Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանը դիմել է Վարչական դատարան՝ ընդդեմ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի։
Ըստ «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգի՝ Տիրան Խաչատրյանը պահանջել է անվավեր ճանաչել փետրվարի 26-ի և մարտի 15-ի հրամանները, ընդունել բարենպաստ վարչական ակտ և պարտավորեցնել Տիրան Խաչատրյանին վերականգնել ԶՈւ Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնում:
Նաև պահանջ է ներկայացվել Տիրան Խաչատրյանին Հայաստանի պաշտպանության նախարարության 10950 զորամասի անձնակազմի ցուցակներում ներառելու մասին ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետի մարտի 19-ի ընդունված թիվ 830-Ա հրամանը վերացնելու ու բոլոր տեսակների բավարարումներ տրամադրելու մասին:
Դատական հայցը մակագրվել է Վարչական դատարանի դատավոր Դանիել Դանիելյանին:
Խաչատրյանը, հիշեցնենք, ավելի վաղ էլ դիմել էր դատարան` իրեն պաշտոնից ազատելու մասին Հանրապետության նախագահի հրամանագիրը անվավեր ճանաչելու պահանջով։ Վարչական դատարանը վարույթ է ընդունել դիմումը։ Նախնական դատական նիստը նշանակվել է ապրիլի 29-ին՝ ժամը 11:00-ին:
Տիրան Խաչատրյանն փետրվարի 24-ին նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով, վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկով, ազատվեց Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից:
Խաչատրյանի պաշտոնանկությունը, փաստորեն, Հայաստանում քաղաքական սուր ճգնաժամի առիթ դարձավ․ ընդամենը հաջորդ օրը, հայտարարությամբ հանդես եկան Գլխավոր շտաբի շուրջ չորս տասնյակ բարձրաստիճան զինվորականներ՝ Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի գլխավորությամբ` պահանջելով վարչապետի ու կառավարության հրաժարականը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գլխավոր շտաբի հայտարարությունը ռազմական հեղաշրջման փորձ որակեց՝ նախագահին առաջարկելով պաշտոնանկ անել նաև Օնիկ Գասպարյանին։