր դրույթների վրայով և ապացուցել, որ որևէ գործիքակազմ այս օրենսդրական նախաձեռնություններով չի բերվում, և որևէ գործիքակազմ չկա, որը կարող է թույլ տալ որևէ իշխանությանը սահմանափակել լրատվամիջոցների գործունեությունը»:

Ոլորտի փորձագետներն ու լրագրողները խնդրահարույց են համարում նաև պատերազմից հետո Ադրբեջանին սահմանակից դարձած Սյունիքում լրատվամիջոցների աշխատանքը սահմանափակող որոշումը։ Իշխանական պատգամավորն այստեղ ևս խնդիր չի տեսնում, վստահ է` սահմանափակումներն անվտանգության համար են, այդ թվում` լրատվամիջոցների:

Օրերս Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը տեղեկացրեց, որ Սյունիքում լուսաբանումներ իրականացնելու համար լրագրողները պետք է գրավոր հարցում ուղարկեն Ազգային անվտանգության ծառայություն։ Կենտրոնից պատճառաբանում են, թե սահմանափակումները պայմանավորված են ստեղծված օպերատիվ իրավիճակով և անվտանգության նկատառումներով։

Արդեն մի քան օր է, ինչ Սյունիքում է «Սիվիլնեթի» նկարահանող խումբը: Լրագրող Գևորգ Թոսունյանը դժգոհում է՝ վերջին սահմանափակումների պատճառով իրենց աշխատանքն է խոչընդոտվում. Առաջինն այդ խնդրին Շուռնուխում են բախվել. «Սահմանափակում են, խանգարում են, թույլ չեն տալիս լիարժեք լուսաբանել այն, ինչ որ մենք ունենք:

Ամբողջ օրը ես կորցրեցի նախ Շուռնուխում, իսկ հետո դեպի Մեղրի ճանապարհին ամբողջ օրը կորցրեցի Նռնաձորի մոտակայքում` անցակետ կար` հենց այնտեղ սահմանապահներին բացատրելով, թե ես ինչ եմ ուզում իրականացնել, և ինչու իրենք ինձ պետք է թույլ տան նկարահանումներ անել»:

XS
SM
MD
LG