Մատչելիության հղումներ

Բաքուն շարունակում է պնդել՝ բոլոր գերիներին վերադարձրել է, ղարաբաղյան հարցը՝ լուծել


Ղարաբաղյան հակամարտությունը մնացել է անցյալում, այսօր վերստին հայտարարել է Ադրբեջանի նախագահը, այս անգամ` հակամարտության կարգավորմամբ զբաղվող կառույցի` ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի արտգործնախարար Անն Լինդեի հետ հանդիպման ժամանակ:

Բաքվում ընդունելով եվրոպացի բարձրաստիճան դիվանագետին` Իլհամ Ալիևը պնդել է, թե 44-օրյա պատերազմով Բաքուն իր առջև դրված խնդիրը լուծել է, և հիմա հայկական կողմի հետ արդեն ապագայի հարցերն է քննարկում:

«Հակամարտությունը մնացել է պատմության մեջ, մենք պետք է ապագային նայենք: Կարծում եմ`պատերազմից հետո` վերջին չորս ամիսներն արդեն ցույց են տալիս երկու կողմերի` այդ էջը փակելու և ուշադրությունը ապագայի վրա կենտրոնացնելու կամքը: Դա շատ կարևոր է: Մենք սկսել ենք բանակցային գործընթացը` Հայաստանի և Ադրբեջանի միջև հաղորդակցության ուղիների բացման շուրջ, արդեն մի քանի հանդիպում է կայացել` տարբեր մակարդակներով», - ասել է Ադրբեջանի նախագահը:

Ալիևն ընդգծել է, որ տարածաշրջանի ապաշրջափակման հարցը նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մի մասն է, սակայն, որևէ խոսք չի ասել այդ հայտարարությամբ ամրագրված մյուս պարտավորությունների, այդ թվում`գերիների ազատ արձակման մասին, որը մինչ օրս Բաքուն լիարժեք չի իրագործել:

Պաշտոնական Երևանը վերջին ամիսներին մի քանի անգամ հրապարակավ զգուշացրել է, որ այդ հարցի ձգձումն ու Ադրբեջանից հնչող հակասական հայտարարությունները կարող են խոչընդոտել համաձայնության մյուս կետերի իրագործմանը: Բացի այդ, հայկական կողմը շարունակում է պնդել, որ պատերազմով խնդիրը չի կարգավորվել, և որ Մինսկի խմբի ձևաչափով բանակցությունները պետք է շարունակվեն` Ղարաբաղի վերջնական կարգավիճակը հստակեցնելու համար:

Իլհամ Ալիևը, մինչդեռ, որևէ խոսք չասելով Մինսկի խմբի մասին, կրկին առաջին պլան է մղել ճանապարհների ապաշրջափակման հարցը. - «Կարծում եմ` հենց դա կարող է դառնալ պատերազմի էջը վերջնականապես փակելու և այն անցյալում թողնելու ելակետը, քանի որ ապաշրջափակումից կշահեն բոլոր երկրները` նոր թափ հաղորդելով տարածաշրջանային համագործակցությանը և ստեղծելով նոր հնարավորություններ: Դա, իր հերթին, հնարավոր համագործակցության կբերի նաև բազմաթիվ այլ ոլորտներում: Ես արդեն հրապարակավ հայտարարել եմ, որ Ադրբեջանը պատրաստ է դրան: Մենք մեր խնդիրը կատարել ենք, ազատագրել ենք տարածքները, իրագործել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերն ու ԵԱՀԿ որոշումները: Ուստի, հիմա պետք է կենտրոնանանք ապագայի վրա», - ասել է Ալիևը:

ԵԱՀԿ գործող նախագահ Անն Լինդեն, մինչդեռ, պատասխան խոսքում նշել է, որ նախագահում է մի կազմակերպություն, որը անվտանգության ապահովումը դիտարկում է համապարփակ` այն կապելով նաև ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության հետ:

«Մենք կքննարկենք` ինչ կարող ենք անել` նպաստելու հակամարտության կարգավորմանը, որը գտնվում է ԵԱՀԿ տարածքում, և այդ համատեքստում, իհարկե, մեր առաջնահերթություններն են միջազգային իրավունքը, մարդու իրավունքները, մարդասիրական իրավունքը, կանայք, խաղաղությունն ու անվտանգությունը: Կարծում եմ` հնարավոր է միասին աշխատել այս հարցերի ուղղությամբ», - ըստ Ադրբեջանի նախագահական նստավայրի, ասել է եվրոպացի բարձրաստիճան դիվանագետը:

Ինքը` Անն Լինդեն, Թվիթերյան իր էջում գրել է. - «Ալիևի հետ հանդիպմանը ընդգծեցի Մինսկի խմբի համանախագահների կարևոր դերը մինչ այժմ չլուծված խնդիրների կարգավորման հարցում»:

Ավելի ուշ` Ադրբեջանի արտգործնախարարի հետ համատեղ ասուլիսում էլ Լինդեն հայ ռազմագերին ազատ արձակման հարցն է բարձրացրել: Ջեյհուն Բայրամովը կրկնել է պնդումը, որն ավելի վաղ հնչեցրել էր Ադրբեջանի նախագահը` օտարերկրյա լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ. - «Գերիներն արդեն վերադարձվել են, մյուսների վրա եռակողմ համաձայնությունը չի տարածվում»:

«Հայերը, որոնք հիմա գերեվարված են, Ադրբեջան են ուղարկվել հրադադարից հետո` հակառակ նոյեմբերի 10-ի հայտարարության, որը ենթադրում է, որ հայկական ուժերը պետք է դուրս բերվեն Ղարաբաղից: Սակայն, այդ փաստաթղթի ստորագրումից հետո Հայաստանի իշխանությունները Ղարաբաղ են ուղարկել ավելի քան 60 զինծառայողների Շիրակի մարզից, այդ զինվորականները դիվերսիաներ են իրականացրել, Ադրբեջանի բանակի զինվորների սպանել, և պետք է պատասխան տան օրենքի առաջ», - ասել է Ջեյհուն Բայրամովը:

Բայրամովը վերստին դժգոհել է, թե հայկական կողմը շարունակում է «շինտեխնիկայի» անվան տակ` ծածուկ կերպով Հայաստանից զինծառայողների ուղարկել Ղարաբաղ: «Դա անթույլատրելի է», - հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարը, ով ավելի վաղ այս հարցով նամակ էր հասցեագրել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին ու գլխավոր վեհաժողովին, սպառնալով, թե նման քայլերը կարող են տանել իրավիճակի ապակայունացման:

Ադրբեջանական կողմի փաստարկները լսելուց հետո ԵԱՀԿ գործող նախագահը կժամանի Երևան, որտեղ վաղը նախատեսված են նրա հանդիպումները Հայաստանի իշխանությունների հետ:

XS
SM
MD
LG