Մատչելիության հղումներ

Ըստ Ֆրանսիայի դեսպանի՝ բոլոր ռազմագերիները պետք է վերադարձվեն


Բոլոր ռազմագերիները պետք է վերադարձվեն, այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոթն՝ անդրադառնալով ռազմագերիների հարցին։

«Ռազմագերիների հարցի կապակցությամբ իմ մոտեցումը պարզ է և հստակ՝ բոլոր ռազմագերիները պետք է վերադարձվեն ոչ միայն նոյեմբերի 9-ի համաձայնագրի հիման վրա, այլև միջազգային կոնվենցիաներով հաստատված մարդու իրավունքների հիման վրա», - ասաց դեսպանն՝ ընդգծելով՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը շարունակում է մնալ միակ մարմինը, որտեղ հնարավոր է բանակցություններ իրականացնել՝ հարցին որևէ դիվանագիտական լուծում տալու համար։

Լաքոթի խոսքով՝ Մինսկի խումբը պատրաստ է միջնորդելու և կողմերին օգնելու: «Համանախագահներն այժմ բանակցությունների մեջ են, որպեսզի աշխատանքային այց իրականացնեն տարածաշրջան», - ասաց դեսպանը:

Նշենք, որ հայկական կողմի տարբեր տվյալներով` այսօր Ադրբեջանի տարածքում կա շուրջ 200 հայ ռազմագերի։ Մինչ այժմ Հայաստան է վերադարձվել 69 գերի, օրերս ազատ արձակվեց և Բեյրութ վերադարձավ նաև լիբանանահայ Մարալ Նաջարյանը։

Ադրբեջանը, սակայն, հաստատել է 70 հոգու գերեվարման փաստը, ընդ որում՝ պնդելով, թե նրանցից 54-ը, որոնք Խծաբերդում գերեվարված պահեստազորայիններն են, ոչ թե ռազմագերիներ են, այլ «ահաբեկիչներ և դիվերսանտներ»:

Ֆրանս-հայկական համագործակցության կենտրոնում մշակութային ժառանգությունն է լինելու

Անդրադառնալով Ադրբեջանի վերահսկողության տակ մնացած հայկական մշակութային հուշարձանների ճակատագրին՝ դեսպանն ասաց՝ դա ամենակարևոր հարցերից է, որ իրենց անհանգստացնում է։

«Կոնֆլիկտի վերջում և դրան հաջորդող մի քանի օրերին Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը հրավիրել է հատուկ ժողով՝ մշակութային ժառանգության հետ կապված հարցերը քննարկելու համար։ Իհարկե մենք շատ ենք ցանկանում, որ ՅՈւՆԵՍԿՕ-ն կարողանա արդյունավետ և կարճ ժամկետներում ուսումնասիրություններ կատարի տարածաշրջանում և, ինչպես ՅՈւՆԵՍԿՕ-ի գլխավոր նախագահն է փաստում, մենք շատ ցավում ենք, որ այդ ուսումնասիրությունները դեռևս չեն կատարվում։ Բոլոր դեպքերում Ֆրանսիան ամեն ինչ անելու է Հայաստանի հետ համագործակցությունն այս առումով խորացնելու համար»,- ասաց Ջոնաթան Լաքոտը։

Նրա խոսքով՝ Ֆրանսիայի մշակութային ժառանգության ազգային կենտրոնի ղեկավարը վերջերս է այցելել Հայաստան՝ օգնելու մշակութային ժառանգության ցանկ և տվյալների համակարգված բազա ստեղծելու հարցում։

«Նա, մասնավորապես, եղել է Մատենադարանում, Էջմիածնում, Ազգային թանգարանում և տեսել է բոլոր այն մշակութային ժառանգությունները, որոնք կոնֆլիկտից հետո Արցախից բերվել են Հայաստան։ Հետևաբար Ֆրանս-հայկական համագործակցության կենտրոնում մշակութային ժառանգությունն է լինելու», - ասել է դեսպանը։

Նշենք, որ ըստ Արցախի ՄԻՊ զեկույցի, Արցախի դեմ ռազմական ագրեսիայի հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ են մնացել հայոց պատմության և մշակույթի առնվազն 1456 նշանավոր անշարժ հուշարձաններ, այդ թվում՝ 161 վանքեր և եկեղեցիներ, 591 խաչքարեր, Տիգրանակերտի, Ազոխի, Նոր Կարմիրավանի, Միրիկի, Կերենի հնավայրերն ու բազմաթիվ բերդեր, ամրոցներ, սրբավայրեր և այլ հուշարձաններ։

Ադրբեջանի վերահսկողության տակ են անցել նաև 8 պետական թանգարաններ՝ 19 հազար 311 ցուցանմուշներով, ինչպես նաև Շուշիի գորգերի ու Հայկական դրամի մասնավոր թանգարանները: Հրադադարից հետո արձանագրվել են հայկական մշակութային ժառանգության ոչնչացման ու վանդալիզմի մի շարք դեպքեր, ներառյալ՝ Շուշիի Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ և Սուրբ Հովհաննես Մկրտիչ (Կանաչ ժամ) եկեղեցիների դիտավորյալ թիրախավորման ու վանդալիզմի դեպքերը։

XS
SM
MD
LG